Մայիսի 28-ին Հայաստանը և աշխարհասփյուռ հայությունը նշում է մայիսյան հերոսամարտերի և Հայոց առաջին Հանրապետության 102-ամյակը։
Հազարամյա մեր պատմությունում առանձնահատուկ տեղ զբաղեցնող այս օրը կրում է երկու կարևորագույն խորհուրդ. իր պատմական հայրենիքի մեծ մասում տեղի ունեցած ցեղասպանությունից հետո Սարդարապատում, Ղարաքիլիսայում և Բաշ-Ապարանում կայացավ հայոց ազգային գոյամարտը և մայիսյան հաղթանակներից հետո հայ ժողովուրդը մեկընդմիշտ հաստատեց իր գոյության իրավունքը։
Երկրորդը` ավելի քան հինգ դար ընդմիջումից հետո վերականգնվեց հայոց պետականությունը, և Հայաստանի Հանրապետությունը դարձավ միջազգային հարաբերությունների սուբյեկտ։ Առաջին Հանրապետությունը ձևավորվեց առաջին աշխարհամարտի օրերին և իր կարևոր դերակատարությունն ունեցավ մեր տարածաշրջանում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի գործում՝ ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական ճակատներում։
Հայաստանի Հանրապետությունն ակտիվորեն մասնակցեց և, ի վերջո, մաս կազմեց աշխարհամարտի արդյունքները ձևակերպող միջազգային խաղաղության պայմանագրերին։
Կարդացեք նաև
Հայաստանի առաջին Հանրապետությունը պաշտպանեց հայ ժողովրդի գոյության և ինքնորոշման իրավունքը նաև Արցախում և Արցախի կարգավիճակի խնդիրը ձևակերպեց՝ որպես միջազգային հիմնախնդիր։
Թեև չունենալով երկար կյանք` առաջին Հանրապետությունը հիմք դրեց ներքին և արտաքին քաղաքական ինստիտուտներին, ինչպես նաև ձևավորեց այն ուղենիշները, որոնցով զարգանում է հայկական պետականությունը։
Մայիսի 28-ը, միավորելով ազգային ազատագրական և պետականության կառուցման համար մղվող պայքարը, այսօր էլ հանդիսանում է պետականության և ողջ հայ ժողովրդի առջև կանգնած երկու գերխնդիրների` ինքնիշխանության և անվտանգության իրացման առանցքային խորհրդանիշ։
Շնորհավորում ենք բոլորիս Մայիսյան հերոսամարտերի և Հանրապետության տոնի առթիվ։
ՀՀ ԱԳՆ