Լրահոս
Օրվա լրահոսը

Թառահարի սուր գրառումից հետո փոխնախարարը հանդիպման է հրավիրել

Մայիս 28,2020 12:42

Ճանաչված թառահար Միքայել Ոսկանյանն օրերս գրառում էր կատարել ֆեյսբուքի իր էջում եւ մտահոգություն հայտնել, որ երեք ամսվա ընթացքում կառավարության հակաճգնաժամային քննարկումներում գեթ մեկ ակնարկ չի եղել մշակույթի և արվեստի անկախ գործիչների մասին: Նա նեղսրտել էր, որ զրո վերաբերմունքն իրենց պարկեշտությանն ու նվիրվածության ամենալավ վարձավճարը չէ: Երաժիշտը նշել էր, որ ազատ արվեստագետների եկամտի 95%-ը գոյանում է կենդանի ելույթներից, հյուրախաղերից և տարբեր մշակութային նախագծերից, որոնք մարտի 12-ից առայսօր ամբողջությամբ կանգ են առել՝ ոլորտի մարդկանց թողնելով փակուղում։

Aravot.am-ը Միքայել Ոսկանյանից հետաքրքրվեց, թե փակուղային վիճակից դուրս գալու ի՞նչ լուծում են պատկերացնում: Նա ասաց, որ գրառումից հետո հանդիպում է տեղի ունեցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հետ՝ իր իսկ առաջարկով: Հավելեց, որ պատրաստվում են կազմել այն բոլոր առաջարկները, որոնց միջոցով հնարավորություն կա հակաճգնաժամային պայմաններում որոշակի ակտիվություն դրսեւորել եւ լուծումներ գտնել:

«Ինքներս էլ ենք որոշել մեզ հուզող հարցերի շուրջ քննարկումներ անել, հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ դիտարկել, թե ինչպիսի միջոցներ կարող ենք առաջարկել, որպեսզի խնդիրը ռեալ լուծում գտնի, որովհետեւ ոլորտն իսկապես շատ խոցելի է»,-ասաց մեր զրուցակիցը:

Հարցրինք, թե իր կարծիքով ինչո՞ւ են արվեստի ոլորտի սակավաթիվ մարդիկ արձագանքել իր մտահոգությանը, ինչու են պասիվ: «Երեւի ոլորտի ներկայացուցիչների մեծ մասի բնավորությունից էլ է գալիս: Շատերին ճանաչում եմ՝ ոմանք շուտ բռնկվող են, ոմանք էլ մինչեւ վերջ պայքարող չեն, բայց խնդիրները հաստատ բարձրաձայնում են, մի գուցե ոչ՝ օնլայն հարթակում, բայց կենդանի շփման մեջ հայտնում են մտահոգություն: Ի դեպ, իմ գրառման մեջ հավաքական մտքեր էին զետեղված՝ հաշվի առնելով այս ընթացքում իմ արվեստագետ ընկերների հետ շփումները, տեսնելով իրենց վիճակն ու լսելով իրենց կարծիքները: Ես էլ իրենցից մեկն եմ, դրա համար ես եմ բարձրաձայնել խնդիրը»,-ասաց Միքայել Ոսկանյանը:

Տեղեկացանք, որ Արա Խզմալյանի հետ հանդիպմանը Միքայել Ոսկանյանի հետ ներկա են եղել նույն ոլորտում աշխատող իր կինը՝ Լուսին Ոսկանյանը, սաքսոֆոնահար, արվեստաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Մելքոնյանը եւ դաշնակահար, կոմպոզիտոր Կարեն Մամիկոնյանը: «Շատ արագ ստացվեց հանդիպումը, որոշեցինք գոնե այդ կազմով հանդիպել: Հնարավոր է մեկ շաբաթից կամ տասը օրից ավելի մեծ կազմով հանդիպենք՝ ներգրավելով ավելի լայն սպեկտոր: Իմ բարձրացրած խնդիրը արվեստի բոլոր տեսակներին է վերաբերում, կփորձենք համակարգել ամեն ինչը»,- նշեց երաժիշտը: Ասաց, որ առաջին հանդիպմանը ներկայացել են որոշ առաջարկներով, հետո ամեն ինչ կներկայացնեն ավելի համակարգված :

Ֆեյսբուքյան մեկ այլ գրառման մեջ էլ Միքայել Ոսկանյանը անդրադառնալով փոխնախարարի հետ հանդիպմանը՝ նշել է, որ ջերմ, կառուցողական և արդյունավետ զրույց են ունեցել, որի ընթացքում փորձել են ելքեր գտնել՝ ոլորտի գործունեությունը վերականգնելու առումով. «Քննարկեցինք մի քանի տարբերակների հնարավորություն, օրինակ, բացօթյա համերգների, մարզային մշակութային միջոցառումների կազմակերպում, համերգային (ակումբային) փակ տարածքների գործունեությունը կից կամ այլ բաց տարածքներ տեղափոխելու տարբերակ՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի ինտեգրում, պատմամշակութային արժեք ներկայացնող վայրերի մոտ համերգների իրականացում, օնլայն հարթակում, հեռուստատեսային երաժշտական հաղորդումների ավելացում՝ որպես այլընտրանքային տարբերակ և շատ այլ մտահղացումներ, որոնք կկարողանան ճգնաժամի պայմաններում եկամուտ ապահովել ոլորտի մասնակիցներին»:

Միքայել Ոսկանյանը հավելել է, որ ցանկացած մտահղացում քննարկվել է ՝պարետատան սահմանած ցուցումները հաշվի առնելով, ու ներկայումս սկսում են բոլոր մտահղացումները համակարգել, լայնացնել քննարկման շրջանակը և արդեն գրավոր ձևով ներկայացնել կառավարություն։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Միքայել Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031