Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» համոզված է, որ պիտի լինենք հավատարիմ և արժանի ժառանգները մայիսյան հերոսամարտերում հաղթած մեր նվիրյալ նախնիների

Մայիս 28,2020 12:18

1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հռչակեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծումը: Մայիսի 28-ը դարձավ հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը:

Մայիսի 26-ին Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետությունը փլուզվել էր, հայկական կամավորական ջոկատները՝ համազգային ուժ դարձած մշակների, մտավորականների և հոգևորականների հետ,  Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերում մահու և կենաց կռիվ էին մղում թուրքական կանոնավոր բանակի դեմ՝ կայացնելով  մեր անկախ պետականությունը, ու հաղթեցինք: Ընդամենը երկուս ու կես տարի գոյատևեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, բայց Հայոց պետականության վերականգնման ուղին արդեն բացված էր, ինքնիշխանության ժառանգորդական շղթան՝ վերականգնված:

«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է մեր Առաջին Հանրապետության տոնը Հայաստան, Արցախ և ի Սփյուռս աշխարհի: Առաջին Հանրապետությունը մեր հավաքական անխորտակ ուժի պատմական հաղթանակն էր:

«Ժառանգությունը» համոզված է, որ պիտի լինենք հավատարիմ և արժանի ժառանգները մայիսյան հերոսամարտերում հաղթած մեր նվիրյալ նախնիների: Մեր պատմության փառավոր էջերը մեզ ուժ ու կորով են հաղորդում՝ կերտելու ներկան ու գալիքը Հայոց ինքնիշխան, ժողովրդավար ու միացյալ պետականության:

 

«Ժառանգություն» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031