Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շարունակում են տուժել, բայց արդեն ի վիճակի չեն դիմանալ, քանի որ արդեն մի քանի ամսվա պարտքեր են կուտակել ու պետությունից համաչափ աջակցություն չեն ստացել. «Փաստ»

Մայիս 28,2020 11:35

Օրերս հրապարակված մակրոտնտեսական ցուցանիշներն արտառոց չեն այն իրավիճակում, որը ստեղծվել է մեր երկրում: Այս կարծիքին է տնտեսագետ Էդուարդ Պետրոսյանը, որի դիտարկմամբ՝ պաշտոնական տվյալներով համատարած անկում կա, և ընդամենը մի քանի անհասկանալի դրական ցուցանիշ, որոնք իրականում այդքան էլ դրական չեն:

Նշենք, որ համաձայն հրապարակված թվերի՝ 2020 թ. հունվար- ապրիլ ամիսներին 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 1,7 տոկոսով: Միայն 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ ՏԱՑ-ը նվազել է 17,2 տոկոսով

«Սոցիալապես խոցելի խմբերը հիմնականում անտեսվում են. օրինակ՝ կառավարությունն անտեսեց ժամավճարով աշխատողներին, ինչպես նաև արտագնա աշխատանքի մեկնողներին: Մեծ հաշվով, չկարողացանք շոշափելի աջակցություն ցուցաբերել, ինչի հետևանքով սոցիալական ռիսկերը խորացան: Տնտեսական ռիսկերը նվազեցնելու քայլերը ևս անարդյունավետ էին: Կառավարությունը վարկավորում առաջարկեց բիզնեսի այն հատվածին, որը դրա կարիքը չուներ: Իսկ ով էլ վարկ վերցրեց, շատ դժվարությամբ ստացավ ու այսօր տուժած վիճակում է, մտածում է՝ ո՞նց պիտի փակի, որովհետև բիզնեսն իր ամբողջ հզորությամբ չի աշխատում»»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց տնտեսագետը:

Է. Պետրոսյանը հավելեց, որ կառավարության քայլերը չնպաստեցին նաև աշխատատեղերի պահպանմանը:

Տնտեսական համակարգերի փլուզման շղթայական վտանգը

«Գյուղատնտեսություն, տուրիզմ ու սպասարկման ոլորտ: Սրանք այն ոլորտներն են, որտեղ մեր սոցիալական խոցելի խմբերն են աշխատում, որոնք, սակայն, ոչ մի էական աջակցություն չեն ստացել: Սոցիալական խոցելի խումբ հանդիսացող բնակչության գերակշիռ մեծամասնությունը հնարավորություն չունի օգտվել առանց այդ էլ ոչ էական օգնությունից: Եվ պահի դրությամբ, անգամ տնտեսությունը բացելով, այդ մարդկանց թողել ենք ճակատագրի հույսին. ինչպես կգոյատևեն, կգոյատևեն:

Ընդհանուր առմամբ, ձախողումն ակնհայտ է. չհաջողվեց սոցիալական քաղաքականություն վարել, անօգնական վիճակում թողեցինք սոցիալական խմբերին, տնտեսական առումով էլ չկարողացանք խուսափել այն կորուստներից, որոնցից կարելի էր առնվազն բիզնեսին աջակցելով խուսափել: Բացի այդ, առողջապահական ռիսկերն էլ ավելացան, վարակակիրները շատացան, ու վտանգը մեծացավ: Այս վիճակը ավելի կերկարի: Կարելի է արձանագրել, որ երեք ուղղություններով էլ ձախողում եղավ: Վարակի տարածման երկրորդ ալիքն է գալիս: Այս շրջանում արդեն սնանկացման փուլն է սկսվելու. այսօր լուրջ հարվածի տակ է փոքր ու միջին բիզնեսը, որի մասին կառավարությունը դեռ չի խոսում: Չի ասում՝ ի՞նչ է անելու, ինչպե՞ս է աջակցելու: Մինչդեռ տնտեսության ողնաշարը փոքր և միջին բիզնեսն է, քաղաքացիների մեծ մասն այդ ոլորտներում է գործունեություն ծավալում: Զուգահեռ՝ տուժած հատվածները շարունակում են նույն տեմպերով տուժել:

Թեպետ վնասների ծավալները մի քիչ պակասել են, բայց նրանք, միևնույն է, շարունակում են վնասներ կրել ու կուտակել դրանք: Այս իրավիճակն անխուսափելի սնանկացման առաջ է կանգնեցնելու. եթե ՓՄՁ-ները կրճատվում են, տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացում, մարդկանց բարեկեցության կամ կենսամակարդակի կտրուկ անկում է լինում, ինչին մենք արդեն ականատես ենք լինում:

Հաջորդ փուլը, որը, հավանաբար, արդեն մոտենում է, սկսելու է հարված հասցնել արդեն բանկային համակարգին: Մարդիկ չեն կարողանալու վարկերը սպասարկել, սկսելու են իրենց խնայողությունները սպառել՝ օգտագործել բանկերում պահպանվող ավանդները: Այս ամենը տնտեսական համակարգերի փլուզման շղթայական վտանգ է առաջացնում: Մեծ հաշվով, անգործությունը չի կարող չպատժվել, ինչին, ցավոք, մենք այսօր ականատես ենք լինում»,-նկատեց մեր զրուցակիցը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031