Իջեւանի բժշկական կենտրոնի բուժքույր Քրիստինա Բարխուդարյանը դժվարին իրավիճակում է հայտնվել։ ԲԿ-ի տնօրենի որոշմամբ ընդունարանի ցերեկային ռեժիմով աշխատող բուժքույրերը պետք է աշխատեն հերթափոխով, այսինքն՝ 24-ժամյա գրաֆիկով: Այդ տարբերակով աշխատելու հնարավորություն նա չունի, գործից դուրս գալ նույնպես չի կարող։
Քրիստինան 4 տարի նույն ԲԿ-ում է աշխատում, գինեկոլոգիական բաժանմունքի ընդունարանի բուժքույրն է, մանկաբարձուհին։ 2 ամիս առաջ ծանուցում է ստացել հերթափոխային աշխատանքի անցնելու մասին, սակայն իր խոսքով՝ նախապես ոչ ոք իր հետ չի խոսել՝ հասկանալու արդյո՞ք կարող է այդպես աշխատել։
Տանը մայրիկին սպասող 2 անչափահաս երեխա ունի՝ 7 եւ 9 տարեկան, ամուսինը բանակի սպա է, 15 օր շարունակ սահման է պահում։ Իրենք էլ տեղացի չեն, բարեկամներ այդտեղ չունեն։ Ստացվում է՝ հերթապահության ամբողջ օրը երեխաները մենակ պետք է լինեն։ Մեր զրուցակիցը աշխատանքից դուրս գալ եւս չի կարող․ պարտքեր ունեն։
Տնօրենը, որպես պարզաբանում նշել է, որ աշխատանքային փոփոխություններ են նախատեսվում, բուժքույրերը պետք է հերթափոխով լինեն, իսկ մանկաբարձուհի ընդունարանում անհրաժեշտ չէ, եւ այդ գործն այժմ Քրիստինան չի կատարում։
Կարդացեք նաև
Քրիստինան այս ընթացքում դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն, ստացված պատասխանում նշվել է, որ նման հրաման չի եղել, թե ցերեկային ռեժիմով աշխատող բուժքույրերը պետք է հերթափոխով աշխատեն։
Այս ամենը տնօրենին է ցույց տվել, նա էլ մեկնաբանել է, թե ինքն այդպես է կազմակերպում իր հիվանդանոցի աշխատանքը։
Մեր զրուցակիցը 2 դիպլոմ ունի, այժմ համաձայն է աշխատել նաեւ կադրերի բաժնում, նույնիսկ այլ բաժանմունքում՝ որպես բուժքույր։
Անի ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: