Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միասին դեպի գործ և աշխատանք, դեպի մեր երազանքների Հայաստան. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Մայիս 28,2020 10:05

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Սփյուռքի հպարտ հայություն,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:

1918 թվականի մայիսի 15-ին Ալեքսանդրապոլը գրավելուց հետո, մայիսի 21-ին թուրքական առաջապահ ուժերը հասել էին Սարդարապատ գյուղ և թվում էր՝ նրանք  անխուսափելիորեն մուտք են գործելու էջմիածին ու Երևան, և հայության մնացած հատվածն էլ դատապարտվելու է ոչնչացման:

Դրությունն օրհասական էր: Սակայն պետք էր ոտքի կանգնել՝ ուժերի գերլարումով դիմակայելու մահաբեր գրոհին: Եվ հենց Արամ Մանուկյանը դարձավ հայության ոգու, կամքի ու ուժի մարմնավորումը. միշտ արդարադատ ու վճռական Արամը հուսահատության այդ օրերին ասում էր. «Դեպի գործ և աշխատանք, ու հաղթողը մենք ենք լինելու»:

 

Հուսահատությունը շուտով փոխվեց ոգևորության: Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական մարտերում հայ ժողովուրդը մեկընդմիշտ ամրագրեց իր տեղն աշխարհի քարտեզի վրա. մայիսյան հաղթանակների շնորհիվ է, որ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը:

Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսները դարձան Հայաստանի անկախության կերտողները: Հավերժ փառք Արամ Մանուկյանին, Թովմաս Նազարբեկյանին, Մովսես Սիլիկյանին, Դրոյին, Նժդեհին, Դանիել ու Պողոս Բեկ Փիրումյաններին, եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղային, ողջ հայկական բանակին ու աշխարհազորայիններին, զենքը ձեռքին կռվող հոգևորականներին:

1918 թվականի այսօրվա Եռաբլուրի տարածքում Արամ Մանուկյանի նախաձեռնությամբ աշխատում էին շուրջ 1500 կին ու տղամարդ, նրանք ամրացնում էին դիրքերը. Եռաբլուրը Երևան քաղաքի պաշտպանական վերջնագիծն էր: Սարդարապատի հաղթական ճակատամարտը զերծ պահեց Երևանը գրավվելուց, իսկ Եռաբլուրը տարիներ անց դարձավ յուրատեսակ ուխտատեղի՝ ոգեկոչելու Արցախի ազատության համար կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակը:

Այսօր մենք հավատարիմ ենք Սարդարապատի և Արցախի հաղթական ավանդներին ու պատգամներին, հավատացած ենք՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը՝ արդար, բռնությունից զերծ, առաջխաղացման ու փոփոխության ձգտող ստեղծագործ հասարակությամբ, ուժեղ տնտեսությամբ ու էլ ավելի ուժեղ  ու արդիական բանակով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արամ Մանուկյանը ասում էր. «…դուք պիտի իմանաք, որ ես անոյժ եմ առանց ձեզ: Հերոսը ինքը ժողովուրդն է և եթե ժողովուրդը պատրաստակամություն ունի… աշխատել ու փրկել հայությունը վերահաս կործանումից, ապա իմ ու ինձ նման շատերի աշխատանքը ապարդիւն չի անցնի»:

Ուստի միասին դեպի գործ և աշխատանք, դեպի մեր երազանքների Հայաստան:

Համոզված եմ, Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին այլևս երբեք թույլ չի տա պետականության կամ քաղաքացիության կորուստ, ինքնիշխանության և իրավունքի կորուստ, հավատի և լավատեսության կորուստ:

Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, Հայաստանի դրոշը պետք է հավիտյան ծածանվի՝ խորհրդանշելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը:

Եվ ուրեմն՝ կեցցե՛ Ազատությունը,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,

Կեցցե՛ն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները,

Կեցցե՛ն Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը,

Եւ կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031