Մի քանի հարց ունեմ մեր մեծարգո վարչապետին, պրն Թորոսյանին, պրն պարետին ու մեր իշխանավորներին՝ առհասարակ:
Առաջին հարցը: Եթե փակ տարածքում դիմակ կրելը պարտադիր է նույնիսկ ամուսնական զույգի համար ու էս օրենքը պիտի իրականացվի մաթեմատիկական ճշտությամբ, մի՞թե էդ զույգի բնակարանը փակ տարածք չէ: Էստեղից, համաձայն դասական տրամաբանության, բխում է, որ ամուսնական զույգերը ու, առհասարակ, ընտանիքի բոլոր անդամներն էլ պիտի սեփական տանը դիմակ կրեն: Սա նախ իրագործելի չի, երկրորդն էլ անհեթեթ է, ու եթե էս տրամաբանությունը շարունակենք, կհասնենք ննջասենյակին ու ուրիշ զավեշտների: Ես հասկանում եմ, որ պրն վարչապետը նման բաները նկատի չունի, բայց էդ ժամանակ ինչո՞ւ են իշխանությունները մոգոնել էս անհեթեթ օրենքը ու սա խախտելու համար էլ վիթխարի տուգանք են սահմանել: Փառք Աստծո, որ մեր ոստիկաններն առայժմ ավելի խելամիտ են, քան մեր իշխանավորները: Ցավոք, իմ հարցը ոչ զավեշտ է, ոչ սարկազմ, բայց եթե վարչապետը դիմում է մաթեմատիկական սահմանումներին ու ֆորմալ տրամաբանությանը ու մտնում է հավանականությունների տեսության ոլորտը, էս հարցը դառնում է միանգամայն տրամաբանական, այնինչ, սրա իրագործությունը ողբերգական է ողջ ժողովրդի համար:
Երկրորդ հարցը: Եթե դիմակը տրանսպորտում կիպ նստածներին պաշտպանում է վիրուսից, ինչո՞ւ էդ դիմակը նույն տրանսպորտում կանգնածներին չի պաշտպանում էդ նույն վիրուսից, չէ՞ որ վիրուսը կենդանի օրգանիզմ չի ու անհնար է, որ նստածին կանգնածից տարբերի: Մի՞թե տրամաբանական է մտածելը, որ վիրուսը հենց որ տրանսպորտում կանգնած մարդ է տեսնում, իսկույն հարձակվում է էս կանգնածի վրա, իսկ նստածների նկատմամբ միանգամայն լոյալ է: Ինչո՞ւ են մեր վարչապետն ու մնացած իշխանավորները էս կանոնը համարում էդքան պարտադիր, մանավանդ եթե էս կանոնը վերացնելը միանգամից կլուծի հանրապետության տրանսպորտի աղետալի պակասի հարցը ու չի խոչընդոտի մարդկանց տեղափոխվելուն:
Երրորդ հարցը: Վարչապետը հայտարարեց, թե իբր «իրենց հետազոտությունները ցույց են տվել, որ դիմակ կրողները եւն, եւն…»: Առհասարակ, էս կարգի հետազոտությունները առանց էսպես կոչված պլացեբո խմբի (այսինքն, «կոնտրոլային, հսկիչ» խմբի, դիմակ չկրողների խմբի) վարակվածների հետ համեմատելու, բացարձակ են անիմաստ ու ոչ գիտական են: Խնդրում եմ, որ պրն վարչապետը ասի, թե ո՛ւր են պլացեբո խմբի արդյունքները, ու դրանք միջազգային ո՞ր գիտական հեղինակավոր կազմակերպության հավանությանն են արժանացել: Հետո, էս ի՞նչ հետազոտություններ են, որտե՞ղ են սրանք արվել, ո՞վ է արել, ի՞նչ մեթոդով են արվել, աշխարհի ո՞ր հեղինակավոր գիտական ամսագրերում են հրատարակվել սրանց արդյունքները, ինչո՞ւ են սրանց արդյունքները հակադիր համաշխարհային ճարակաբանությանն ու վիրուսաբանությանը, որոնք պնդում են, որ վիրուսի դեմ պայքարելիս պիտի կենտրոնանան միայն ռիսկային խմբերի վրա, եւ որ դիմակ ու ձեռնոց կրելը իմաստ ունի միայն հայտնաբերված հիվանդների ու բժիշկների համար, եւ որ ցանկալի է, որ երեխաները դպրոց գնան, որ կոլեկտիվ իմունիտետը շուտ մշակվի ու վիրուսի նոր ալիքներ չառաջանան:
Կարդացեք նաև
Չորրորդ հարցը: Ինչո՞ւ մեր վարչապետն ու մնացած իշխանավորները չեն հիշատակում Ճապոնիայի, Բելառուսի, Շվեդիայի ու մնացած է՛ն երկրների փորձը, ովքեր առանց որեւէ կարանտինի ամենայն հավանականությամբ արդեն հաղթահարել են էս ճարակը: Մի՞թե էս երկրների փորձը բացարձակ կարեւոր չի էս համազգային աղետալի ճարակից իբր փրկություն որոնող մեր իշխանավորների համար:
Հինգերորդ հարցը: Լավ կլիներ, որ պրն վարչապետը ասեր, թե գաղտնալսումները թույլատրելի դարձնելու օրենքն ընդունելուց հետո, էդ օրենքը վիրուսի դեմ պայքարին կոնկրետ ի՞նչ տվեց: Օրենքը ինչպե՞ս ու ինչքանո՞վ քչացրեց վիրուսակիրների թիվը:
Մերուժան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.05.2020