Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորերը չկարողացան իշխանության գալ»

Մայիս 28,2020 13:30

Հարցազրույց արցախցի գրող, հրապարակախոս Վարդգես Օվյանի հետ

– Մարտի 24-ին, մեր հարցազրույցի ժամանակ, ասացիր. «Եվ տարիներ շարունակ ընտրապայքարը հիմնականում ընթանում է մի կողմից նոր ուժերի իշխանության գալու, մյուս կողմից՝ պետության ղեկի մոտ գտնվողների կողմից իշխանությունը չտալու, վերարտադրվելու համար»: Ի՞նչ կատարվեց քո գնահատմամբ, եկա՞ն նորերը։

– Փաստորեն, իրականացավ երկրորդ տարբերակը։ Նորերը չկարողացան իշխանության գալ, իշխանությունը մնաց նրանց ձեռքում, որոնք ընտրություններից առաջ իշխանություն էին։ Բայց մի փոքրիկ նրբություն կա… Ընդհանրապես ցանկացած քաղաքական ուժի գործունեության, այսպես ասած՝ օգտակար գործողության գործակիցը, նշաձողի բարձրության աստիճանը կախված է տվյալ կուսակցության, քաղաքական ուժի ղեկավարի մարդկային տեսակից, անձնային որակից, անհատականությունից։ Արցախի խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժ է դարձել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունը, այսինքն՝ մի մարդու գլխավորած քաղաքական ուժ, որի սկզբունքայնությունը, նպատակաուղղվածությունը, քաղաքական համառությունը հայտնի է շատերին։ Կարծում եմ, ներկայիս ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի պատվախնդրությունը՝ ապացուցելու, որ ինքը նախկինի քաղաքականության կույր շարունակողը չէ, գումարվելով Սամվել Բաբայանի գլխավորած քաղաքական ուժին, կարող է զգալի փոփոխություններ արձանագրել ոչ միայն ներքաղաքական կյանքում։

Արդեն խոսվում է կրթությունն անվճար դարձնելու մասին։ Դա անշուշտ լավ է, բայց առաջին հերթին կրթության ոլորտն ամբողջությամբ պիտի «վերանորոգել»։ Ոչ պակաս ռազմավարական նշանակության ամենախայտառակ ոլորտը հենց կրթական համակարգն է։ Չնայած դա կախված է հայաստանյան նույն ոլորտից, որտեղ դրական փոփոխության նշույլ չկա, այլ հակառակն է։

– Նախագահի երդմնակալության օրը սպասելի՞ էր հանրահավաքը՝ «Գանձագող» եւ այլ պաստառներով: Ինչո՞ւ գանձագող, ի՞նչը նկատի ունեին։

– Իրականում արտառոց ոչինչ չի կատարվել։ Շուշիում կայացած բողոքի ցույցը կազմակերպել էին «Արցախի հեղափոխական կուսակցության» երիտասարդ անդամները՝ Արթուր Օսիպյանի գլխավորությամբ, որոնք քարոզարշավի ողջ ընթացքում թե՛ մայրաքաղաքում, թե՛ շրջաններում կազմակերպած ցույցերի ժամանակ նույնն էին ասում եւ հիմնականում պայքարում էին ներկայիս նախագահի թեկնածության դեմ։ Այս անգամ նրանց կարգախոսներն էին՝ «Չենք հավատում», «Կեղծված ընտրություններ», «Ո՛չ ռեժիմին», «Գանձագող» եւ այլն։ Ասում էին՝ «Մենք դեմ ենք երկիրը թալանողներին, բանակը թալանող գեներալներին»… «Գանձագող» ասելով՝ երեւի դա նկատի ունեին։

– Վարդգես, երբ ձեավորվել է նոր ԱԺ-ն, արդյո՞ք քեզ գոհացնում է կազմը: Ի՞նչ ես ակնկալում օրենսդրական փոփոխությունների հետ կապված նոր ԱԺ-ից:

– Օրենսդիր մարմնի վերաբերյալ ես լիովին այլ պատկերացումներ ունեմ։ Կարծում եմ, օրենսդիր մարմնում պետք է լինեն լուրջ կենսափորձ, պատասխանատու ոլորտներում աշխատանքի մեծ փորձ ունեցող միջինից բարձր տարիքի մարդիկ։ Ի վերջո, նրանց գործը օրենսդիր դաշտն է, որտեղ ընդունած յուրաքանչյուր օրենք պետք է թղթի վրա նկարած սովորական նախադասությունների շարան չլինի, այլ՝ մտածված, ծանրութեթեւ արված, աշխարհի տարբեր երկրներում նույն հարցի վերաբերյալ փորձը հաշվի առած, մշակված, ինչպես նաեւ բնակչության ազգային մտածելակերպը, կենսակերպը, մենթալիտետը նկատի ունենալով՝ հստակ ձեւակերպած յուրօրինակ պատվիրան կամ կանոն։

Բայց ունենք այն, ինչ ունենք։ Փաստորեն, կրկնօրինակել են խորհրդարանի երեւանյան տարբերակը։ Հույս ունեմ, որ նոր կառավարություն կազմավորելիս, չեն ընտրի երեւանյան խայտառակ տարբերակը, այլ կընտրեն իրենց ղեկավարած ոլորտներին քաջածանոթ, փորձ, գիտելիք ունեցող, ազնիվ եւ հարգված մարդկանց։

– Արդյո՞ք երեւանյան տրամադրություններն ու ակնկալիքները ազդում են Արցախի վրա։

– Անշուշտ, ազդում են։ Որքան էլ մեզ համարենք անկախ պետություն, իրականում նույն Հայաստան երկրի մի հատվածն ենք, եւ Հայաստանում կատարվող ցանկացած իրադարձություն՝ լավ թե վատ, արձագանք է գտնում Արցախում։ Թերեւս ավելի պակաս, քան ՀՀ այլ հատվածներում, բայց իրոք ազդում են։ Այնպես որ՝ Արցախում հասարակական-քաղաքական կյանքը կախված է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական զարգացումներից։

– Լսել ենք, որ ընտրություններից հետո Սամվել Բաբայանն ու նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել են։ Մոտավորապես հայտնի՞ է, թե ինչո՞ւ, ի՞նչ հարցեր են քննարկել։

– Հանդիպման ընթացքում քննարկել են երկու քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի համադրելիության հարցերը, պայմանավորվել են «Միասնական հայրենիք» եւ «Ազատ հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչներից ձեւավորվել աշխատանքային խումբ՝ հանգամանորեն ուսումնասիրելու եւ մշակելու երկուստեք ընդունելի եւ կիրառելի զարգացման ծրագիր։ Այդ մասին կարծեմ արդեն հուշագիր են ստորագրել։

Ի դեպ, ես կողմնակից եմ քաղաքական ուժերի համագործակցությանը, հատկապես, երբ այդ ուժերից մեկի հետ ժողովուրդը դրական փոփոխությունների մեծ հույսեր էր կապում։ Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցության ծրագրում հատկապես սոցիալական խնդիրներին եւ երկրի անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող կետեր կային։ Ի վերջո, ընտրություններից առաջ ժողովրդին խոստումներ են տվել, չէ՞։ Ավելի տրամաբանական չէ՞ բոլոր հնարավորություններն օգտագործել եւ այդ խոստումների գոնե մի մասն իրականացնել։

– Սամվել Բաբայանի մասին շրջանառվում է մեկ այլ տեղեկություն էլ, որ նշանակվելու է ԱԽ քարտուղար. կա՞ նման բան։

– Այո, նման լուրեր շրջանառվում են։ Բայց քանի դեռ այդ մասին կոնկրետ պաշտոնական պատասխան, նշանակման մասին պաշտոնական տեղեկատվություն չկա, դժվար է ասել, թե որքան է այն իրական կամ ոչ իրական։

Հարցազրույցը՝

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
27.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031