Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես տեխնոլոգիական կրթությամբ երիտասարդներով գրավել օտարերկրյա ներդրողներին

Մայիս 28,2020 12:30

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը «Առավոտի» հետ զրույցում խոսելով բուհի ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա (ԻԿՄ) ֆակուլտետի մասին՝ նշեց, որ համագործակցում են բարձր հեղինակություն ունեցող Պոլ Սաբատիե Թուլուզ 3 համալսարանի հետ: Ապա նկատեց, որ Թուլուզը եվրոպական ավիացիայի եւ օդանավերի օրրան է:

«Կարծում եմ, որ Հայաստանն ունի ոլորտի կարիքը, որովհետեւ բարձր տեխնոլոգիաների կազմակերպություններն իրենց դռներն են բացում այնպիսի երկրներում, որտեղ համապատասխան պոտենցիալ կա: Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի հիմնադրումից ի վեր ես ցանկանում էի, որ կապի մեջ լինենք որակյալ նախագծերի կառավարման ձեռնարկությունների հետ: Հենց դա է պատճառը, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը համագործակցեց Թումոյի հետ՝ կոնվերգենցիայի կենտրոնի նախագծի շուրջ, որը ֆինանսավորվում է ԵՄ կողմից: Նախագիծը հետաքրքրական է այն առումով, որ ուսումնառության առաջին իսկ տարվանից ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու իրական նախագծերի կառավարմանը: Դա ուսանողներին հնարավորություն է տալիս ունենալ ինչպես ակադեմիական կրթություն, այնպես էլ՝ հենց սկզբից մասնակցել նախագծերի կառավարմանը»,-նշեց դոկտոր Լավեստը:

Ռեկտորը տեղեկացրեց, որ օրերս լսել է ԻԿՄ ֆակուլտետի ուսանողների ընթացիկ կիսամյակի նախագծերի պաշտպանությունները, որոնք շատ հասուն էին, եւ հպարտ է, որ այդ ուսանողների կեսը աղջիկներ են, այնինչ հայտնի է, որ տեխնոլոգիաների ոլորտում տղաների ներգրավվածությունն է մեծ: Ժան-Մարկ Լավեստի ձեւակերպմամբ, հենց տեխնոլոգիական կրթությամբ ինտելեկտուալ երիտասարդությունը կարող է գրավել օտարերկրյա ներդրողներին, որոնք ցանկություն կունենան ձեռնարկություններ բացել Հայաստանում:

Մեր զրուցակիցը փաստում է, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների գործատուներից ՏՏ ոլորտը երկրորդ տեղում է, թեեւ ֆակուլտետը նորաբաց է, եւ առայժմ չունեն շրջանավարտներ: «Երբ ստեղծվում է ձեռնարկություն ՏՏ ոլորտում, դուք կարիք ունեք նաեւ իրավաբանների, մարկետոլոգների, նախագծերի կառավարիչների, ֆինանսիստների: ՏՏ ոլորտը Հայաստանում կարիք ունի նաեւ այլ մասնագետների, եւ հենց դա է թույլ տալիս մյուս ֆակուլտետների ուսանողներին եւս պահանջված լինել: Հենց դա է համալսարանի ԴՆԹ-ն՝ պատրաստել մասնագետներ, որոնք շատ արագ կինտեգրվեն աշխատանքային կյանքում եւ կկարողանան ծառայել Հայաստանին՝ անհրաժեշտ ոլորտներում»:

ԻԿՄ ֆակուլտետի դասախոս, կոնվերգենցիայի կենտրոնի եւ ձեռնարկատիրական նախագծերի համակարգող Քրիստինա Սարգսյանը՝ պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ֆակուլտետն ինչ խնդիրներ է լուծում Հայաստանի կրթական շուկայում, եւ որն է նրա առանձնահատկությունը, նշեց. «Խստագույն պահանջարկ կա հենց տեխնոլոգիական թեւի մասնագետների, որոնք օժտված կլինեն համապատասխան կիրառական եւ տեսական խնդիրներով: Վերջերս ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը ուսումնասիրություն է ներկայացրել՝ տարբեր ձեռնարկություններում հարցումներ կատարելով, ըստ այդմ պարզ է դարձել, որ բարձրորակ մասնագետների կարիքը շատ ավելի մեծ է, քան շրջանավարտների թիվը»: Տիկին Սարգսյանը նույնպես շեշտեց, որ ֆակուլտետի գործընկերն է Թուլուզի համալսարանը, եւ բոլոր կրթական ծրագրերը իրականացնում են նրանց հետ՝ զուգակցված:

«ԻԿՄ ֆակուլտետի դասավանդող անձնակազմի 20-25 տոկոսը Թուլուզի համալսարանի դասախոսներն են: Մեր ուսանողները ստանում են դիպլոմ, ավարտելով Թուլուզի համալսարանը՝ գտնվելով Հայաստանում, որովհետեւ ողջ գործընթացը վերահսկվում է թե հայաստանյան համալսարանի կրթության կազմակերպիչների կողմից, թե Թուլուզի համալսարանի ակադեմիական վերահսկողության գործընթացներով: Մեր ֆակուլտետի գլխավոր առանձնահատկություններից մեկը նաեւ արտադրական կողմնորոշումն է առաջին իսկ ուսումնառության տարվանից, դա վերաբերում է հատուկ ինդուստրիալ մասնագիտական նախագծերի իրականացմանը, որոնք մաս են կազմում մեր ուսումնական ծրագրերի: Այդ նախագծերն իրենցից ներկայացնում են տարբեր մակարդակների իրական խնդիրներ՝ կախված ուսանողների գիտելիքների հենքից: Առաջին կուրսի երկրորդ կիսամյակից սկսած մինչեւ ավարտական կուրսը՝ ուսանողներն ամբողջական նախագիծ են իրականացնում ամեն կիսամյակ, որը կուրսային աշխատանք չէ, այլ կոնկրետ խնդիր լուծող նախագիծ է, որը պարունակում է տարբեր մասնագիտական գիտելիքներ, զուգակցում այլ գիտելիքների հետ, նաեւ ճկուն հմտությունների զարգացում, թիմային աշխատանք եւ այլն: Մենք այդ ամենն անում ենք Թումոյի կոնվերգենցիայի կենտրոնի հետ, որտեղ կա հատուկ համալսարանական համագործակցության ենթակառուցվածք՝ Թումո լաբս: Թումո լաբսի շրջանակներում մեր ուսանողներն իրականացնում են մասնագիտական ինդուստրիալ նախագծեր, եւ այդ նախագծերի պաշտպանության արդյունքում վաստակում են ակադեմիական կրեդիտներ: Ընդ որում, ուսանողները հանձնաժողովին են ներկայացնում իրենց աշխատանքները՝ սկսած առաջին կուրսից»:

Քրիստինա Սարգսյանը հավելեց, որ երկրորդ կուրսում մասնագիտական առարկաները դասավանդվում են նաեւ անգլերենով, մասնագիտական նախագիծը մեծ մասամբ իրականացվում է անգլերենով, քանի որ շատ հաճախ օտարերկրացի համակարգողներ են ներգրավված լինում, եւ երրորդ կուրսից սկսած՝ մասնագիտական առարկաների դասավանդումն իրականացվում է նաեւ ֆրանսերենով: Դա նշանակում է, որ ուսանողներն ուսումնառության ընթացքում լիարժեքորեն կարողանում են նաեւ մասնագիտական լեզվին տիրապետել:

ԻԿՄ ֆակուլտետի դասախոսն ընդգծեց, որ երկրորդ կուրսից իրենք մտածում են նաեւ ուսանողների ստեղծած արդյունքի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին: «Ավարտելուց հետո մեր ուսանողները ունեն մի քանի ճանապարհ՝ կարող են գնալ աշխատել արդեն ձեւավորված կազմակերպություններում եւ կատարել պահանջված մասնագիտական աշխատանք, ձեւավորել աշխատատեղեր եւ արդեն իսկ ձեւավորված ստարտափ թիմերով տեղ զբաղեցնել հայաստանյան նոր ձեւավորվող էկոհամակարգի շրջանակներում, եւ երրորդ՝  շնորհիվ նպատակային ուսուցման ծրագրերի, որոնք համատեղ իրականացվում են Թուլուզի համալսարանի եւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի պրոֆեսորադասախոսական եւ գիտական անձնակազմի կողմից, հնարավորություն ստեղծել, որ Հայաստան գան խոշոր մասնագիտական կազմակերպություններ ու բացել մասնաճյուղեր՝ արդեն ձեւավորված մտավոր հատվածի շնորհիվ: Հույս ունենք, որ նոր նախագծեր, նոր մասնաճյուղեր կսկսեն գործել փոքրիկ խմբերի միջոցով, նոր «Սինոփսիսների» եւ այլ խոշոր կազմակերպությունների հիմքեր կդրվեն՝ շնորհիվ մեր լավագույն շրջանավարտների, որոնք վստահություն կներշնչեն նաեւ արտասահմանյան գործընկերներին»,-հայտնեց մեր զրուցակիցը:

Նրանից տեղեկացանք, որ խրախուսելով ուսանողների մասնակցությունը տարբեր միջազգային կամ տեղական մրցույթներին, հնարավորություն է տրվում փորձ ձեռք բերել մրցակցային մթնոլորտում եւ շփվել շնորհալի տարեկիցների հետ:

Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Սարգիս Սարգսյանը, որն այս պահին ծառայում է բանակում, նշեց, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը այն համալսարաններից է, որը բացի այն, որ կարողանում է պահպանել հայկական մշակութային մասը, նաեւ իրենց տալիս է ֆրանսիական ավանդույթների պատկերը. «Մենք սովորում ենք ֆրանսիական մթնոլորտում, իսկ լեզուն ու մշակույթը եւս կարեւոր են: Մենք ոչ միայն մասնակցում ենք մեր դասընթացներին, այլեւ ֆրանկոֆոն տարբեր միջոցառումների՝ սկսած ֆրանսիական դեսպանատուն այցելելով, վերջացրած Ֆրանկոֆոնիայի փառատոնով: Ֆրանսիական համալսարանը մարդկանց խումբ է, որոնք առանձին-առանձին անհատականություններ են, սակայն ամեն մեկը մյուսից սովորելու բան ունի»:

Խոսելով իր ֆակուլտետի մասին՝ Սարգիսը նշում է, որ ուսումնասիրում են այնպիսի առարկաներ, որ ուրիշ ոչ մի համալսարանում չեն անցնում, ասում է՝ ոչ միայն ինֆորմատիկա են անցնում, այլեւ բազմաթիվ աշխատաժողովների, ստարտափ նախագծերի մասնակցում. «Ինքներս ունեցել ենք մեր նախագծերը, մեր ունեցած գիտելիքը եւ մեր ձեռնարկատիրոջ ունակությունները միացել են, եւ ստացվել է որոշակի պատրաստի պրոյեկտ: Համալսարանը հենց առաջին տարվանից սովորեցրել է՝ ինչպես պրոդուկտ տալ, ինչը մեծ առավելություն է: Մենք մասնակցում ենք ՏՏ ֆորումների, ինչը հնարավորություն է տալիս ավելի լայն պատկերացում կազմել, թե ինչ ոլորտում ենք»:

Հրանտ Առաքելյանը, որ ԻԿՄ ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող է, ասում է, որ իրեն յուրահատուկ է զգում, որովհետեւ Ֆրանսիական համալսարանը շնորհում է երկու դիպլոմ, ինչը օգտակար կլինի աշխատանք գտնելիս, տալիս է պրակտիկ եւ կիրառական գիտելիքներ: Հրանտը հիշարժան է համարում անցյալ տարի Թուլուզի համալսարանի դեկանի հետ հանդիպումը: Նա ընդգծում է, որ մտադիր է իր ստացած գիտելիքները ծառայեցնել Հայաստանի տնտեսության մեջ ու երբեք չի մտածում երկրից գնալու մասին:

ԻԿՄ ֆակուլտետի ուսանողուհի Արմինե Գեւորգյանն էլ ասում է, որ համալսարան ընդունվելիս ընդամենը գիտեր, որ երկու դիպլոմ է ստանալու, լեզու է սովորելու եւ շատ գիտելիքներ է ունենալու. «Այստեղ սովորելը սկզբում բարդ էր թվում, բայց շատ կարճ ժամանակահատվածում հաջողվեց հունի մեջ ընկնել: Հանձնարարությունները շատ են, բայց համալսարանը մոտիվացնում է, որ դու սովորես»,-հավելում է նա:

Ուսանողուհին պատմեց, որ հինգ ընկերներով կիրառական գիտելիքների շնորհիվ ստեղծել են «Սմարթի» նախագիծը, որ հեռախոսային հավելված է, մասնակցել են «Մայքրոսոֆթի» մրցույթին ու հայտնվել ֆինալիստների թվում, ու երբ կորոնավիրուսային վիճակներն ավարտվեն, կմեկնեն Բուդապեշտ: «Չեմ կարծում, որ այսպիսի հաջողություններ կարող էի ունենալ հենց առաջին կուրսից եւ գլուխս բարձր ներկայացնել Հայաստանը, եթե այլ բուհում սովորեի»,-ասում է նա: Արմինեն եւս պատրաստվում է գիտելիքները եւ ներուժը ծառայեցնել Հայաստանի հզորացմանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031