Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարձակողական բնույթի զորավարժություններ՝ խաղաղասիրական ելույթների ֆոնին

Մայիս 28,2020 12:00

ԱՄՆ-ն հասարակություններին խաղաղության նախապատրաստելն է շեշտում, իսկ Աննա Հակոբյանն Արցախում պատերազմներից հրաժարվելու քաղաքական կամքն է կարեւորում

Ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ հասարակություններին խաղաղության նախապատրաստելու թեման պարբերաբար շրջանառվում է, թեեւ բանակցող կողմերի դիրքորոշումների առումով, մասնավորապես՝ Ադրբեջանից հնչող հայտարարությունները հիմք ընդունելով, չի կարելի ասել, որ փոխզիջումներով խաղաղության հաստատման հարցում այդ երկրում առհասարակ ընկալում կա:

Անցյալ շաբաթ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին անդրադարձավ ԼՂ հակամարտությանը եւ մասնավորապես հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կիսո՞ւմ է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ: Նա արձանագրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խնդիրն է աջակցել ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին: Այնուհետեւ անդրադառնալով Արցախում ականազերծման աշխատանքները շարունակելու թեմային՝ Թրեյսին հավելեց. «Մենք հպարտ ենք այն աշխատանքներով, որոնք իրականացվել են ականազերծման ծրագրի շրջանակներում, որի ներքո մենք մարդասիրական օժանդակություն ենք ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Մենք կարծում ենք, որ վերջին տարիների ընթացքում շուրջ 70 միլիոնի ներդրումը բավականին հաջողված է եղել։ Եվ այժմ, երբ ականազերծման ուղղությամբ մեր աշխատանքներն ավարտվել են, մենք փորձում ենք մեր ուշադրությունը բեւեռել մեկ այլ ուղղության վրա՝ բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու աշխատանքներին, ինչը կօգնի Մինսկի խմբի աշխատանքներին»։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, փաստացի, այնքան է կարեւորում հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելը, որ այն առանձին գործընթաց է ներկայացնում, որն էլ նրա մատուցմամբ՝ կարող է նպաստել ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքներին:

Հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում կանանց դերն էլ  շեշտվեց Արցախում: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Արցախի նախագահի տիկին Կրիստինե Հարությունյանի ուղեկցությամբ մայիսի 22-ին Ստեփանակերտում հանդիպում անցկացրեց Արցախում ակտիվ հասարակական, քաղաքական եւ մշակութային գործունեություն իրականացնող կանանց հետ:

Աննա Հակոբյանն իր ելույթում, մասնավորապես, նշել էր, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակն է միավորել բոլոր կանանց, որպեսզի նրանք պահանջեն քաղաքական որոշում կայացնողներից, որոնք հիմնականում տղամարդիկ են, տարբեր երկրների միջեւ գոյություն ունեցող հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով: «Մենք որպես կին, մայր, քույր բոլոր իրավունքներն ունենք մեր ամուսիններից պահանջելու խնայել մեր որդիների, եղբայրների, ամուսինների կյանքերը եւ ուժի մրցավազքը մարտի դաշտից տեղափոխել մտքի, ուղեղի դաշտ: Անհնարին ոչինչ չկա, եւ ընդամենը քաղաքական կամք է հարկավոր պատերազմներից հրաժարվելու եւ բոլոր հակամարտությունները բանակցությունների ճանապարհով լուծելու համար: Բանակցությունների սեղանն ավելի պակաս պայքարի դաշտ չէ, ընդ որում՝ այնտեղ բոլորը կարող են լինել հաղթող, ուղղակի ի տարբերություն պատերազմի, այդ ընթացքում կօգտագործվի մարդկային միտքը եւ ոչ թե տարբեր մարդկանց, հազարավոր մարդկանց կյանքերը: Բանակցություններում յուրաքանչյուրը կարող է տանել իր հաղթանակը»,- նշել էր Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ շատերը փորձում են արշավը մեկնաբանել որպես թուլության դրսեւորում, որը թյուր տեսակետ է։ «Համոզված եմ եւ վստահ, որ Արցախի նկատմամբ ռազմական ոտնձգության պարագայում ոչ միայն մեր բանակը, այլեւ մեր ողջ հանրությունն է կանգնելու նրա պաշտպանության դիրքերում` զինվորական, թե քաղաքացիական, տղամարդ, թե կին: Ինչպես ես, այնպես էլ բազմաթիվ կանայք, համոզված եմ, պատրաստ են զենք վերցնել իրենց հայրենիքը եւ երեխաներին պաշտպանելու: Բայց դա ոչ թե հանուն պատերազմի, այլ ապացուցելու համար, որ խաղաղությունն այլընտրանք չունի: Այս համատեքստում կարծում եմ, որ մենք մեր ժամանակի մի շատ կարեւոր մասը կծախսենք «Կանայք հանուն խաղաղության» արշավի վրա, եւ որպես վերը նշված խոսքերի ապացույց, պատրաստվում ենք նաեւ մարտական պատրաստության դասընթացներ անցնել: Մենք որպես կին եւ մայր պետք է ջանք չխնայենք մեր երկրներին եւ տարածաշրջանին տեւական խաղաղություն բերելու համար: Հենց դրան է նվիրված «Կանայք հանուն խաղաղության» արշավը»,- ասել էր Աննա Հակոբյանը: Նշվել էր, որ հանդիպմանը Արցախում ակտիվ գործունեություն ծավալող կանայք շեշտել էին, որ նախաձեռնությունը ողջունում են եւ պատրաստ են աջակցել։

Մինչ միջնորդ պետություններից՝ ԱՄՆ-ն եւ վարչապետի տիկինն Արցախում խոսում եւ կարեւորում են խաղաղ բանակցություններով կարգավորումն ու հասարակություններին խաղաղության նախապատրաստելը՝ Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկեց մայիսի 22-ին՝ Արցախի նախագահի երդմնակալության հաջորդ օրը եւ Ադրբեջանում լայնածավալ զորավարժությունների վերջին օրը:

Արցախի ռազմական գերատեսչությունից հայտնեցին. «Մայիսի 22-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունն արհեստականորեն լարելու անհեռանկար մարտավարությունից: Հակառակ դեպքում՝ առաջնագծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա»,- նշվում էր հաղորդագրությունում։

Իսկ մայիսի 18-22-ը Ադրբեջանի զինված ուժերն անցկացրեցին «լայնածավալ ռազմական զորավարժություններ»՝ մինչեւ 10 հազար զինծառայողի մասնակցությամբ, շուրջ 120 միավոր հրետանու եւ զրահատեխնիկայի, 200 միավոր հրթիռահրետանային համալիրների, 30 միավոր ավիացիայի եւ տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ: Ըստ «Ռազմինֆո»-ի՝ մայիսի 18-22-ը զուգահեռ վարժանքներ է անցկացրել նաեւ Նախիջեւանի առանձին համազորային բանակը: Թեեւ այստեղ պաշտոնապես մասնակից անձնակազմի եւ տեխնիկայի մասին թվեր չէին հրապարակել, սակայն նշել էին, որ կրակային փուլը անցկացրել էին մեխանիզացված կամ մոտոհրաձգային 12 վաշտի եւ հրետանային, ականանետային 18 մարտկոցի կազմով: «Հարկ է նշել նաեւ, որ «մայրցամաքային Ադրբեջանին» զուգահեռ Նախիջեւանում զորավարժության անցկացումը եւս առաջին անգամ չէր, օրինակ՝ 2019-ի մարտին Ադրբեջանում անցկացված խոշոր զորավարժությանը զուգահեռ զորավարժություն էր անում նաեւ Նախիջեւանի առանձին համազորային բանակը»,- հիշեցրել էր կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարությունն անմիջապես դատապարտեց Ադրբեջանի կողմից զորավարժության անցկացումը՝ շեշտելով, որ դրա ընթացքում «Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի եւ կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք եւ կունենա համապատասխան հետեւանքներ»:

«Հատկանշական է, որ զորավարժությունն ունի բացառապես հարձակողական բնույթ, որի ընթացքում խաղարկվելու են հրթիռահրետանային, ավիացիոն, գերճշգրիտ սպառազինության զանգվածային հարվածներ հակառակորդի օպերատիվ խորությամբ», – նշվել էր ՀՀ ՊՆ-ի հայտարարությունում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի եւ միջազգային հանրության ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Ադրբեջանում կայանալիք լայնածավալ զորավարժությունը, ձեւավորված ավանդույթի համաձայն, տեղի է ունենում առանց նախնական ծանուցման, ինչը վստահության եւ անվտանգության ամրապնդման միջոցառում հանդիսացող 2011թ. Վիեննայի փաստաթղթի անտեսման եւ կոպիտ խախտման հերթական դրսեւորում է»: ՀՀ ՊՆ-ն շեշտել էր, որ զորավարժությունը «տեղի է ունենալու համաշխարհային մարտահրավերի՝ COVID-19 համավարակի դեմ միասնական գործողություններով պայքարելու անհրաժեշտության պայմաններում եւ ի հեճուկս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի համաշխարհային զինադադարի հաստատման կոչին»:

Հավելենք նաեւ, որ մայիսի 19-ին Հայաստանի պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվեցին լայնածավալ մարտավարական զորավարժություններ՝ հրթիռների արձակման կայանքների ու «Սմերչ» համակարգերի ներգրավմամբ։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 27.05.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031