Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք Արցախում գինի էինք խմում, Գեւորգ Պետրոսյանը կարողանո՞ւմ է գինի խմել դիմակի միջոցով». Ալեն Սիմոնյան

Մայիս 27,2020 22:22

Այսօր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին հարցրեցինք՝ ԱԺ ղեկավարությունը կարո՞ղ է պատգամավորին նկատողություն անել ու դահլիճից հանել՝ դիմակ չկրելու համար, ունի՞ այդ իրավասությունը, թե՞ չունի: Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը նկատողություն էր արել Էդմոն Մարուքյանին, վերջինս դա անօրինական էր որակել: 

Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «ԱԺ ղեկավար կազմը պետք է ապահովի բնականոն գործընթացը ԱԺ նիստերի դահլիճում: Եթե ԱԺ նիստերի դահլիճում համավարակի պարագայում նման դեպք է տեղի ունենում, մեկն ասում է՝ ես դիմակ չեմ կրում, այսինքն ի՞նչ է սա նշանակում, ոնց որ գաս մեկին հատուկ ուզես վարակել: Միգուցե «ԱԺ կանոնակարգ» օրենքում կոնկրետ գրված չի, որ դիմակ կրելու համար կարող են դա անել, բայց աշխարհը ծանոթ չի COVID-ին, մենք բոլորս առաջին անգամ է, որ այսպես ենք, ֆիլմերում էինք տեսել: Եվ խաղարկել դա, որ գիտեք ինչ,չի կարելի, այո՛, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ պատգամավորները պետք է ապահովագրված լինեն, որովհետեւ մենք ունենք նաեւ տարիքով մեծ պատգամավորներ նիստերի դահլիճում, որոնք այնուամենայնիվ գալիս են, աշխատում են, եւ մենք իրավունք չունենք իրենց ռիսկի ենթարկել»:

Մեր դիտարկմանը՝ Էդմոն Մարուքյանն ասում է, որ ձեր՝ դիմակ կրելու ֆլեշմոբը դերասանություն է, որովհետեւ երբ որ ինքն ասում էր՝ կրեք դիմակ, չէիք անում, հիմա, երբ բանը բանից անցել է, սկսել եք դիմակ կրել՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Դիմակի թեման ամբողջ աշխարհում օր առ օր փոխվում է: ԱՀԿ-ն իրարամերժ հայտարարություններ է արել դիմակի հետ կապված ու մինչեւ հիմա ապացուցված չի, բայց այսօրվա դրությամբ աշխարհի բոլոր երկրներն ասում են, որ դիմակը 90 տոկոսով կանխարգելում է: Ու եթե մենք ունենք հնարավորություն 90 տոկոսով կանխարգելելու, այդ քայլին պետք է գնանք, որովհետեւ խոսքը գնում է մարդկանց կյանքի մասին»:

Ինչ վերաբերվում է դերասանություն անելուն, Ալեն Սիմոնյանն ասաց. «Եթե դերասանության մասին ենք խոսում, ես այդ հարցում պարտվում եմ Էդմոն Մարուքյանին»:

Լրագրողները փոխանցեցին այն ընդդիմադիրների, մասնավորապես՝ Գեւորգ Պետրոսյանի քննադատությունը, որ եթե դիմակը կանխարգելում էր, բա ինչո՞ւ էին Արցախում առանց սոցիալական հեռավորությունը պահելու, առանց դիմակի քեֆ անում, նկարներն էլ հայտնվել են համացանցում: Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ Արցախում այլ իրավական ռեժիմ է, դիմակ կրելը պարտադիր չէ, երկրորդը՝ իրենք գտնվում էին ոչ թե փակ, այլ բաց տարածքում, երրորդը՝ գինի էին խմում, իսկ գինի խմել դիմակով հնարավոր չէ. «Չգիտեմ Գեւորգ Պետրոսյանը կարողանո՞ւմ է գինի խմել դիմակի միջոցով, թե՞ չէ, բայց դա ֆիզիկապես անհնար է անել»:

Ալեն Սիմոնյանը, այնուամենայնիվ, ընդունում էր, որ դա բացթողում է  եղել, որովհետեւ իրենք օրինակ են ծառայում մյուսների համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031