Հիմա իշխանությունները սահմանադրական հանրաքվեն չեղարկելու եւ հարցը ԱԺ տիրույթում լուծելու համար դիմել են Վենետիկի հանձնաժողովին: Մինչդեռ նախկինում նույն հարցով, առանց Վենետիկի հանձնաժողովին դիմելու ուզում էին օրենսդրական ճանապարհով ՍԴ-ի լիազորությունները դադարեցնել: Ու երբ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին հարցրել էինք, թե ինչո՞ւ չեք դիմում նրանց, պատասխանել էր. «Հայաստանի Հանրապետության իշխանությունը հաշվետու է միայն Հայաստանի ժողովրդին, այն մարդկանց, ովքեր մեզ քվեարկել են»:
Այսօր ԱԺ-ում Ալեն Սիմոնյանին հարցրեցինք՝ այդ դեպքում հիմա ինչո՞ւ եք Վենետիկի հանձնաժողովի կարծիքին սպասում ու հանձնաժողովի կարծիքն էլ եք ուզում հաշվի առնել՝ նա պատասխանեց. «Ինձ մոտ զարմանք է առաջանում, որ նման հարց կա, որովհետեւ եթե մենք գնում ենք հանրաքվեի ճանապարհով, որը լիապարփակ ձեւով ՀՀ քաղաքացիների կարծիքն է, այդ դեպքում իրականում որեւիցե մեկին հարցնելու բան չկա ու որեւէ մեկի կարծիքը տակը դնելու չկա, էլ չեմ ասում, որ մենք չենք բացառել նույնիսկ այն ժամանակահատվածում Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցություն ունենալը: Եթե շատ չոր խոսենք, այս պարագայում հանրաքվեի ճանապարհը կորոնավիրուսի պատճառով ուղղակի անհնար է դարձել, եւ ընտրել ենք եւս մեկ ամենաօրինական տարբերակը»:
Լրագրողները հիշեցրեցին, որ իշխանական պատգամավորները Վենետիկի հանձնաժողովին քննադատել էին, ուստի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ այս փուլում կարեւորել եք այդ մարմնի խորհրդատվական կարծիքը՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ հարցը վստահելիության մեջ չէ, պարզապես ստեղծված իրավիճակում ամենաանխոցելի, ամենաօրինական տարբերակը. «Եթե պետք է այդ ընթացքում եւս մի կառույցից էլ հարցնել, կարելի է դա անել»:
Մեր դիտարկմանը, որ Դավիթ Հարությունյանն ասում է՝ այդ հարցը ԱԺ տիրույթում չեք կարող լուծել, հանրաքվեն կարող եք չեղարկել ՍԴ-ի միջոցով, ուղարկել ՍԴ, այն կճանաչի հանրաքվեն հակասահմանադրական՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Իրավիճակն ինչո՞ւ է այդքան բարդացել ու երկար տեւում՝ մի իրավիճակ է ստեղծվել, որ ՍԴ-ն ինչ-որ հարցերի պարագայում պետք է կարծիք տա ինքն իր մասին, բայց ինքն իրեն չի կարող դատել: Երբ մենք խոսում ենք դատական ճգնաժամի մասին, սա նաեւ ճգնաժամի մի մասն է, ՍԴ-ն չի կարող իր մասին բացասական եզրակացություն տա»:
Կարդացեք նաև
Հարցին՝ կա տեսակետ, որ սահմանադրական հանրաքվեն չեղարկելու պատճառը բոլորովին էլ կորոնավիրուսը չէ, հաշվարկ եք արել, պարզել եք, որ կարող է հանրաքվեն տապալեք, դրա համար որոշել եք այս ճանապարհով գնալ՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ դա ծիծաղելի վարկած է. «Մեր համար ամենացանկալի տարբերակը հանրաքվեն է»: Նա ասաց, որ մարդկանց սպասումները լավացել են, բանակի վիճակը լավացել է, ուստի ինչո՞ւ պիտի հանրաքվեն տապալեին:
Ալեն Սիմոնյանն ասաց. «Այդ բաների մասին խոսում են այն անձինք, ովքեր նույնիսկ չհամարձակվեցին «ոչ»-ի ճամբար ստեղծել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ