ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հետաքրքրվեց. «Խոսվում է, որ կապիտալ շինարարությունում մեծ գումար է ներդրվելու, բայց կարծես թե չկա, հունիսն է արդեն: Մենք շատ անգամ ենք ասել խոչընդոտների մասին. շինարարներից պահանջվող բանկային երաշխիքների մասին է խոսքը»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Բանկային երաշխիքի ինստիտուտը չի վերացվելու: Պարզ ասեմ՝ չի վերացվելու, որովհետև նրանք, ովքեր ուզում են, որ դա վերացվի, նրանք լոբինգ են անում, որ Հայաստանում ասֆալտի ատկատների մեխանիզմը շարունակվի: Ես չգիտեմ, կարող է՝ իշխանությանը հիմա ատկատ այլևս չեն տալիս, սկսել են ատկատ տալ ընդդիմությա՞նը, բայց դա չի վերացվելու, ուզում եք օրը հազար անգամ այդ մասին ասեք: Եվ ոչ մի կապիտալ շինարարություն չի կանգել»: Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց, որ «ատկատների» մասին խոսելիս փաստեր պետք է ունենալ. «Այլապես ձեր խոսքն արժեզրկվում է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ