«Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նոր տնօրենի առաջարկով՝ հիմնական ֆոնդերում եղած գրքերը, մամուլը, նյութերը պետք է հանվեն եւ տեղավորվեն ստեղծվելիք գրադարանում, սակայն այդ նյութերն այդ դեպքում կարող են դուրս բերվել թանգարանից»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Աննա Կոստանյանը՝ մատնանշելով ցեղասպանության թանգարան ինստիտուտի կարեւորությունը եւ նշյալ փոփոխության արդյունքում այդ նյութերի պահպանման անվտանգությունը:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Վստահեցնում եմ, որ այդ նյութերի կորստի որևէ վտանգ չկա, թեեւ այս հարցը քաղաքական շահարկման հարց է դարձել: Շահարկողների թվում ձեզ նկատի չունեմ, դուք գիտեք, թե որ շրջանակների մասին է խոսքը: Գրադարանի ստեղծման արդյունքում այդ նյութերը հասանելի կլինեն հետազոտողներին: Ասեմ, որ նախկինում, երբ ֆոնդերը փակ էին, որոշ նյութեր կորել են, կամ այս պահին դրանց մասին տեղեկությունը չի գտնվում: Ուստի եթե որեւէ բան կորի, ապա դա կարող է լինել թե բաց, թե փակ ֆոնդի դեպքում: Ամեն դեպքում, մենք ապահովելու ենք այդ ֆոնդերի անվտանգությունը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ