Լրահոս
Օրվա լրահոսը

Գերասիմ Վարդանյան. «Մեր արյունը չի վաճառվում, պահանջատիրությունը` չի սակարկվում»

Մայիս 27,2020 18:20

Դաշնակցական երիտասարդները ֆլեշմոբ են իրականացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածքում՝ անմար կրակի մոտ:  Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության գործիչ Գերասիմ Վարդանյանը՝ խոսելով ֆլեշմոբի նպատակի մասին, ասաց. «Մենք ոչ միայն  հիշում ենք, այլեւ պահանջում,  պահանջում ենք մեր կորցրած հայրենիքը, մեր տները… Ֆլեշմոբին մասնակիցները՝ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության խումբ ընկերները ժառանգներն են Արեւմտյան Հայաստանի տարբեր նահանգներից, բնակավայրերից ցեղասպանված հայերի՝ Մուշ, Սասուն, Սեբաստիա, Դիարբեքիր…Ֆլեշմոբով նրանք իրենց պահանջն են հայտնել՝ «Ես մշեցի եմ,  Մուշի իմ տունն եմ պահանջում», «Ես  սասունցի եմ, պահանջում եմ իմ տունը Սասունում»…Ֆլեշմոբով ուզում էինք նաեւ ասել, որ թույլ չենք տալու, որ վաճառեն մեր պահանջատիրությունը»:

Գերասիմ Վարդանյանն ընդգծեց, որ այսօր ոմանք խոսում են թուրքերին ներելու, հիշելու, բայց չպահանջելու մասին, մինչդեռ , նրա ձեւակերպմամբ, առանց պահանջի հիշողությունը ոչ մի արժեք չունի. «Մենք էլ չենք ներելու նրանց,ովքեր խոսում են թուրքերին ներելու մասին կամ արդեն ներել են թուրքերին: Մեր արյունը չի վաճառվում, պահանջատիրությունը սակարկման ենթակա չէ: Իսկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը՝ իր տարօրինակ ու անհասկանալի հայացքներով, ոչ ճիշտ պահի  հայտնվել է ՝  սխալ պաշտոնում: Մեր համոզմամբ, նա միանշանակ պետք է հեռանա այդ պաշտոնից»:

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության գործիչն ասաց, որ սկզբում ֆլեշմոբի անդամներին  մոտեցել են ոստիկանները եւ ասել, որ չեն կարող թույլ տալ, ու անհրաժեշտ է ցեղասպանության թանգարանի տնօրենից թույլտվություն խնդրել, հետո ոստիկանները կապվել են նաեւ իրենց անմիջական ղեկավարի հետ, եւ ի վերջո երիտասարդները կարողացել են իրականացնել ֆլեշմոբը:

«Մենք ասացինք, որ եթե թույլ են  տալիս, որ թուրքը գա ու անմար կրակի մոտ ծաղրի  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ու  դեռ տեսանյութն էլ աշխարհով մեկ տարածի, ուրեմն ոչ ոք չի կարող արգելել, որ պահանջատեր երիտասարդները նույն տարածքում  ֆլեշմոբ իրականացնեն»,-ասաց մեր զրուցակիցը:

Գերասիմ Վարդանյանը շեշտեց, որ հետեւողական են լինելու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ եղած զարգացումներին, եւ եթե այժմ ելնելով արտակարգ դրության իրավիճակից՝ ուղղակի իրազեկման միջոցառումներ են իրականացնում, ապա արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հանդես են գալու ավելի կոնկրետ գործողություններով. «Իսկ Հարություն Մարությանը, որ իր վարքագծով, հայտարարություններով եւ գործունեությամբ արդեն ապացուցել է, որ այս պաշտոնում գտնվելու իրավունք չունի, անպայման պահանջելու ենք՝ հեռանա»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Գերասիմ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031