«Միջազգային լրատվամիջոցներում Ադրբեջանն ակտիվացել է եւ հակահայկական բովանդակության հայտարարություններ է անում: Դրանցից մեկում Գերմանիայի քաղաքացիներին կոչ էր արվում Արցախ չայցելել, այլապես կենթարկվեն պատասխանատվության: Չեմ հիշում դեպք, երբ մեր բարեկամ որեւէ երկրի ԱԳՆ-ի կայքում նման հոդված լիներ»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Ողջունում եմ, որ հետաքրքրված եք, բայց կարծես թե դա նորություն է ձեզ համար: Այդ հոդվածները ոչ թե շատացել են, այլ շատ են եւ շատ են լինելու, որովհետեւ իրավիճակն է այդպիսին»:
Նախարարի խոսքով. «Սրա հետ ամեն օր ենք առնչվում, եւ զարմանալ պետք չէ, դա նոր չի սկսվել եւ վաղը չի ավարտվելու: Երեւի չեք նկատել այն հոդվածը, որը հակադարձում էր ձեր նշած հոդվածին, եւ այն գրվել է ԱՄՆ քաղաքացու կողմից, որը փախստական է Ադրբեջանում: Գերմանիայի դիրքորոշումն Արցախի հարցում հայտնի է, եւ պետք չէ հարցի մասին ճանապարհորդելու արգելքի մասին հայտարարություններով դատել: Քարոզչական դաշտում մրցակցությունը մշտական է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ