«Շինարարական որոշ ընկերությունների աշխատանքը ընդհատվել է, որովհետեւ չի իրականացվում տեխնիկական վերահսկողություն: Դրա պատճառն էլ այն է, որ որոշ ընկերություններ բանկային երաշխիքի կեղծ փաստաթղթեր են ներկայացրել, ինչպես «Ռաշըն վոյաժ»-ը: Այդ ընկերության տնօրենը ազգակցական կապ ունի Ղալումյանների ընտանիքի հետ, իսկ Իջեւանի համայնքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի հետ վարչապետը մտերիմ է, նա վարչապետի քավորն է: Քրեական գործ հարուցվա՞ծ է»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նիկոլ Փաշինյանը նախ տեղեկացրեց՝ այդ դեպքը բացահայտել է վարչապետին ենթակա պետական վերահսկողական ծառայությունը. «Գործերն ուղարկվել են ԱԱԾ: Կասկած չի կարող լինել, որ այս գործը կարժանանա պատշաճ քննության: Ինչ վերաբերում է կապերին, ՀՀ-ն փոքր է, եւ եթե շատ խորանանք, հնարավոր է, որ ձեր ընտանիքի հետ էլ կապեր գտնվեն, եւ ես անպայման կհանձնարարեմ այդ հարցը գտնել: ՀՀ-ում քիչ են մարդիկ, որոնք կապերով իրար հետ կապված չեն: Եթե ակնարկում եք, որ կեղծ փաստաթղթերը կարող են իշխանության հետ կապ ունենալ, սխալ պատկերացում ունեք իշխանության մասին»:
Ապա Փաշինյանը շեշտեց. «Այս երկրում իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության, եւ կասկած չունենաք, որ ձեր քեռու տղան էլ օրենքը խախտելու դեպքում կենթարկվի պատասխանատվության: Ձեր՝ ընդդիմադիր պատգամավոր լինելը նրան չի փրկի նման ճակատագրից: Սա բոլորի քեռու տղաներին, քավորներին ու սանիկներին է վերաբերում»:
Անի Սամսոնյանն արձագանքեց. «Ես ձեզ չեմ դիմել իմ ազգականներից որեւէ մեկի հարցով, որ նրան փրկեք: Ես մի գործի մասին էի խոսում, որի վերաբերյալ ազգակցական կապը հաստատել է Հայկ Ղալումյանը: Կարծում եմ՝ գիտեք, որ Իջեւանի ճանապարհների նորոգման ՓԲԸ է եղել, որը չարաշահումներ է թույլ տվել եւ կրկին կապված է Ղալումյանների հետ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ