«Էդգար Սողոմոնյանի վերջնական ցուցմունքից, հարցաքննությունից հետո ուզում եմ հայտարարել, որ իմ կյանքի անվտանգության հարցը Ձեզնից է կախված և Փաշինյան Նիկոլից: Եթե իմ կյանքին վտանգ սպառնա, ձեզ վրա է պատասխանատվությունը մնալու: Մնացած փակագծերը կբացեմ»,- ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» 10 անդամի գործով նիստին հայտարարեց ամբաստանյալ Արմեն Բիլյանը՝ դիմելով նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին:
Սասնա Ծռեր խմբավորման մի խումբ անդամների պաշտպան, փաստաբան Տիգրան Եգորյանը միջնորդություն ներկայացրեց, որ դատական նիստի ընթացքում հարցաքննվեն այլ գործերով անցնող այս գործին առնչվող ամբաստանյալները:
Ամբաստանյալ Արմեն Բիլյանը դեմ արտահայտվեց Տիգրան Եգորյանի միջնորդությանը՝ պնդելով, թե այդ դեպքում կնշանակի, որ դատավարությունը ևս չորս տարի էլ ձգվում է:
Ամբաստանյալներ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանն ու Սմբատ Բարսեղյանը կողմ արտահայտվեցին: Պավել Մանուկյանը հայտարարեց. «Ես կողմ եմ արդար դատավարությանը, և թող բոլորը գան, ասեն, թե ինչին են ականատես եղել: Ես կողմ եմ, որ բոլորն էլ գան դատարան, ով, ինչ տեսել է, թող ասի»:
Կարդացեք նաև
Մեղադրող դատախազն ասաց, որ առարկում է այդ միջնորդությանը և պատճառաբանեց՝ օրինակ՝ Վարդգես Գևորգյանին, Կարո Եղնուկյանին հարցաքննեն, որ ի՞նչ ասեն:
Դատարանը որոշեց մերժել պաշտպանի միջնորդությունը, սակայն նախագահող դատավորն ասաց, որ պաշտպանն իր ձեռքի տակ ունեցած գործիքակազմով կարող է հարցման ենթարկել մարդկանց, և եթե լինեն տվյալներ, որոնք ցույց կտան ինչ-ինչ նոր հանգամանքներ, ապա դրանց մասին պաշտպանը թող տեղյակ պահի դատարանին, և եթե պարզվի, որ դրանք բավարար լուսաբանում չեն ստացել, ապա այս միջնորդությունը ևս մեկ անգամ կքննարկենք:
Դատական նիստի ավարտին Արմեն Բիլյանը ցանկացավ հայտարարություն անել: Նա նշեց. «Էդգար Սողոմոնյանի վերջնական ցուցմունքից, հարցաքննությունից հետո ուզում եմ հայտարարել, որ իմ կյանքի անվտանգության հարցը Ձեզնից է կախված և Փաշինյան Նիկոլից: Եթե իմ կյանքին վտանգ սպառնա, ձեզ վրա է պատասխանատվությունը մնալու: Մնացած փակագծերը կբացեմ»:
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն ի պատասխան ասաց՝ այդպես հայտարարելով չէ ու նշեց` եթե գտնում է, որ ողջամտորեն իրեն վտանգ է սպառնում, ապա պետք է պատշաճ կերպով բարձրաձայնի դատարանում, և ինքն էլ պարտավոր է կիրառել պաշտպանական միջոցներ, եթե կան: Արմեն Բիլյանն արձագանքեց. «Այսօր շատ խայտառակ փաստեր դուրս եկան, որ Էդիկ Հակոբյանը, ծեծելով և օրենքը բռնաբարելով, խայտառակ ձևով ցուցմունք է կորզել, թաքցրել հանցագործությունը, և նրանք ընդունակ են ամեն ինչի՝ հանցագործությունը կոծկելու համար»:
Դատական նիստն ավարտվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 11:00-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ