Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիներին և առանձին տնտեսավարողներին` հաղթահարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների ազդեցությունը մրցունակ գործարար ծրագրեր իրագործելու եղանակով: Օժանդակության նպատակն է` ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել`«զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը, շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը:
Միջոցառման շահառու են հանդիսանում ՀՀ տարածքում գրանցված այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ` մանրածախ և մեծածախ ոլորտում գործունեությունը), որոնք` համապատասխանում են «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին, աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվող հարկային և վարկային պատմություն, գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում, չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» (ՆԱԿ) հիմնադրամի շահառու, եթե դիմել են սույն միջոցառման սկսնակների համար աջակցությանը, մինչև աջակցության հայտ ներկայացնելու օրը առնվազն 24 ամիսների ընթացքում հանդիսացել են ՆԱԿ-ի միջոցով իրականացվող պետական ֆինանսական աջակցության շահառու, եթե դիմել են միջոցառման նորարարական զարգացման աջակցությանը:
Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների 75 տոկոսը հատկացվում է որպես 8 տարվա մարման ժամկետով անտոկոս փոխառություն, իսկ 25 տոկոսը՝ որպես դրամաշնորհ։ Միջոցառումն իրականացվում է ՆԱԿ հիմնադրամի միջոցով` արտոնյալ վարկավորման նպատակով երաշխիքների տրամադրման եղանակով:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. ««Զրոյից» բիզնես ստեղծելու միջանցք ապահովելը քաղաքացիների համար «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի կարևորագույն կետերից մեկն է: Հակաճգնաժամային համատեքստում այս որոշման ընդունումը շատ կարևոր է»:
Կառավարության մեկ այլ որոշմամբ նախատեսվում է աջակցություն տրամադրել մարզերում բժշկի ցուցումով ինքնամեկուսացված սոցիալապես խոցելի խմբերին՝ սննդամթերք ու սանիտարահիգիենիկ պարագաներ հատկացնելով: Ըստ այդմ՝ առաջարկվում է 50 մլն դրամ հատկացնել ՀՀ մարզերին` յուրաքանչյուրին 5-ական մլն դրամ: Կապահովվի աջակցության տեղափոխման, պահեստավորման և բաշխման աշխատանքներն՝ ըստ մարզերի:
Օրենսդրական նախաձեռնություններ. կապահովվի տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկում
Հավանությանն է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի նպատակը կադաստրային արժեքների հիման անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգից անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա հաշվարկվող անշարժ գույքի հարկի համակարգին անցում կատարելը և դրանով իսկ տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկում ապահովելն է։
Հիմնավորման համաձայն՝ գույքահարկի համակարգային փոփոխությունների շրջանակներում ուսումնասիրվել և վերլուծվել են հանրապետությունում գործող գույքային միավորների բոլոր խմբերի գծով հարկային պարտավորությունները: Բոլոր այդ խմբերի համար մշակվել են հարկման դրույքաչափերի և սանդղակների մինչև հինգ տարբերակներ։ Համակարգային փոփոխության շրջանակում նախատեսվում է սահմանել նաև, որ անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում ոչ թե հողի և դրա վրա կառուցված շինությունների կադաստրային արժեքներն առանձին-առանձին, այլ այդ գույքային միավորի՝ որպես հողի և դրա բարելավումների (հողի վրա կառուցված շինությունների) շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հանրագումարը: Առաջարկվում է նաև սահմանել անշարժ գույքի հարկով հարկման բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաև նոր դրույքաչափեր: Նախատեսվում է վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0․05 տոկոս հարկման դրույքաչափ, որը կնպաստի սեփականության իրավունքի վերաիմաստավորմանը և հարկերի վճարման մշակույթի ամրապնդմանը: Հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար հարկման նոր համակարգին առաջարկվում է անցում կատարել չորս տարիների ընթացքում։ Մասնավորապես, սահմանվել է, որ 2021 թ. վճարման ենթակա կլինի անշարժ գույքի նոր արժեքի և նոր դրույքաչափերի հիման վրա հաշվարկված հարկի 25 տոկոսը, 2022 թ.-ին՝ 50 տոկոսը, 2023 թ.-ին՝ 75 տոկոսը, և նոր համակարգը ամբողջությամբ կներդրվի 2024 թ.-ից: Նախագծի ընդունման և կիրառության արդյունքում նախատեսվում է տեսանելի հարստության կամ ունեցվածքի համար սահմանել ավելի արդարացի հարկային բեռ՝ ապահովելով պետության՝ վերաբաշխման գործառույթի արդյունավետ իրականացումը։ Առաջարկվող բարեփոխումների արդյունքում ակնկալվում է բարձրացնել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կայունության ու ֆինանսական անկախության մակարդակը։
Նիկոլ Փաշինյանը նախագծի վերաբերյալ մի քանի նկատառումներ է արել: «Սա կարևորագույն ռեֆորմներից մեկն է, որ մեր կառավարությունը ստանձնում է իրականացնել։ Այս ռեֆորմն իրականացվում է երկարատև և մանրամասն քննարկումների արդյունքում։ Ընդ որում, մենք սա հարկային համակարգի բարեփոխումների շարքի մեջ ենք դիտարկում։ Այս փոփոխությունը՝ այո, ուղղակի կապ ունի եկամտահարկի համահարթեցման հետ։ Այն ժամանակ քննադատությունները շատ էր, շատ էր խոսվում, որ համահարթ եկամտահարկ սահմանելով սոցիալական արդարության սկզբունքը խախտում ենք: Մենք այն ժամանակ ասացինք, որ այդ խնդիրը կլուծենք գույքահարկի համակարգի բարեփոխումների արդյունքում: Այստեղ իմ կարծիքով տեղի են ունենում մի շարք կարևոր հեղափոխական նշանակության փոփոխություններ: Առաջինը՝ ընդհանրապես չհարկվող անշարժ գույքի հասկացությունը վերացվում է։ Հայաստանում կար իրավիճակ, որ մինչեւ 3 միլիոն դրամանոց գույքի համար հարկ չէր վճարվում։ Մենք արձանագրում ենք, որ սա սկզբունքային սխալ մոտեցում է, որովհետև քաղաքացի-պետություն հարաբերությունը պետք է կարգավորվի կոնկրետ բանաձևով։ Այդ կոնկրետ բանաձևը նշանակում է նաև համընդհանուր վերաբերմունք՝ պետական և տեղական բյուջեի նկատմամբ։ Մեր ամենակարևոր սկզբունքային փոփոխությունը, որ մեր մտածողության մեջ պետք է տեղի ունենա՝ պետական բյուջեի նկատմամբ մեր վերաբերմունքն է: Մի քիչ կարող է կոպիտ հնչի, բայց սովորաբար պետական բյուջեի նկատմամբ 2 վերաբերմունք կա, երբ պետական համակարգը դա համարում է իրենը, իսկ հանրությունը բյուջե վճարած ամեն կոպեկ համարում է, ըստ էության, կորսված փող։ Սա ունի՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետական բյուջեին պետք է վերաբերել այնպես՝ ինչպես ընտանեկան բյուջեին։
Երկրորդ, ըստ վարչապետի, այս համատեքստում չհարկվող շեմի հասկացությունը պետք է վերանա: «Մենք ասում ենք, եթե ցածրարժեք է մարդու գույքը, թող տարեկան 100 դրամ վճարի: Ֆիսկալ առումով սա որևէ նշանակություն չունեցող հարաբերություն է, բայց հոգեբանական, քաղաքական և քաղաքացիական առումով սա հսկայական նշանակություն ունեցող հարաբերություն է, երբ ամեն քաղաքացու հարաբերությունը պետության հետ նույնն է: Ընդհանուր առմամբ՝ այո, գույքահարկը ավելանալու է, և առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք դղյակներ, ապարանքներ և այլն։ Եթե նայենք այսօր այդ մեծադղիրդ առանձնատներն ինչ գույքահարկ են վճարում, ըստ էության՝ սիմվոլիկ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա շատ կարևոր դեր է խաղում Հայաստանում քաղաքաշինության կուլտուրայի զարգացման գործում։
Վարչապետը նշել է, որ այժմ մարդիկ տներ են կառուցում առանց որևէ հարակից գործոն հաշվի առնելու․ «Մտածում են՝ ինչքան մեծ, ինչքան բարձր, ինչքան ուրիշներին ճնշող՝ այնքան ավելի լավ, այնքան իրենց սոցիալական դերը մեծանում է։ Եթե նույնիսկ այդպես՝ ուրեմն մյուսներին պետք է վճարեն այդպիսի սեփականությունների տնօրինողները, որպեսզի այստեղ իրավունքների և պարտականությունների միջև ճիշտ բալանս տեղի ունենա»։
Կառավարության ղեկավարը, ընդգծելով 4 փուլային հարկային բարեփոխումների համակարգի ներդրման կարևորությունը, նշել է. «Ճգնաժամային այս ժամանակաշրջանում՝ առաջին տարում մոտավորապես 600 հազար քաղաքացու գույքահարկը կնվազի, հաջորդ տարվանից կսկսի կամաց-կամաց ավելանալ: 2021 թվականին մենք ճգնաժամային տրամաբանության մեջ կլինենք գույքահարկի առումով։ Հետագայում համոզված եմ, որ տնտեսական աճի տեմպը կվերականգնվի և այդ բարձրացումները կլինեն մեր իրավիճակին համարժեք»։
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծով առաջարկվում է Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածում կասեցման ազդեցությունից բացառություն նախատեսել այլ անձանց կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտերի կամ զուգորդող վարչական ակտի բարենպաստ մասի վիճարկման դեպքերի համար։ Արդյունքում երրորդ անձանց կողմից այլ անձին ուղղված վարչական ակտի վիճարկումն ինքնաբերաբար չի հանգեցնի վարչական ակտի կատարման կասեցման։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է համապատասխան փոփոխություններ կատարել նաև օրենքի 74-րդ հոդվածում։ Մասնավորապես՝ կասեցման ազդեցությունից բացառություն է նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից բողոքարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ կամ բարենպաստ դրույթներ պարունակող զուգորդող վարչական ակտ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս դատարանների վարույթներում կասեցված վիճակում են գտնվում բազմաթիվ վարչական ակտեր, այդ թվում՝ շինարարական թույլտվություններ՝ նախատեսվում է կարգավորումները տարածել նաև դատարանների վարույթում գտնվող գործերի նկատմամբ։ Նման մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս միայն Երևան քաղաքում կասեցված վիճակում են գտնվող մոտ 50 օբյեկտների շինարարական աշխատանքներ, որոնց շարքում մեծ թիվ են կազմում բազմաբնակարան բնակելի շինությունների կառուցապատման աշխատանքների կասեցման դեպքերը (թվով 9)։ Ուստի օրենքի նպատակներն ամբողջությամբ կարող են իրագործվել միայն նման մոտեցման դեպքում։ Նախատեսվող կարգավորումները հնարավորություն կտան նաև ապահովելու ներդրումների և ներդրումային ծրագրերի անխոչընդոտ իրականացումը:
Ինչպես նշել է ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը, խնդիրն առաջացել է շինարարական թույլտվությունների վիճարկումից, որի հետևանքով շինարարական աշխատանքները կասեցվում են. մոտ 400-500 մլն դոլարի շինարարական աշխատանքներ այս պահին կասեցված են:
«Ստացվում է, որ օրենսգրքի 83-դ հոդվածի կիրառումը մի շարք դեպքերում հանգեցնում է վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող երրորդ անձանց կողմից իրենց դատավարական իրավունքների չարաշահման, իսկ վարչական ակտի հասցեատիրոջ համար առկա չէ իրավունքների պաշտպանության որևէ միջոց: Վերջինս չի կարող միջնորդել կասեցնելու կամ այլ գործողություններ ձեռնարկելու»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ բացի այդ, շատ դեպքերում այդ հայցերն անհիմն են և շատ հաճախ են մերժվում:
Օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Անդրադառնալով օրինագծերի փաթեթին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն բավական երկար ու տխուր պատմություն ունի։ «100-ավոր դեպքեր ունենք, երբ ընթացող շինարարությունների վերաբերյալ մոտակայքում որևէ գործունեության տեսակ ունեցող ցանկացած մեկը վարչական դատարան է դիմում, և այդ փաստի բերումով շինարարությունն ամբողջությամբ կասեցվում է: Այդպիսի 450 մլն դոլարի շինարարություն կա, և այդ շինարարությունների սեփականատերերը այս երկու տարիների ընթացքում բազմիցս դիմել ինձ՝ օգնելու այդ հարցով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ երկարատև քննարկումների և աշխատանքի արդյունքում որոշվել է, որ շինարարությունն անհիմն կասեցնելու հնարավորություն չտրվի: Այսինքն՝ ոչ թե ինքնաբերաբար են կասեցվելու շինարարությունները, այլ ամեն առանձին դեպք քննարկվելու է, և եթե հիմնավոր է բողոքը, այդ դեպքում է կասեցվելու: «Այո՛, օր առաջ պետք է այս նախագիծն ընդունել, որովհետև, մանավանդ ճգնաժամի պայմաններում, սա կապիտալ շինարարության խթանման մեծ ազդակ կլինի»,-ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ այս նախագծի ընդունմամբ հազարավոր աշխատատեղեր կստեղծվեն։
Կլուծվի Ադրբեջանից բռնագաղթած ևս 185 ընտանիքների բնակարանի հարցը
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել «ՀՀ տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» որոշման մեջ, որով սահմանվում է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը։ Որոշման նպատակն է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովումը։ Հիմնավորման համաձայն՝ այն նախատեսված է իրականացնել փուլային ձևով, մասնավորապես՝ արդեն իսկ ընթացքի մեջ է հնարավոր 112 ընտանիքների բնակարաններով ապահովման միջոցառումը։ Ըստ այդմ՝ 2020 թ.-ին բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը նախատեսվում է իրականացնել արդեն Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում (185 ընտանիք)։ Միգրացիոն ծառայությանը բնակարանների գնման վկայագրերի տրամադրման նպատակով նախատեսված է 2,169,750 հազ. դրամ։ Փոփոխություններով նախատեսվել են կարգավորումներ՝ կիրարկման ժամանակ ի հայտ եկած որոշ խնդիրներ, մասնավորապես աջակցությունից օգտվելու անձանց շրջանակը հստակեցնելու համար: Այսպիսով, առաջարկվում է սահմանել Երևան քաղաքի վարչական շրջանները, որտեղ իրականացվելու է բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը։ Հաշվի առնելով առաջին փուլի ընթացքում պարզ դարձած այն հանգամանքը, որ առկա են անձինք, որոնց ՀՀ քաղաքացիություն ձեռքբերումը բավականին երկարատև գործընթաց է, առաջարկվում է սահմանել, որ ԲԳՎ կարող են ձեռքբերել նաև այն դեպքում, երբ սկսել են ՀՀ քաղաքացիության ձեռքբերման գործընթացը՝ պայմանով՝ կարող են օգտվել տրամադրված ԲԳՎ-ից միայն վերջնական քաղաքացիության ձեռքբերման դեպքում։
Բարեփոխումներ՝ քաղաքաշինության ոլորտում
ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարման և քաղաքաշինության ոլորտում տեղ գտած թերությունների շտկման, գործող քաղաքաշինական նորմերի արդիականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության իրական (շուկայական) արժեքի ձևավորման չհիմնավորված խոչընդոտները բացառելուն: Ըստ այդմ, մասնավորապես, առաջարկվում է տեխնիկական հսկողության (խորհրդատվական) ծառայության շուկայական արժեքը ձևավորել առանց նորմատիվային սահմանափակումների (բացառությամբ մեկ անձից գնում կատարելու սահմանափակ դեպքերի): Տեխնիկական հսկողության ծառայության արժեքը պետք է ձևավորվի՝ ելնելով շինարարական աշխատանքների բնույթից, բարդությունից և ծավալից, գործող շուկայական գնին և/կամ անալոգիայի սկզբունքով ընտրված մեկ այլ ներդրումային ծրագրի նկատմամբ իրականացված հսկողության փաստացի ծախսերին համապատասխան, անկախ ծրագրի ֆինանսավորման աղբյուրից:
Անդրադառնալով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քաղաքաշինության ոլորտին վերաբերող կառավարության այս և նախորդ նիստի ժամանակ ընդունված որոշումների արդյունքում տեխնիկական հսկողությունը ֆորմալ գործունեությունից վեր է ածվում իրական գործունեության:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ