Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» տնօրեն Հարություն Մարությանը չէր ներկայացել իր դեմ հայցով դատական նիստին

Մայիս 27,2020 16:55

ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում այսօր դատավոր Ժաննա Ասատրյանի նախագահությամբ կայացավ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» հեռացված գիտաշխատող, թուրքագետ Անի Ոսկանյանն ընդդեմ տնօրեն Հարություն Մարությանի դատական նախնական նիստը:

Անի Ոսկանյանի շահերը ներկայացնող փաստաբան Արամազդ Կիվիրյանն Aravot.am-ին ասաց. «Մենք բողոքարկում ենք տնօրենի այն հրամանը, որով աշխատանքից Անի Ոսկանյանը ազատվել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում զբաղեցրած պաշտոնից: Մեր խորին համոզմամբ, իմ վստահորդի՝ բուն աշխատանքից ազատելու պատճառ իրապես հանդիսանում են այն դիրքորոշումները, որ ինքը արտահայտել է թանգարանի գործունեության վերաբերյալ: Ինչ վերաբերում է իրավական հիմքերին եւ հիմնավորումներին, այդ հրամանը իրավական հիմքից զուրկ է, քանի որ հրամանը կայացվել է օրենքի խախտմամբ՝ մասնավորապես Աշխատանքային օրենսգրքի այն դրույթի, որը ենթարկվել է փոփոխության: Տնօրինությունը, ըստ ամենայնի, ծանոթ չլինելով այդ փոփոխություններին, աշխատանքային պայմանագիրը լուծել է անօրինական: Ընդ որում, այն պայմաններում, երբ իմ վստահորդը նաեւ գտնվել է անաշխատունակության մեջ եւ ներկայացրել է նաեւ անաշխատունակության թերթիկ: Իսկ նման պայմաններում ընդհանրապես բացառվում էր իմ վստահորդին աշխատանքից ազատելը: Մենք գտնում ենք, որ այդ հրամանը անօրինաչափ է եւ ենթակա է անվավեր ճանաչվելու»:

Հայցվոր Անի Ոսկանյանը հավելեց, որ իր պահանջը աշխատանքի վերականգնվելն է եւ այս բոլոր ամիսների (2019 թ. դեկտեմբերից) ընթացքում, որ խախտվել են իր աշխատանքային իրավունքները, չստացած աշխատավարձի վերականգնում-հատուցում եւ համապատասխան տույժեր:

Դատական նիստն սկսվեց առանց պատասխանող կողմի ներկայության, թեեւ դատավոր Ժաննա Ասատրյանը հայցվոր կողմին տեղեկացրեց, որ պատասխանող կողմը պատշաճ ձեւով իրազեկվել է նշանակված դատական նիստի մասին, սակայն չի ներկայացել, դատարանը որեւէ դիմում, միջնորդություն չի ստացել եւ տեղեկություն չունի վերջինների դատական նիստին չներկայանալու վերաբերյալ:

Հայցվոր կողմը նշեց, որ հնարավոր է առանց պատասխանող կողմի ներկայության դատական նիստն անցկացնել, ինչն էլ հաշվի առնելով՝ դատարանը սկսեց նախնական դատական նիստը:

Հայցվոր կողմը հայցի առարկան, իրավական հիմքերը ներկայացնելուց հետո, կապված նախնական նիստում ի հայտ եկած նոր հանգամանքների հետ, առնվազն երկշաբաթյա ժամանակ խնդրեց դրանց անդրադառնալու եւ հայցապահանջի հիմքերի մեջ անհրաժեշտ լրացումներ կատարելու համար:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց 2020 թ. հունիսի 19-ին, ժամը 15:45-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031