Լրահոս
Օրվա լրահոսը

Գույքահարկը կավելանա. 800 հազար դրամ վճարողը օրենքի փոփոխությունից հետո կվճարի 15 միլիոն դրամ

Մայիս 27,2020 16:44

«Իհարկե, կան դեպքեր, որ հարկը 2-3 անգամ ավելանում է, բայց դա արդարացի ենք համարում, որովհետեւ այսօր մեծ դղյակներ կան, որոնք տարեկան վճարում են 800 հազար դրամ, բայց օրենքի փոփոխությունից հետո պետք է 15 միլիոն դրամ վճարեն: Ակնհայտ է, որ այդ սեփականատերերի համար ոչ մի բան է դա, եթե նա այդպիսի դղյակ է կառուցել, այդպես էլ պետք է լինի»,-այսօր կառավարության նիստում անդրադառնալով գույքահարկի եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ փոփոխության նախագծին` ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, պետական բյուջեի նկատմամբ կա երկու վերաբերմունք` երբ պետական համակարգը դա համարում է իրենը, իսկ հանրությունը բյուջե վճարած ամեն մի կոպեկ համարում է կորսված փող. «Դա մեր համախառն ազգային գրպանն է, եւ մենք պետական բյուջեին պետք է վերաբերվենք այնպես, ինչպես վերաբերվում ենք ընտանեկան բյուջեին»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «Այո, գույքահարկն ավելանալու է, բայց առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որը մենք պայմանականորեն անվանում ենք դղյակներ ու ապարանքներ: Եթե այսօր նայում ենք այդ մեծադղիրդ առանձնատներն ինչ գույքահարկ են վճարում, ըստ էության, սիմվոլիկ: Այստեղ ճոխության հարկի բաղադրիչ նույնպես կա: Հիմա մարդիկ տներ կառուցում են առանց որեւէ հարակից գործոն հաշվի առնելու, ինչքան մեծ, ինչքան բարձր, ինչքան ուրիշներին ճնշող, այնքան ավելի լավ: Եթե այդպես է, ուրեմն պետք է վճարեն այդպիսի սեփականություն ունեցողները»:

Փաշինյանի տվյալներով, առաջին տարում 500 հազար շահառուների գույքահարկը կպակասի, իսկ հաջորդ տարվանից կսկսի կամաց-կամաց ավելանալ. «Այսինքն՝ 2021 թվականը ճգնաժամային տրամաբանության մեջ կլինի, հետագայում բարձրացումները կլինեն իրավիճակին համարժեք: Մենք դուրս ենք բերել կամայական հասցեներ եւ համեմատել ենք այսօրվա գույքահարկի կիրառումը ապագա գույքահարկի հետ: Մենք զուտ բանաձեւով ստանում էինք դեպքեր, երբ գույքահարկը 300-400 անգամ բարձրանում է: Որոշեցինք տեղայնացնել եւ պարզեցինք, օրինակ, որ դա այն դեպքերն են, երբ ասենք այսօր վճարվում է 1 դրամ, օրենքի փոփոխությունից հետո պետք է վճարի 300 դրամ: Կամ որ դեպքում է, որ 200 տոկոսով աճում է հարկը, դա այն դեպքն է, որ ասենք հիմա վճարում է 500 դրամ, բայց պետք է վճարի 1000 դրամ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031