Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դիմակ չեն կրում, օգտագործած դիմակները փոխանցում են միմյանց. հասարակական կազմակերպությունները պահանջում են կիրառել երկշաբաթյա խստացված կարանտին

Մայիս 27,2020 16:06

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու պարետ Տիգրան Ավինյանին առաջարկում են առաջիկա 14 օրվա համար սահմանել խիստ կարանտինային ռեժիմ՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածումը նվազեցնելու համար։

Հաշվի առնելով աշխարհի մի շարք երկրների (Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Վրաստան և այլն) կողմից նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը մարտ-ապրիլ ամիսներին լիարժեք ու ճշգրիտ իրականացված սահմանափակումների միջոցով նվազեցնելու դրական փորձը, հիմք ընդունելով այն, որ թեև ՀՀ-ում արտակարգ դրություն է, սակայն վերջին տասնօրյակում զգալիորեն ընդլայնվել է վարակի տարածումը՝ առավելապես պայմանավորված մայիսի 4-ից տնտեսական գործունեության սահմանափակումների վերացմամբ, համոզված ենք, որ իրավիճակը հնարավոր կլինի կարգավորել միայն խստագույն սահմանափակումների միջոցով։

Հարկ ենք համարում ընդգծել, որ թեև բժշկական դիմակների համատարած կրումը իրապես դանդաղեցնում է վարակի տարածումը, սակայն քաղաքացիների կողմից այս միջոցը չի գտնում լայն սատարում: Արդեն իսկ պարզ է, որ մարդիկ համատարած կերպով չեն կրում դիմակները, օգտագործած դիմակները փոխանցում են միմյանց և նույնիսկ այն վայրերում, որտեղ դիմակները կրելը վերահսկվում է, ոչ միշտ են անում դա:

Ավելին, ակնհայտ է նաև, որ իրավապահ մարմիններն ի զորու չեն հսկել քաղաքացիների կողմից դիմակ կրելու կանոնների պահպանումը, քանի որ քաղաքացիներն այդ նորմը խախտում են ամենուր՝ տրանսպորտում, սպասարկման և առևտրի օբյեկտներում, հյուր գնալիս և խմբերով հավաքվելիս:

Միաժամանակ, համաճարակի հետևանքով առողջապահական համակարգում արդեն առաջացել է նախակոլապսային իրավիճակ, քանի որ ՀՀ առողջապահության նախարարի հայտարարության համաձայն՝ նոր կորոնավիրուսային հիվանդության բուժման համար նախատեսված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 150-ից ավելը, ազատ է մոտ 30-ը:

Հետևաբար, նոր դեպքերի աճի տեմպը կհանգեցնի այն իրավիճակին, որն առկա էր Իտալիայում կամ Իսպանիայում, երբ մարդիկ պատշաճ բուժօգնություն չէին կարողանում ստանալ: Ընդ որում, պատշաճ բուժօգնության դեֆիցիտ կլինի թե՛ նոր կորոնավիրուսային հիվանդությամբ բուժառուներին և թե՛ դրա հետ չկապված բժշկական այլ օգնություն ստանալու կարիք ունեցողների համար: Այս հեռանկարն առավել իրատեսական է թվում արդեն այսօր, երբ մայիսի 26-ի դրությամբ մեկ միլիոն բնակչին հասնող վարակակիրների թվով Հայաստանն աշխարհի երկրների շարքում 5-րդն է՝ «զիջելով» միայն Քաթարին, Չիլիին, Ջիբութիին և Քուվեյթին։

Ուստի, ելնելով մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, առաջարկում ենք 14 օրով պարտադիր խիստ ինքնամեկուսացում (կարանտին) սահմանել ամբողջ բնակչության համար՝ քաղաքացիների՝ տնից դուրս գալը թույլատրելով միայն խիստ հիմնավոր դեպքերում։ Միևնույն ժամանակ, կոչ ենք անում կառավարությանը, խիստ կարանտինային միջոցառումներին զուգահեռ, իրականացնել նաև համատարած թեստավորում, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ կարանտինային պայմաններում հասարակության խոցելի և անապահով շերտերին սոցիալական աջակցություն տրամադրելու ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, իր հերթին, կոչ ենք անում, ի տարբերություն խիստ կարանտինային նախկին ռեժիմի, դրսևորել առավել մեծ հետևողականություն և կամք՝ կարանտինային կանոնների խախտումները կանխելու և դրանց պատշաճ պահպանումն ապահովելու համար։ Բոլոր այս միջոցառումներին զուգահեռ, կառավարությունը պետք է լրջագույն և պատշաճ ուշադրություն դարձնի նաև նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ հանրության իրազեկման արդյունավետ մեխանիզմների կիրառմանը՝ հակազդելու շրջանառվող կեղծ տեղեկություններին և վարակի վտանգն ու դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները թերագնահատող հրապարակումներին։

ՀՀ քաղաքացին և մարդը, նրա կյանքն ու առողջությունը գերագույն արժեք են։ Մենք վստահ ենք, որ մարդկանց ժամանակին բժշկական օգնություն չստանալու և մահանալու գնով հնարավոր չէ փրկել տնտեսությունը։ Անընդունելի է կարանտինը մեղմացնող որոշումների հետևանքով առաջացած մահացության ցուցանիշի աճի գնով տնտեսության պաշտպանությունը, քանի որ այդ սցենարում ո՛չ կյանքերը կփրկվեն և ո՛չ էլ տնտեսությունը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Գյումրու «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ

 «Տաթևիկ» ՀԿ

«Իրավական հետազոտության և զարգացման կենտրոն» ՀԿ

Հանրային լրատվության ակումբ

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031