«Ինձ ասել են, որ պաշտպանի ներկայությամբ իրենք ինձ ինչ ասեն, ես պիտի այդպես անեմ, հարցաքննության ժամանակ իմ նկատմամբ ճնշում են գործադրել, որ մենք սաղ գիտենք, հեսա «ագռավի սռոկ» ես գնալու՝ 16-20 տարի, ասացին՝ սաղ գիտենք մենք: Ասացին՝ վերջում էլ կասես, որ իմ բառերից է բխում: Մի խոսքով, ճնշումներ գործադրելով՝ առաջ են տարել գործը»,- ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» 10 անդամի գործով նիստին հայտարարեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամների դեմ ցուցմունք տված խմբավորման անդամ Էդգար Սողոմոնյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 27-ի ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստին (նախագահող դատավոր Մեսրոպ Մակյան) հարցաքննվեց «Սասնա ծռեր» խմբի անդամների դեմ ցուցմունք տված Էդգար Սողոմոնյանը:
Նա դատարանի դահլիճում հայտարարեց, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել. ծեծի են ենթարկել, խոշտանգել և այդպիսով փորձել ցուցմունք կորզել:
Ասաց, որ իրեն հարցաքննել է քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանը, որը տեսախցիկը շրջել է, իրեն սովորեցրել, թե ինչպես խոսի:
Նաև մանրամասնեց, թե ինչպես են իրեն ծեծի ենթարկել. «Ֆիզիկական բռնություն գործադրել են այն ժամանակ, երբ հանձնվելու ժամանակ արդեն Վիլիսը դրեցին, տարան՝ հավեսով ծեծելով, մեկ էլ փոքր վախտս էի տենց ծեծ կերել: Տարան, գցեցին սենյակ, սկսեցին ձեռքի բռունցքներով, ամեն ինչով ծեծել: Բռունցքով գլխիս են տվել. ես գլխի հետ կապված ճնշում ունեի: Գցել են՝ երկու-երեք հոգով բոքսով ձեռքով ծեծել են: Բառերն էլ ինչ ասել են, թող իրենց վերաբերվի»
Կարդացեք նաև
Դատախազը հարցրեց՝ ձեր կողմից նշված հանգամանքները կարո՞ղ ենք ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում, պաշպան Զարուհի Փոստանջյանը առարկեց. «Ակնhայտ է, որ վկան ցուցմունք է տալիս, որ իր նկատմամբ տեղի է ունեցել ոչ միայն անմարդկային վերաբերմունք, այլ խոշտանգում: Սա գտնվում է պետության պոզիտիվ պարտավորության տիրույթում, և դատախազությունը բարի պետք է լինի ինքը նախաձեռնի քրեական հետապնդում և խոշտանգման փաստի վերաբերյալ պատասխանատուների պարզում: Անձը կարող է չգիտակցել, որ այդ առիթով պետք է հանցագործության մասին հաղորդում ներկայացվի թե ոչ, բայց ակնհայտ է, որ նա ասաց, թե ինչ եղանակով են իր դեմ բռնություն կիրառել ցուցմունք կորզելու կապակցությամբ: Այս պահին ասաց, որ իր նկատմամբ տեղի է ունեցել նաև խոշտանգում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարում՝ Էդգար Սողոմոնյանին 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ այցելել ու համոզում էր դուրս գալ այնտեղից նրա հայրը