Ինչպես հայտնի է, ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի նախագիծը, որով առաջարկվում էր վիրավորանքի գործերը դատարանում քննել ավելի սեղմ ժամկետներում, բացասական եզրակացություն ստացավ: Գեւորգ Պետրոսյանը սրա մեջ միտում է տեսնում, հակառակ դեպքում գտնում է, որ իր նախագիծը կընդունվեր. «Մի կողմից ասում են՝ մարդը բարձրագույն արժեք է, մյուս կողմից ասում են՝ ջհանդամ, թե քո իրավունքը չի ոտնահարվի պատվի ու արժանապատվության, երբ Սահմանադրության մեջ հստակ գրված է՝ մարդու պատիվն ու արժանապատվությունն անխախտելի են: Թող մտածեն: Շատ բաներ անելու համար գումար ունեն, մի քանի դատավոր ավելացնելու համար, որպեսզի գործերը ողջամիտ ժամկետում քննվեն, գումար չունե՞ն: Իրենք այլակերպում են, ուրիշ ենթատեքստեր են դնում, իզուր»:
Ըստ Պետրոսյանի, եթե իշխանությունները չպետք է անցկացնեն իր նախագիծը, նման խնդիր են դրել, պետք է քաջություն ունենան, կանգնեն հենց այդպես էլ ասեն. «Իմ ոչ մի նախագիծ կառավարությունը դրական չի ընդունել, սա հերթականն է: Իմ նախագծերը անձնական վրեժխնդրությամբ պայմանավորել, որ ես քննադատող պատգամավոր եմ, որ ես ընդդիմադիր գործիչ եմ, ամոթ է ուղղակի: Որ իրենց նախագծերը մենք այդ նույն մանրախնդրությամբ նայենք, այդ բծախնդրությամբ նայենք, 80 տոկոսը չի անցնի: Բայց մենք ասում ենք՝ պետք չի արհեստական լարվածություն ստեղծել, պետք է համագործակցել: Ես իրենց մի քանի տեխնիկական դիտողությունները, առաջարկներն ընդունեցի, հիմա՞ ինչ են ուզում: Ասում են՝ դատարանները գտնում են, որ այդ նախագիծը կյանքում ի կատար չի ածվի: Էլի օրենքներ կան, որ դժվար է դրանց ի կատար ածումը, բայց դա քաղաքացու խնդիրը չի, պետության խնդիրն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ