ԱԺ նախագահը հանդիպել է «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության ղեկավար կազմի և անդամների հետ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 27-ին հանդիպել է «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության ղեկավար կազմի և անդամների հետ:
Ինչպես տեղեկացրել էինք, խորհրդարանի ղեկավարի՝ այս ձևաչափով հանդիպումների նպատակը Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում, բոլոր քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ համազգային հարցերի օրակարգ ձևավորելն ու այդ հարցերի շրջանակում համագործակցելն է:
Հանդիպմանը ԱԺ նախագահը, ներկայացնելով Արցախյան հիմնախնդրի լուծման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և երկրի անվտանգության վերաբերյալ առաջարկվող օրակարգը, նշել է, որ կարևոր է համարում այդ թեմաների շուրջ միասնական դիրքորոշման ձևավորումն ու դրա առաջմղումը: Խոսելով 7-րդ գումարման խորհրդարանում «ՔՄԴ» կուսակցության երկու պատգամավորների ներկայացվածության մասին՝ Արթուր Թովմասյանն ակնկալել է քաղաքական ակտիվություն և նախաձեռնողականություն:
Կարդացեք նաև
ՔՄԴ կուսակցության նախագահ, ԱԺ 7-րդ գումարման Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը, ողջունել է քաղաքական ուժերի հետ հանդիպելու ԱԺ նախագահի որոշումը և որպես «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ՝ պատրաստակամություն հայտնել՝ համագործակցելու և սատարելու:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երիտասարդների ներուժի լիարժեք ներգրավումը տարբեր ասպարեզներում: Անդրադարձ է կատարվել նաև ԱԺ բարեկամական խմբերի և շրջանակների կազմերի համալրման, արտաքին կապերի ընդլայնման հարցերին:
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին