«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը 7-րդ գումարման ԱԺ-ի ամենապասիվ պատգամավորներից է, ելույթներ չի ունենում, հարցեր չի տալիս, օրենսդրական նախաձեռնություններով հանդես չի գալիս: Aravot.am-ի հետ զրույցում Ղալումյանն ասաց, որ շուտով կքննարկվի իր համահեղինակությամբ «Ընտրական օրենսգիրքը», բացի այդ, մի անգամ հարակից զեկուցող է եղել: Իսկ թե ինչով է պայմանավորված, որ ելույթներ չի ունենում, հարցեր չի տալիս նիստերի ժամանակ ու իրեն պասիվ է պահում՝ այսպես բացատրեց. «Ես իմ հարցեր տալու հնարավորություններն ունեմ, բոլոր նախարարների հետ կապի մեջ եմ, հանձնաժողովի աշխատանքներին ակտիվորեն մասնակցում եմ, ամբիոնից հարց չի լինում, որ տամ»:
Նա ասաց, որ նիստի ժամանակ բարձրախոսը չի միացնում ու հարց չի տալիս, որովհետեւ իմիտացիա ստեղծելու նպատակ չունի. «Ես իմ հարցերը տալու հնարավորություններն ունեմ, ինձ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները գտնում եմ»: Ըստ Ղալումյանի, պատգամավորի աշխատաոճից է կախված՝ նա նիստերի դահլիճո՞ւմ է ակտիվ, թե՞ այլ տեղ. «Եթե անհրաժեշտություն լինի ամբիոնից հարցեր տալու, ելույթ ունենալու, այդ հնարավորություններն էլ կօգտագործենք»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները բոյկոտից հետո վերադարձել են նիստերի դահլիճ, հայտնի ծեծկռտուքից հետո ի՞նչ հարաբերություններ ունեք Էդմոն Մարուքյանի հետ: Հիշեցնենք, որ Մարուքյանին հետեւից հարվածողներից մեկը Ղալումյանն էր: Նա պատասխանեց. «Առանձնահատուկ հարաբերվելու առիթ չի եղել: Այդ դեպքից հետո ոչ մի խոսակցություն չենք ունեցել: Ես հետեւից կոնկրետ նպատակադրված հարված չեմ ունեցել: Իմ նպատակն է եղել միջադեպը կանխել, որի համար տեղից վեր եմ կացել եւ իջել: Նախ խառը իրավիճակում հետեւից խփել, բան… էդ որակումները չեմ պատկերացնում՝ ինչ մեկնաբանություններ են: Ես ուզում եմ ասել էդ մարդկանց՝ եթե ես հետեւից խփել եմ, ապա այդ պահին ի՞նչ էր անում Էդմոն Մարուքյանը»:
Մեր դիտարկմանը, որ հետեւից խփելու հետ կապված տեսակետ կա, որ այդ իրավիճակում հո չէ՞ր շրջելու Մարուքյանին, նոր դեմքին խփեր, բայց մյուս կողմից էլ՝ հարվածողը միշտ մեղավոր է, բռնություն է գործադրում, բռնարար է՝ Վահե Ղալումյանն արձագանքեց. «Ես ինձ մեղավոր եմ զգում, որ հայտնվել եմ այդ միջադեպի մեջ: Ես պետք է չլինեի, ինչպես ԱԺ բոլոր պատգամավորները: Բայց նորից եմ ասում, դա հրահրված էր սցենարով, բավականին տեւական ժամանակ Մարուքյանի գործողությունները տանում էին սրան»:
Կարդացեք նաև
Հարցրեցինք՝ դուք ներողություն չե՞ք պատրաստվում խնդրել Էդմոն Մարուքյանից՝ նա պատասխանեց. «Ես ներողություն խնդրել եմ ՀՀ բոլոր քաղաքացիներից, եւս մեկ անգամ եմ խնդրում: Էդմոն Մարուքյանից ներողություն խնդրելու խնդիր չունեմ, մինչեւ ինքը ներողություն չխնդրի Սասուն Միքայելյանից, Ալեն Սիմոնյանից»:
Թե Սասուն Միքայելյանից ինչո՞ւ պիտի Մարուքյանը ներողություն խնդրի՝ Ղալումյանն այսպես բացատրեց. «Սասուն Միքայելյանին նույն ձեւ հրահրելու, նույն ձեւ Սասունին խփելու համար»:
Զարմանքին, որ առաջինը իրե՛ն են խփել, Սասուն Միքայելյանն է առաջինը խփել՝ Ղալումյանը պատասխանեց. «Առաջինի ու երկրորդի խնդիրը չեմ տեսնում, կոնկրետ խնդիր է, կոնկրետ միջադեպ է հրահրված»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ