Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Ջավախյանը՝ ԵԿՄ-ի, մանկապարտեզները վերադարձնելու եւ 100-ավոր դիմումների մասին

Մայիս 27,2020 14:49

Մայիսի 26-ին Երեւանի ավագանու նիստում «Իմ քայլը» անդամ Աննա Ջավախյանը՝ ԵԿՄ-ին անհատույց տարածքներ հատկացնելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ բավականին համարձակ ելույթ ունեցավ: Նա տարակուսանք հայտնեց, որ 9317 երեխա սպասում է հերթի մեջ, իսկ իրենք ժամանակին մանկապարտեզներից խլված տարածքները տալիս են ԵԿՄ-ին: Աննա Ջավախյանն ասել էր, որ չի մասնակցի այդ հարցի քվեարկությանը:

Aravot.am-ը տիկին Ջավախյանից հետաքրքրվեց՝ մտավախություն չունեցա՞վ, որ ելույթն այլ կերպ կընկալվի, մանավանդ որ հարցը ԵԿՄ-ին էր վերաբերվում:

«Ես մտադրություն չունեի որեւէ կառույցի եւ առհասարակ որեւէ մեկին վիրավորելու, հատկապես, որ խնդիրը երեխաներին եւ երեխայի շահը պաշտպանել ու մասին է: Կոնկրետ մեր խմբակցությունում այնպիսի մթնոլորտ է, որ մեզանից որեւէ մեկը երբեւէ խնդիր չի ունեցել կարծիք արտահայտելու: Մեզ մոտ միշտ բազմակարծություն է եղել, երեկվա նիստին էլ հենց այդ հարցի շուրջ տարակարծիք էինք: Դա է առողջ մթնոլորտը, որովհետեւ, եթե չլինեն տարբեր կարծիքներ, հարցի տարբեր շերտերը վեր չեն հանվի»,-ասաց ավագանու անդամը:

Նրանից հետաքրքրվեցինք, թե իր ունեցած տվյալներով՝ ամենատխուր պատկերը մանկապարտեզների առումով ո՞ր վարչական շրջանում է, քանի որ ելույթում նշել էր, որ, օրինակ, Էրեբունի վարչական շրջանն ունի 126 հազարից ավելի բնակչություն եւ ընդամենը 12 մանկապարտեզ, մինչդեռ հերթի մեջ սպասում է 1143 երեխա, նույնքան բնակչություն ունեցող Կենտրոն վարչական շրջանում էլ կա 21 մանկապարտեզ, իսկ հերթի մեջ սպասում է 878 երեխա:

«Իմ տվյալներով՝ մեծ բնակչություն ունեցող Էրեբունի վարչական շրջանն ամենաշատն ունի մանկապարտեզների կարիք: Եթե չեմ սխալվում, Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ համայնքներն են այդ վիճակում: Ի տարբերություն Էրեբունու, մյուս վարչական շրջաններում մանկապարտեզների թիվն ավելի մեծ է: Էրեբունիում ժամանակին մանկապարտեզների շենքեր են վաճառվել, ու բնական է, որ այն երեխաների թիվը, որոնք մանկապարտեզներ էին հաճախում, չի պակասել: Այժմ եւս երեխաներ են ծնվում, եւ նրանք չեն կարողանա եղած մանկապարտեզներում տեղավորվել, եթե անգամ 40 հոգանոց խմբեր լինեն»,- պատասխանեց տիկին Ջավախյանը:

«Իմ քայլ»-ական ավագանու անդամից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հարցերով են իրեն դիմում քաղաքացիները: «Ինձ հիմնականում կրթության ոլորտի հետ կապված հարցերով են դիմում, այդ թվում՝ մանկապարտեզների, դպրոցների եւ արվեստի դպրոցների թեմայով: Սակայն, հարցերի մեծամասնությունը վերաբերում է հատկապես մանկապարտեզների խնդրին: Ինչքան ես տեսնում եմ, մենք ամենամեծ խնդիրներն ունենք հենց նախադպրոցական ոլորտում:

Սեպտեմբեր ամսին սրվում է մանկապարտեզի հերթից դուրս մնացածների խնդիրը, հարյուրներով դիմումներ ենք ստանում այն ծնողներից, որոնց երեխաների երեք տարին լրացել է: Նրանք գրում են, թե ինչպե՞ս վարվեն, եթե ֆիզարձակուրդի ժամկետը լրացել է, ու պետք է աշխատանքի գնան, սակայն իրենց փոքրիկների համար մանկապարտեզում տեղ չկա: Ի՞նչ պատասխանենք այն մարդուն, որն օրվա հացից զրկվում է, քան որ իր երեխան տեղ չունի մանկապարտեզում: Աշխատող ծնողների երեխաները ոչ մի առաջնահերթություն չունեն մանկապարտեզ ընդունվելիս:

Մյուս կողմից, իմ կարծիքով, այնքան էլ սխալ չէ, որ չունեն առաջնահերթություն, որովհետեւ ցանկացած երեխա էլ ունի նախադպրոցական կրթության իրավունք: Ես հասկանում եմ, որ աշխատող ծնողի խնդիրն ավելի սուր է, բայց չեմ ցանկանում, որ մանկապարտեզը դիտարկվի մի վայր, որտեղ տանում ու երեխաներին ի պահ են տալիս: Մանկապարտեզը նախադպրոցական կրթական հաստատություն է, որը որոշակի կրթություն ու դաստիարակություն է տալիս:

Մայրը աշխատում է, թե չի աշխատում, էական չէ, պետությունը պետք է իր դերակատարումը ունենա, այդ պատճառով հարկ է, որ բոլոր երեխաների համար այդ հնարավորությունը ստեղծվի: Հասկանում եմ, որ բարդ է, դժվար է, տարածքներ չկան, եւ եթե վարձակալած տարածքներն էլ ազատվեն եւ վերադարձվեն մանկապարտեզներին, նույնիսկ այդ դեպքում հերթերի հարցը հարյուր տոկոսով չի լուծվելու: Դեռ պետք է նոր շենքեր կառուցվեն: Եվ եթե անգամ մեկ երեխայի հարց էլ լուծվի, դա մի փոքրիկ քայլ կլինի, առաջընթաց: Մանավանդ որ «Իմ քայլի» ծրագրային դրույթներով մենք նախատեսել ենք լուծել նախադպրոցական հաստատություններում հերթերի հարցը»,-ասաց Աննա Ջավախյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ Աննա Ջավախյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031