Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայան. Մեզ վստահված քվեները ծառայեցնելու ենք քաղաքական նոր մշակույթի ձևավորմանը, որտեղ արտահայտվելու ազատությունը լինելու է գերակայություն, զրպարտությունը և ատելության խոսքը՝ քրեորեն պատժելի

Մայիս 27,2020 14:38

Ընդդիմությունը չշփոթե´լ խառնակչության հետ

Հաշվի առնելով համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերները և այդ համատեքստում Արցախում և նրա շուրջ խորացող վտանգները և առաջնորդվելով համերաշխության, անվտանգության և սոցիալական բարեկեցության սկզբունքով՝ այս փուլում «Միասնական հայրենիք» կուսակցությունը որոշում է կայացրել համագործակցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած դաշինքի հետ, որն օրեր առաջ ամրագրվել է քաղաքական համագործակցության հուշագրով:

Բազմիցս առիթ եմ ունեցել հայտարարելու, որ «Միասնական հայրենիք» կուսակցությունը պատրաստակամ է քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մեր պետականության առջև ծառացած խնդիրների հաղթահարման օրակարգի շուրջ և համագործակցելու մեր քաղաքական առաջնահերթությունները կիսելու պատրաստակամություն հայտնած ուժերի հետ:

Այս առումով Արցախի քաղաքական դաշտը նոր երանգ ստացավ, երբ իմ գլխավորած քաղաքական ուժը հայտարարեց նախագահական ընտրություններում Մասիս Մայիլյանի թեկնածությունը սատարելու մասին: Սակայն եղավ այն, ինչ եղավ. միայն իրեն հայտնի պատճառներով Մասիս Մայիլյանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին հանրությանը կոչ արեց չմասնակցել ընտրություններին: Կրկնում եմ՝ հանրությանը կոչ արեց չմասնակցել, ոչ թե, որպես Արայիկ Հարությունյանի հիմնական մրցակից, հրաժարվեց մասնակցությունից:

Արդյունքում ունենք ընտրված նախագահ, գործող խորհրդարան, ձևավորվող կառավարություն և քաղաքական ուժ կոչվելու հայտ ներկայացրած, բայց քաղաքական պայքարից դուրս մնացած կառավարվող անհատներ, որոնց համար ինքնադրսևորման պարարտ հող է ստեղծվել հատկապես վերոնշյալ քաղաքական համագործակցությամբ՝ ընդդիմադրի թվացյալ կեցվածք դրսևորելու, անհիմն փորձագիտական դիրքերից պետական մտածողության հետ աղերսներ չունեցող ենթադրություններ հանրահռչակելու, պատմական այս ժամանակաշրջանում հայրենիքի ապագայի նկատմամբ քաղաքական պատասխանատվությունը կենցաղային առևտրի փաթեթավորմամբ հանրությանը մոլորեցնելու և այս ամենի համապատկերում սեփական կերպարին կարևորություն հաղորդելու պատեհ առիթ: Այս կապակցությամբ նկատեմ, որ խառնակչությունը քաղաքական կատեգորիա չէ և որևէ ընդհանրություն չի կարող ունենալ ընդդիմության, առավել ևս՝ կառուցողական ընդդիմության հետ:

Որպես արցախյան քաղաքական դաշտի երկրորդ ուժ, իմ և իմ քաղաքական թիմի անունից վերահաստատում եմ, որ մեզ վստահված քվեները ծառայեցնելու ենք քաղաքական նոր մշակույթի ձևավորմանը, որտեղ արտահայտվելու ազատությունը լինելու է գերակայություն, զրպարտությունը և ատելության խոսքը՝ քրեորեն պատժելի:

ԶԼՄ-ներում և սոցիալական մեդիայում «Միասնական հայրենիք» կուսակցություն-«Ազատ հայրենիք» կուսակցությունների դաշինք համագործակցության շուրջ ծավալված շահարկումների և մի շարք այլ հարցերի շուրջ առաջիկայում հանդես կգամ մեկնաբանությամբ:

Սամվել ԲԱԲԱՅԱՆ

«Միասնական հայրենիք» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031