Լրահոս
Օրվա լրահոսը

Կայուն, միաժամանակ վտանգավոր իրավիճակ Շիրակում․ 18 անախտանիշ հիվանդի տուն են ուղարկել

Մայիս 27,2020 14:28

Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը երկու օրվա ընթացքում չեն ավելացել․ կայուն վիճակ է այստեղ։

Շիրակի մարզպետարանի քիչ առաջ ներկայացրած նոր տվյալների համաձայն, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժում են ստանում 47 բուժառուներ, որոնցից 20-ն է Շիրակի մարզից։

Նշենք, որ տվյալներն անփոփոխ են մնացել․ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ ժ/պ Լեյլի Ասլանյանը նախորդ օրը Aravot.am-ին տված հարցազրույցում տեղեկացրել էր, որ կան 47 բուժառուներ, որոնցից 21-ը Շիրակի մարզից են, մնացածն այլ մարզերից են։

Իհարկե, այս պահի դրությամբ, սա միակ մխիթարող հանգամանքը չէ, բարեբախտաբար, նոր մահեր չկան: Վիրուսի տարածումից առ այսօր 9 մահացածներն են Շիրակի մարզից։ Նրանք բոլորն էլ իրենց մահկանացուն կնքել էին մայրաքաղաքի հիվանդանոցներում։ Նշենք, որ Շիրակի մարզից 26 պացիենտ այս պահին բուժվում են մայրաքաղաքում։

Վիճակն արդեն կայուն է Անի խոշորացված համայնքում։

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում փաստեց Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը, տաս օր է՝ վիճակը խաղաղ է, կայուն, տարածքը՝ մաքուր, նոր հիվանդների մասին ահազանգեր չկան։

«Եթե նոր հիվանդներ լինեին, հաստատ կիմանայի»,- ասաց համայնքապետը՝ հավելելով, որ մեկուսացածները գրեթե բոլորը վերադարձել են։

Մարալիկի առողջության կենտրոնն էլ մի շրջան փակվելուց հետո արդեն սկսել է աշխատել։

Իհարկե, այս տվյալները դեռ չեն նշանակում, որ Շիրակի մարզում վարակի տարածման վտանգ չկա։ Այսօր բոլորին մտահոգող փաստը հիվանդության թեթև ախտանիշ ունեցող կամ անախտանիշ պացիենտներին տուն ուղարկելն է, որի դեպքում չի բացառվում վիրուսի տարածումը։

Շիրակի մարզպետարանի տվյալների համաձայն՝ այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 315 քաղաքացի, որոնցից 18-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Մարզպետարանի նոր տվյալներով․ «Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 245 պացիենտ, որոնցից 167-ը մարզի բնակիչ է։

Հիվանդության արձանագրման առաջին օրից մինչ օրս Շիրակի մարզի 340 բնակչի մոտ է դրական ախտորոշում եղել, նրանցից 259-ը փաստացի բնակվում է մարզում, 81-ը մարզի գրանցում ունեն, սակայն այստեղ չեն բնակվում։

26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Արձանագրվել է մահվան 9 դեպք։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1866 նմուշառում, մայիսի 12-ից 26-ը, ներառյալ` Գյումրիում իրականացվել է 543 նմուշառման հետազոտություն»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031