Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը կաջակցի զրոյից բիզնես ստեղծել. hաստատվեց հակաճգնաժամային 19-րդ ծրագիրը

Մայիս 27,2020 14:11

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը: Ըստ նրա, միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիներին եւ առանձին տնտեսավարողներին հաղթահարել կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների ազդեցությունը մրցունակ գործարար ծրագրեր իրագործելու եղանակով:

«Օժանդակության նպատակն է` ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման եւ ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը, շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը»,-ասաց նախարարը: Նրա ներկայացմամբ, այս միջոցառման շահառու կարող են հանդիսանալ Հայաստանի տարածքում գրանցված այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ` մանրածախ եւ մեծածախ ոլորտում գործունեությունը), որոնք համապատասխանում են «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին: Այս միջոցառմամբ պոտենցիալ շահառուները պետք է աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունենան բարվոք հարկային եւ վարկային պատմություն:

Տիգրան Խաչատրյանի խոսքով, կլինեն որոշակի գործունեության տեսակների սահմանափակումներ, որոնք չեն կարող օգտվել աջակցությունից: ՓՄՁ գործունեության օրենքը նախատեսում է, թե որ գործունեության տեսակները կարող են լինեն շահառուների ցուցակում:

Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների 75 տոկոսը հատկացվում է որպես 8 տարվա մարման ժամկետով անտոկոս փոխառություն, իսկ 25 տոկոսը՝ որպես դրամաշնորհ։ Այն կիրականացվի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով` արտոնյալ վարկավորման նպատակով երաշխիքների տրամադրման եղանակով: Վարկավորումն իրականացվում է ՀՀ տարածքում գործող եւ լիցենզավորված բանկերի եւ վարկային հաստատությունների կողմից:

Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ ժամկետը առավելագույնը 60 ամիս է, վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար, իսկ մեկ շահառուի վարկի առավելագույն սահմանաչափը կազմում է 10 միլիոն դրամ` սկսնակների համար եւ 20 միլիոն դրամ` նորարարական զարգացման շահառուների համար, վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը` 7-10 տոկոս:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031