«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը հարցազրույցում ասել էր. «Հիշեցնեմ, որ Վենետիկի հանձնաժողովի Ջիանի Բուքիքիոն 2009թ. Սերժ Սարգսյանի կողմից շատ թանկարժեք նվեր է ստացել։ Այդ հատուկ շքանշանը, որ տվել էին, տարբեր գնահատականներով, դրա վրայի ադամանդները շատ թանկ արժեն։ Ուզում եմ ասել, որ նա անձ է, եվրոպացի պաշտոնյա, որը նույն նախկին իշխանություններից բավականին հետաքրքիր նվերներ է ստացել։ Սա ուղղակի արձանագրենք, գնանք առաջ»:
Այս խոսքերի առնչությամբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծիք էր հայտնել՝ կա՛մ Վահագն Հովակիմյանը պետք է դատվի՝ սուտ մատնության համար, կա՛մ Բուքիքիոն պետք է դատվի՝ Սերժ Սարգսյանից կաշառք վերցնելու համար:
ԱԺ այսօրվա նիստում էլ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց՝ իրավապահները զբաղվե՞լ են իր հայտարարությամբ, եւ եթե ոչ, ստացվում է, որ Հովակիմյանը զրպարտել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին: Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Իմ խոսքում կաշառք բառը գտե՞լ եք: Իհարկե, հասկանում եմ, թե դուք ինչպես եք ընկալել, բայց ձեր ընկալումն իմ խոսքերի իրավական հիմք չի կարող լինել: Պետք չէ ինձ վերագրել մի բան, որը չեմ ասել»:
Կարդացեք նաև
Անի Սամսոնյանը հակադարձեց. «Եթե տեղյակ չեք, որ պաշտոնյային տրված շատ թանկարժեք նվերը կոռուպցիա է, կարող եք կարդալ, թե դա ինչ է նշանակում: Դուք շատ պարզ եք ասել, որ Սերժ Սարգսյանը թանկ նվեր է տվել Բուքիքիոյին, ու վերջինս չէր կարող լինել անաչառ, որովհետեւ հանձնաժողովի կաշառված նախագահ էր: Եթե սխալվել եք, հիմա հնարավորություն ունեք պարոն Բուքիքիոյից ներողություն խնդրելու»: Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Ներողություն եմ խնդրում մեր հանրությունից, որ դուք կարդում եք տեքստը եւ այն յուրովի ընկալում, հետո ձեր ընկալումը փորձում ինձ վերագրել, ինձ անվանել ստախոս»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ