Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը երեկ Դավթաշենում «ռեյդ» է արել, նախապես չի հայտարարվի՝ հաջորդը որ վարչական շրջանն է

Մայիս 27,2020 12:41

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանից հետաքրքրվեց՝ ինչ պատժամիջոցներ են կիրառել տնտեսվարողների նկատմամբ։ Պարոն Ասոյան ի պատասխան ասաց, որ հսկողական-վերահսկողական աշխատանքներն իրականացվում են 4 տեսչական մարմինների կողմից, այդ թվում ճանապարհային ոստիկանության: Նրա խոսքով, նաեւ հսկողություն է իրականացվում մանկապարտեզներում եւ մոնիթորինգի արդյունքում պարզել են, որ երեխաների 8.3 տոկոսն է հաճախում շուրջ 120 մանկապարտեզներ։

«Հիմնական աշխատանքները տարվում են այն ոլորտներում, որտեղ առավել ռիսկային է՝ արտադրամասերում, խանութներում, բանկերում, որտեղ հնարավոր են կուտակումներ եւ վարակի տարածում։ Մեկ շաբաթվա ընթացքում հանրային սննդի շուրջ 87 օբյեկտ է փակվել, եւս 12-ը հավանաբար այսօր կփակվի պարետի որոշմամբ։ Այդ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից խորհրդատվություն է իրականացվել հանրային սննդի ոլորտի 9561 տնտեսվարողների մոտ։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից մեկ շաբաթվա ընթացքում արդեն իսկ դադարեցվել է 290 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն՝ 24 ժամով»,-հայտնեց Ասոյանը՝ նշելով, որ ընդհանուր 823 տնտեսվարողի գործունեություն է դադարեցվել։

Նիստին ներկա ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանն ասաց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում պարետի որոշումը խախտելու համար ոստիկանությունը կազմել է 966 արձանագրություն, որից 240-ը՝ քաղաքացու մոտ դիմակի բացակայության փաստով: Ոստիկանապետի տվյալներով, 657 արձանագրություն էլ կազմվել է ուղեւորափոխադրում իրականացնողների, որից 594-ը տաքսիների վարորդների նկատմամբ:

Ոստիկանապետը նաեւ ասաց, որ երեկ պարետատան որոշումից հետո, այսօր արդեն միջմարզային ճանապարհներին տեղակայվել են անցակետեր, որտեղ կստուգվեն կանոնների պահպանման պատշաճ մակարդակի ապահովումը:

Փաշինյանն ասաց, որ միջոցառումները պետք է խստացվեն ու դրա արդյունքը պետք է երեւա փողոցներում, բնակավայրերում: Փաշինյանի խոսքով, վարչական շրջաններում կիրականացվեն ամենօրյա «ռեյդեր», որպեսզի համոզվեն՝ որքանով են պահպանվում սահմանված կանոնները: Ըստ Փաշինյանի՝ երեկ Դավթաշեն վարչական շրջանում այդպիսի «ռեյդ» արդեն տեղի է ունեցել, բայց թե հաջորդը որ վարչական շրջանը կլինի, նախապես չի հայտարարվի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031