Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեք կարծո՞ւմ, որ սա նշանակում է սահմանադրությունը դարձնել պոլի շոր». Զոհրաբյանը՝ Վահագն Հովակիմյանին

Մայիս 27,2020 12:25

ԱԺ նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվում է «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը, որով սահմանվում է արտակարգ դրության ավարտից հետո հանրաքվեի շարունակականության հարցը եւ այն, որ արտակարգ/ռազմական դրությամբ պայմանավորված՝ նշանակված հանրաքվեն չեղարկվում է:

«Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ երաշխիք կա, որ տարիներ անց որեւէ կառավարություն, չցանկանալով այս կամ այն հարցով հանրաքվեի իրականացումը, արտակարգ դրություն չի հայտարարի եւ այդ կերպ չի խոչընդոտի հանրաքվեի կայացմանը: Վահագն Հովակիմյանը պատասխանեց, որ այդ երաշխիքը տալիս է սահմանադրությունը. «Եթե կառավարությունը որոշում է արտակարգ դրություն հայտարարել, որպեսզի հանրաքվեն չկայանա, պետք է գա խորհրդարան, որի նիստում հնարավոր է կառավարության որոշումը վերացնել: Ուստի նման շահարկում տեղի ունենալ չի կարող»:

«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ հարցրեց՝ ի՞նչ կապ կա գործող հանրաքվեի, որը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով, եւ այս օրինագծի միջեւ: Հովակիմյանը նկատեց. «Այս պահին կարգավորումն ենք բերում: Եթե ընդունվի, կքննարկենք: Երբ նշանակվեց հանրաքվեն, բախվեցինք այս խնդիրներին: Երբ հայտարարվեց արտակարգ դրություն, ուսումնասիրեցինք օրենսդրությունն ու եզրահանգեցինք, որ դաշտը բաց է: Նախկինում որեւէ մեկի մտքով չի անցել, որ սա կարելի է կարգավորել, որ նման սցենար կարող է լինել: Երեւի մտածել են՝ ֆանտաստիկայի ժանրից է նման բանը, որ համաճարակ է ու հանրաքվե: Ուստի առաջարկում ենք, որ խորհրդարանը որոշի՝ հանրաքվեն շարունակվի՞, թե՞ չեղարկվի»:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ շեշտեց. «Այս օրինագծի տրամաբանությամբ՝ դուք չեք բացառում, որ կարող է ստեղծվել իրավիճակ, երբ խորհրդարանին օժտեք խորհրդարանական ընտրությունները, ՏԻՄ ընտրությունները չեղարկելու լիազորությամբ, Հայաստանը հռչակեք միապետություն: Չեք կարծո՞ւմ, որ նման տրամաբանությունը նշանակում է թքել ՀՀ սահմանադրության վրա, այն դարձնել պոլի շոր եւ ձեր քաղաքական այսօրվա խնդիրը լուծելու համար ձեւախեղել սահմանադրությունը: Ինչպես դուք եք ասում, մի օր այս կամ այն ֆորսմաժորային իրավիճակում կչեղարկեք ԱԺ ընտրությունները: Ինչ ուզեք կանեք, որովհետեւ տվյալ պահի ֆորսմաժորային իրավիճակը կթելադրի որեւէ նպատակահարմարություն»:

Վահագն Հովակիմյանը չհամաձայնեց. «ԱԺ ընտրությունների ճակատագիրն ամրագրված է սահմանադրությամբ, այսինքն՝ ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում ընտրություններ չեն անցկացվում: Սահմանադրությունը նաեւ ամրագրում է, թե ռազմական եւ արտակարգ դրության ավարտից հետո ինչպես են կազմակերպվում ընտրությունները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031