Մշակութային և հասարակական գործիչ Վահան Արծրունու հետ զրույցում անդրադարձել ենք պատասխանատվության, կարգապահության, անհրաժեշտ գիտակցությանն առնչվող հարցերին՝ հիմքում դիտարկելով կորոնավիրուսի ներկայիս տարածման չնվազող տեմպերը, սկզբնական փուլում արված աշխատանքներն ու հետագա քայլերի հնարավորությունը:
«Մենք առնվազն երկու շաբաթով ուշացանք: Երբ այս իրավիճակում կառավարությունը ստեղծում է պարետատուն, որը համակարգում է և՛ տնտեսական կյանքը, և՛ սոցիալական հարաբերությունները և՛ բժշկական խնդիրները, այդ պահից կառավարությունն ամբողջովին իր վրա է վերցնում պատասխանատվությունը: Երբ խոսում ենք պարտավորությունների վերաբաշխման մասին, մենք չպետք է մոռանանք, որ հատուկ ստեղծված մարմին կա: Եվ այս պարագայում չի կարելի պատասխանատվության չափը բաշխել բնակչության վրա, որովհետև բնակչության իրազեկման խնդիրն էլ է այդ հատուկ մարմնի պարտավորությունների շրջանակում:
Ընդհանուր առմամբ, բնակչությունը մինչ օրս ճիշտ կողմնորոշված չէ, բնակչության մոտ կորոնավիրուսի նկատմամբ ունեցած վերաբերմունքը միանշանակ չէ:
Տարբեր մոտեցումներ են դրսևորում, որովհետև, վտանգի մասին իրազեկելով, այդուհանդերձ, համապատասխան աշխատանք չի տարվել, որպեսզի բնակչությունը հաստատ համոզված լինի վտանգի առկայության մասին»:
Կարդացեք նաև
Խոսելով վարակի նկատմամբ շատ դեպքերում անլուրջ վերաբերմունքի առկայության մասին՝ նա ընդգծեց. «Բնակչության անլրջության հիմքում իշխանության տարբեր ներկայացուցիչների անլրջությունն է, որը կար սկզբնական շրջանում: Չե՞ք տեսնում այս կապը: Մեկը մյուսի հետևանքն է, և հիմա մեղադրել մեր ազգաբնակչությանը նման անլրջության մեջ, նշանակում է՝ նոր իրարամերժություն ստեղծել»:
Ամփոփելով՝ Արծրունին հավելեց. «Ընդհանրապես, արտակարգ իրավիճակը խստություն ու խստապահանջություն է թելադրում յուրաքանչյուր պարագայում: Հիմա եթե պարտադրում են դիմակները կրել, պետք է կրել, եթե պարտադրում են ձեռնոց կրել, պետք է կրել: Պարետատան բոլոր կարգադրանքները, անշուշտ, պետք է կատարել, որովհետև դրանք չեն հակասում ողջամտությանը: Այո, այդ ամենը ուշացած է, բայց գոնե նրանք, ովքեր մինչ օրս չեն վարակվել, ինչ-որ չափով երաշխավորված կլինեն այդ վտանգներից: Այս պարագայում, իհարկե, առաջին տեղում յուրաքանչյուր անհատի կարգապահությունն է: Կարգապահություն և ինքնակազմակերպվածություն»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: