ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այսօր, նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը, ասաց, որ պարետատունը գիտի այն ձեւը, որով կարող են կորոնավիրուսի ցուցանիշները հասցնել զրոյականի: «Այս ընթացքում պարետատունը հաստատել է ոլորտային անվտանգության կանոններ եւ մենք խնդիր ենք դրել այդ ոլորտային կանոններից դուրս բերել համընդհանուր կանոն եւ փորձել ենք այդ կանոնը հնարավորինս պարզեցնել, որպեսզի այդ ուղերձը մեր քաղաքացիներին հնարավորինս պարզ լինի եւ կիրառելի: Կորոնավիրուսի ցուցանիշները նվազեցնելու համար անհրաժեշտ է կիրառել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել կամ լվանալ ձեռքերը եւ պահպանել սոցիալական հեռավորություն»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով, այսօրվա թվերը ցույց են տալիս, որ չենք սովորել ապրել կորոնավիրուսի վարակին զուգահեռ. «Գոնե առաջիկա մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսը ներկա է լինելու եւ մենք ունենալու ենք ոչ միայն տեղական, այլ համաշխարհային կորոնավիրուսի հետ հաղորդակցություն: Այսօր մենք մեր բազմաթիվ քաղաքացիների արտերկրից վերադարձնում ենք հայրենիք եւ այդ քաղաքացիների մեջ լինում են եւ հետագայում էլ կլինեն կորոնավիրուսով վարակված քաղաքացիներ, եւ եթե մենք հանրային վարքագծով չկարողանանք կանխել կորոնավիրուսի տարածումն, ապա անընդհատ կանգնելու ենք նման իրավիճակի առաջ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ