Երկու տարի առաջ նախկին իշխանություններին ու Սերժ Սարգսյանին իշխանությունից կտրված լինելու մեջ մեղադրող իշխանականների ելույթներից ու գործողություններից տպավորություն է ստողծվում, թե նույն կարգավիճակում հայտնվել են հենց իրենք։
Երեկ «Իմ քայլի» ամենաունիկալ պատգամավորներից մեկը՝ Վաղարշակ Հակոբյանը, ով բոլորովին վերջերս չէր իջնում մամուլի էջերից՝ ՄԻՊ Արման Թաթոյանի հասցեին ԱԺ ամբիոնից հնչեցրած հոխորտանքներով, երեկ հանկարծ որոշել էր խոսել «խոսքի արժեքի» ու կարեւորության մասին, այն պարագայում, երբ ինքն ու իր թիմը «թքած ունեն» իրենց խոսքի, դրա ճշմարտացիության եւ հետեւանքների վրա։ «Ինչ ջուռի մարդ ասես՝ կա Ազգային ժողովում». երեկվա նիստում քննարկվող օրակարգից շեղվեց Վաղարշակ Հակոբյանը՝ առաջարկելով մտածել որոշներին իրենց խոսքերի համար պատասխանատվության ենթարկելու մասին։
«Եթե պատգամավորն ամբիոնի մոտ ակնհայտ ապատեղեկատվություն է տարածում, ինչը միջազգային հարթակներում ՀՀ վարկանիշի համար կարող է հետեւանք ունենալ կամ հանրության շրջանում սխալ տեղեկություն տարածել, կարծում եմ՝ տվյալ մարդը պետք է կրի պատասխանատվություն, թեեւ այս պահին նման պատասխանատվություն չկա»,- համոզմունք հայտնեց Վաղարշակ Հակոբյանը:
Մենք զրուցեցինք նրա հետ՝ պարզելու՝ իր մտահոգությունների առիթն ընդդիմադիրնե՞րն են տվել, թե՞ սեփական թիմակիցները, նախեւառաջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
– Ամբիոնը կարեւոր նշանակություն ունի՞ Ձեր ելույթի բովանդակային մասում։
– Ոչ, ամբիոնի կարեւորությունը՝ իր հերթին, ընդհանրապես, խոսքի պատասխանատվությունն է շատ կարեւոր, բայց, այո, կարեւոր է ԱԺ ամբիոնից ելույթ ունենալու խոսքի պատասխանատվությունը։ Կարծում եմ՝ Դուք ինձ հետ համակարծիք եք, որ մարդը պետք է պատասխանատու լինի իր խոսքերի համար։
– Այո, համաձայն եմ ու գտնում եմ, որ, օրինակ, ձեր խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահին «կաշառակեր» հռչակելու հայտարարությունից հետո պատգամավորը պետք է հաղորդում տար իրավապահներին, որ կաշառողն ու կաշառվողը՝ Սերժ Սարգսյանն ու Բուքիքիոն, պատասխանատվության ենթարկվեին, հակառակ պարագայում նա անպատասխանատու հայտարարություն է արել, եւ ինքը պետք է սուտ մատնության համար պատժվի։
– Կոնկրետ դա չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ խորքային ծանոթ չեմ։
– Իսկ ձեր թիմի պաշտոնյաները, կարծում եք, հասկանո՞ւմ են իրենց խոսքի արժեքը։
– Ես չեմ ուզում մասնավորեցնել եւ անձնավորել, խոսում եմ գլոբալ պատասխանատվության մասին։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: