Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամներն այս օրերին անցկացնում են թիմային մարզումներ, որոնց մարզչական կազմը ներգրավում է մարզերում ապրող բռնցքամարտիկներին: Թեև բռնցքամարտում միջազգային մրցումային օրացույցային պլանը դեռ հայտնի չէ, բայց Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան անում է հնարավորը, որպեսզի բռնցքամարտիկները շատ արագ վերականգնեն կորոնավիրուսի պատճառով բաց թողածն ու հետ չընկնեն ընդհանուր ռիթմից:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է, որ այս ընթացքում անձնական մարզիչները շատ լավ են աշխատել: «Կորոնավիրուսով պայմանավորված, այս ընթացքում բռնցքամարտիկները մարզվել են անհատական ծրագրով: Ճիշտ է, ես հաճախ այցելել ու հետևել եմ նրանց մարզումներին, բայց, ընդլայնված խմբով թիմային մարզումներն իրենց նշանակությունն ու դերն ունեն, և իմ նպատակն էր բոլորին տեսնել միասին ու հասկանալ՝ ինչ մարզավիճակում են: Կարող եմ ասել, որ տղաների անձնական մարզիչները լավ են աշխատել, ու մեր բռնցքամարտիկները նման դժվարին իրավիճակում հիմնականում կարողացել են պահել մարզավիճակը:
Ամեն դեպքում կորոնավիրուսի այս օրերին մենք այսպիսի ընդլայնված մարզումներ հաճախ կկազմակերպենք, որպեսզի տղաները լինեն իմ հսկողության տակ: Մարզումներն ու նախապատրաստական փուլն ավելի արդյունավետ դարձնելու համար ծրագրում ենք մարզումներ կազմակերպել նաև Գյումրիում և Վանաձորում: Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը անում է ամեն բան, որպեսզի բռնցքամարտիկները լավագույնս նախապատրաստվեն և ունենան մարզումային անհրաժեշտ պայմաններ: Մենք այժմ նախատեսում ենք նաև այնպիսի հավաքներ, որտեղ տղաները մեկուսացած կլինեն արտաքին աշխարհից ու անվտանգ կկարողանան մարզվել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ