Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ինքնորոշման միջազգային դե յուրե ճանաչում. Փաշինյանի արձանագրումը Շուշիից

Մայիս 27,2020 12:00

«Ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն պիտի՛ բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային՝ դե յուրե ճանաչմանը»

Մայիսի 21-ին Շուշիում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստում կայացավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցելու նպատակով Արցախ էին մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանը: Արարողությանը մասնակցեցին Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Հայաստանի եւ Արցախի խորհրդարանականներ, հասարակական, քաղաքական գործիչներ:

Փաշինյանը երդմնակալության արարողությանն իր ելույթում կարեւորեց միտքը, որ արցախյան ազատամարտի ամենամեծ նվաճումը մեր ազգային մտածողության փոփոխությունն է: «Մտածողության փոփոխությունն էր, որ բերեց 2018թ. ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության, իսկ մտածողության այդ փոփոխությունը մեկնարկել է Արցախյան ազատամարտի հաղթական արդյունքով եւ հաղթական արդյունքից: «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը ծագել է երկուհազարականների երկրորդ տասնամյակում եւ դրանով առաջնորդվել են Հայաստանում փոփոխությունների համար պայքարող ամենատարբեր խմբեր ու անհատներ: Բայց այդ կարգախոսն առանց վանկարկելու՝ 90-ականների առաջին կեսին կյանքի են կոչել Արցախի ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը, մեր ընկած եւ կենդանի ազատամարտիկները՝ Արցախյան հերոսամարտի ընթացքում»,- ընդգծեց նա:

Ըստ Փաշինյանի՝ Արցախյան ազատամարտն իր հերթին մեկ ուրիշ՝ 1988-ին Հայաստանում եւ Արցախում մեկնարկած՝ բովանդակության եւ էության մեջ ժողովրդավարական հեղափոխության, Ղարաբաղյան շարժման արդյունք էր, որն իր հերթին բերեց մեր ազգային մտածողության այնպիսի փոփոխության, որը հնարավոր դարձրեց Արցախյան ազատամարտը: «Այս ամենն ասում եմ մի շատ կարեւոր արձանագրում անելու համար. ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն Արցախյան ազատամարտին, նրա նպատակներին ու էությանը, նրա երազանքներին ու արժեքներին հակադրելու բոլոր փորձերն ի զուր են եւ ինչպես 1988-ին մեկնարկած եւ հաղթած հեղափոխությունը բերեց Արցախի ազատագրման, այնպես էլ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն եւ հրամայաբար պիտի՛ բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային` դե յուրե ճանաչմանը: Եվ ուրեմն, իմ կոչն ու աղերսն է, եկեք մեր ազգային էներգիան եւ ուժը որեւէ կերպ, որեւէ հարթակում, որեւէ պատճառով չօգտագործենք ինքներս մեզ այս նպատակից շեղելու, այս ճանապարհին հոգնեցնելու, ուժասպառ անելու, հուսահատ դարձնելու համար»,- կոչ արեց Փաշինյանը:

«Ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Արցախի նախագահ Բակո Սահակյանը», արձանագրեց Փաշինյանը

Հատկանշական էր, որ իր ելույթում Փաշինյանը շեշտեց Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի գործոնը՝ շնորհակալություն հայտնելով Արցախի երրորդին` Արցախի եւ Հայաստանի ժողովրդին, մեր պետականությանն իր մատուցած ծառայությունների եւ առանձնահատուկ կերպով վերջին երկու տարիների մեր համատեղ աշխատանքի համար:

Փաշինյանը ներկաներին հայտնեց. «Վերջերս նեղ կազմով մեր քննարկումների ընթացքում ասել եմ, հիմա ուզում եմ կրկնել հրապարակային. 2018-ին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Ընդ որում, այդ վիճակը դժվար է եղել թե քաղաքական, թե բարոյական, թե մարդկային եւ թե պետական իմաստներով, այդ վիճակը լի է եղել բազմաթիվ դիլեմաներով, որոգայթներով եւ երկիմաստություններով: Վերջին տարում մեր հարաբերություններն անխուսափելիորեն կրել են այդ դիլեմաների, երկիմաստությունների, որոգայթների կնիքն ու ազդեցությունը, բայց պատվով կարող եմ ասել, որ մենք հաղթահարել ենք այդ բոլոր խոչընդոտներն՝ առանց բացառության եւ հիմա կարող եմ ասել, որ ի դեմս Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի` ձեռք եմ բերել վստահելի ընկեր եւ բարեկամ եւ ուրախ ու շնորհակալ եմ դրա համար»:

Շնորհավորելով Արցախի նորընտիր՝ չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով, Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ կառավարությունն ուշի ուշով հետեւել է Արցախում տեղի ունեցող ընտրական գործընթացներին. «Ընտրություններից առաջ ոմանք կանխատեսում էին, որ Արցախում տեղի կունենա հեղափոխություն, ոմանք կանխատեսում էին, որ տեղի կունենա հակահեղափոխություն: Ի սկզբանե իմ դիրքորոշումը եղել է այն, որ Արցախը չպետք է լինի ոչ հեղափոխության, ոչ էլ հակահեղափոխության թատերաբեմ: Արցախը չէր կարող լինել հակահեղափոխության թատերաբեմ, որովհետեւ մեր ժողովրդի մի հատվածը ի բնե որեւէ սցենարով չի կարող եւ չէր կարող հակադրվել մեր ժողովրդի մյուս հատվածին: Արցախը հեղափոխության թատերաբեմ դառնալու կարիք չուներ էլ, որովհետեւ ինչպես ասել եմ, Արցախի ժողովուրդը 2018թ. հեղափոխության լիարժեք մասնակից էր եւ հետո՝ Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մասնակիցների մեջ կային ուժեր եւ թեկնածուներ, որոնք աներկբա եւ անվերապահորեն ողջունել են ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունը, իրենց աներկբա եւ միանշանակ աջակցությունն ու լոյալությունը հայտնել Հայաստանի ժողովրդական կառավարությանը: Թե խորհրդարանական եւ թե նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ են տարել հենց այս ուժերը, եւ Արցախի նախագահ է ընտրվել հենց այդպիսի քաղաքական գործիչ՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի»:

Փաշինյանի գնահատմամբ՝ այսպիսի ընտրությունը նշանակում է, որ չնայած հենց բուն Արցախում հեղափոխություն տեղի չի ունեցել, բայց Արցախն ամբողջությամբ եւ աներկբայորեն հեղափոխության մաս է եւ Արցախի ժողովուրդը ընտրությունների արդյունքներով արտահայտել է բարեփոխումներ իրականացնելու, բարեփոխումների քաղաքական ուղեգիծ որդեգրելու իր աներկբա կամքը: «Այս առումով, Արցախի նորընտիր իշխանությունը, Հայաստանի եւ Արցախի իշխանությունները միասնական եւ հավաքական պատասխանատվություն ունեն հայ ժողովրդի առաջ՝ բարեփոխումներ իրականացնել Հայաստանում, բարեփոխումներ իրականացնել Արցախում: Մարդիկ պետք է տեսնեն փոփոխություններ, մարդիկ պետք է զգան այդ փոփոխությունները՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգի, խոսքի ազատության, ընտրական համակարգի արդարության եւ վստահելիության ոլորտներում եւ համոզված եմ, որ այդ փոփոխությունները տեղի կունենան»:

Ամփոփելով խոսքը՝ Փաշինյանն ընդգծեց, որ սա ընդամենը քաղաքական հայտարարություն չէ, այլ հստակ ձեւակերպված ըմբռնում եւ խոսքն ուղղեց Արայիկ Հարությունյանին. «…Հավատում եմ բարեփոխումների, ստեղծարար փոփոխությունների ճանապարհով գնալու Ձեր քաղաքական կամքին ու վճռականությանը: Ես հավատում եմ, որ երկար տարիներ Արցախի վարչապետ եղած լինելու Ձեր փորձառությունը մեզ պիտի ոչ թե տանի անցյալի ճանապարհներով, այլ պիտի օգնի չկրկնել անցյալի մեր սխալները, պիտի օգնի իմաստնության դասեր քաղել անցյալի սխալներից, որովհետեւ մեր սխալները մեր ամենամեծ ուսուցիչն են, եթե, իհարկե, մենք սովորելու, սերտելու կամք ունենք, մեր սխալները առաջ գնալու, խոչընդոտները հաղթահարելու ամենամեծ խթանն են, եթե իհարկե մենք առաջ գնալու կամք ունենք»:

«Չկա Հայաստանի ժողովուրդ, Արցախի ժողովուրդ, կա հայ ժողովուրդ»

Արցախի նախագահի երդմնակալության հաջորդ օրն արդեն կայացավ Նիկոլ Փաշինյանի եւ Արայիկ Հարությունյանի առանձնազրույցը, որի ընթացքում Փաշինյանն արձանագրել էր, որ Արցախում հաստատված է շատ լավ մթնոլորտ: Նա կարեւորել էր Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ արդյունավետ համագործակցությունը, որի համար ըստ նրա՝ կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները:

«Մեր հասարակությանը ես դիտարկում եմ որպես մեկ ամբողջություն, չկա Հայաստանի ժողովուրդ, Արցախի ժողովուրդ, կա հայ ժողովուրդ եւ մենք այդ սկզբունքից ելնելով պետք է պահենք մթնոլորտը, զարգացնենք: Այն նախադրյալները, որոնք այսօր ստեղծված են Արցախում ոչ միայն բարոյահոգեբանական, այլեւ տնտեսության զարգացման, սոցիալական ծրագրերի, հայրենադարձության առումով, ամեն ինչ հնարավոր է իրականացնել համատեղ աշխատանքի շնորհիվ»,- իր հերթին նշել է Արցախի նորընտիր նախագահը: Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը եւ Արայիկ Հարությունյանը հանդիպումը շարունակել են Հայաստանի եւ Արցախի արտաքին գործերի նախարարնե` Զոհրաբ Մնացականյանի եւ Մասիս Մայիլյանի մասնակցությամբ:

Նույն օրը Նիկոլ Փաշինյանը եւ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում հանդիպել էին ՀՀ եւ ԱՀ բանկային համակարգերի ներկայացուցիչների հետ` Կենտրոնական բանկերի ղեկավարների գլխավորությամբ, որի ընթացքում քննարկվել էին ֆինանսական, բանկային համակարգերի համագործակցության ընդլայնմանը, Արցախում հայաստանյան բանկերի գործունեության խթանմանը, բիզնես ծրագրերի ֆինանսավորման ակտիվացմանը, տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում` գյուղատնտեսության, ներդրումային նախագծերի ֆինանսավորմանը վերաբերող հարցեր:

Մայիսի 22-ին կայացել էր հանդիպում նաեւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի միջեւ: Հանդիպումն այնուհետեւ շարունակվել է ընդլայնված կազմով՝ երկու հանրապետությունների խորհրդարանների պատգամավորների մասնակցությամբ:

Անդրադառնալով խորհրդարանի արտաքին կապերին՝ Արցախի ԱԺ նախագահը ընդգծել էր ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ կապերի խորացումը՝ այդ գործընթացում կարեւորելով ՀՀ խորհրդարանի դերը: Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, շնորհավորելով ներկաներին համապետական ընտրությունների կապակցությամբ, անդրադարձել է Արցախի եւ Հայաստանի խորհրդարանների համագործակցությանը՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը՝ երկրի դիրքորոշման ներկայացման գործում: «Խաղաղ բանակցությունների արդյունքը, արցախյան հիմնախնդրի վերջնական լուծումը պետք է հիմնված լինեն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման վրա, եւ չի կարող լինել որեւէ լուծում, որը չի ունենա Արցախի եւ Հայաստանի ժողովրդի համաձայնությունը»,- նշել էր Արարատ Միրզոյանը:

Արցախի նախագահի երդմնակալությամբ, այսպիսով, Հայաստան-Արցախ համագործակցության նոր փուլի մեկնարկը տրվեց: Փաշինյանն ակնհայտորեն ցույց տվեց, որ այսուհետ Արցախի զարգացումը պատկերացնում է մտածելակերպի փոփոխությամբ եւ դրա համատեքստում՝ բարեփոխումների իրականացմամբ՝ հնարավորություն տալով բոլորին իր ներսում կատարված փոփոխությամբ գործելու, աշխատելու:

Հայաստանի եւ Արցախի միասնականության ցուցադրման մի նոր առիթ ստեղծվեց անցյալ շաբաթ: Արցախի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը զուգահեռ Ադրբեջանն էլ իր մասին հիշեցրեց. Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 18-22-ը անցկացրեցին «լայնածավալ ռազմական զորավարժություններ», իսկ Արայիկ Հարությունյանի երդմնակալությունից մեկ օր անց, լայնածավալ զորավարժությունների վերջին օրն՝ ադրբեջանական զինված ուժերը դիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկեցին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիքերից մեկի ուղղությամբ:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 26.05.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031