Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ պարկը» համազգային գործ է, համազգային ստեղծագործություն

Մայիս 27,2020 14:00

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած գաղափարի եւ օրերս հնչեցրած «Հայ պարկ»՝ համազգային հիշողության այգի հիմնելու առաջարկության հեղինակային իրավունքը ժողովրդինն է, ժողովրդական, քանի որ մեծ հաշվով դրա ինչպես հասցեատերը, այնպես էլ սեփականատերը մենք բոլորս ենք: Եթե «Հայ պարկը» դիտարկենք սոսկ որպես այգի-նախագիծ, գուցե թե առաջին հայացքից այն թվա պարզ մի գծապատկեր, որքան էլ որ այդ նախագծի վրա, Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ եւ մեկենասությամբ, դեռ տարիներ առաջ  աշխատել է մասնագիտական խումբ լանդշաֆտային հայտնի մի ընկերությունից:

Եվ այսպես, Ծիծեռնակաբերդի այգում՝ ավելի քան 100 հեկտարանոց տարածքի վրա նախատեսվում է հիմնել Ազգային պարկ՝  լանդշաֆտային դիզայներական յուրահատուկ լուծումներով ու կանաչապատումով: Այն կներառի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, ցեղասպանության թանգարան-ինստիտուտը եւ մարզահամերգային համալիրը:

«Անցյալի, ներկայի եւ ապագայի հիշողությունների այգու»՝ «Հայ պարկի» առաջին հատվածը նվիրված կլինի Արեւմտյան Հայաստանի պատմական գավառներին՝ Էրզրում, Սվազ, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ,…  Ճարտարապետական եւ գեղարվեստական, ինժեներական եւ դիզայներական նորագույն լուծումներով կներկայացվեն յուրաքանչյուր գավառի պատմությանն առնչվող նյութեր եւ պատկերներ։

Այնուհետ մեկ այլ միջավայրում կներկայացվեն Ցեղասպանությունից հետո աշխարհասփյուռ հայ պանդուխտների եւ նրանց սերունդների պատմությունը, հայկական գաղութների հոգեւոր, կրթական եւ մշակութային կյանքը պատմական հայրենիքից դուրս։

«Հայ պարկի» մեկ այլ հատվածը նվիրված կլինի այսօրվա Հայաստանին ու Արցախին։

Ողջ տարածքով մեկ, ի հիշատակ ցեղասպանության զոհ դարձած անմեղ նահատակների, կտնկվի 1,5 միլիոն ծառ: Երեւանը կկարողանա շնչել ավելի ազատ, մենք կկարողանանք ապրել ու շնչել տարածքով ավելի մեծ կանաչ, ծառածածկ միջավայրում: Կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր՝ ժամանակավոր եւ մշտական: Սա, ինչպես ասում են, «Հայ Պարկի» նախագծի համառոտ պատկերն է՝ սխեմատիկ ներկայացմամբ. պատմական առնչություններով լի հանգստի գոտի, զբոսայգի, հիշեցումի, պահանջի, ինչպես նաեւ պատմությունն ուսուցանելու ինքնատիպ վայր։

Սակայն ամենից առաջ «Հայ պարկը» բարոյական լիցքով նախագիծ է: Այն հավակնում է դառնալ մեր հիշողության օրագիրը՝ երեկվա, այսօրվա եւ վաղվա հիշողության: Ի վերջո, այգին չի լինելու սոսկ անտառածածկ տարածք կամ ճարտարապետական, նորարարական ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ցուցադրություն: Այդ ամենն, իհարկե, կարեւոր է: Սակայն եթե նման գաղափարի մեջ չկան մարդկային զգացմունք ու մտածողություն, եթե գաղափարը պատյան է առանց ներաշխարհի, առավել եւս՝ հայկական ներաշխարհի, այն կարող է դառնալ ծառերի անշունչ հավաքատեղի:

Մինչդեռ, նախագահ Սարգսյանի նախաձեռնած «Հայ պարկը», վստահաբար, առաջին հերթին ենթադրում է հայության անցյալն ու ներկան մեկտեղելու, ստեղծագործ տաղանդն ու եռանդը համախմբելու գաղափարի իրականացում, ենթադրում է համազգային հավաքատեղի ոչ միայն Ապրիլի 24-ի հիշատակի օրը, այլեւ ցանկացած եւ յուրաքանչյուր օր, երբ երեւանցին կուզենա իր քաղաքին նայել Ծիծեռնակաբերդի բարձունքից լիարժեք շնչառությամբ, երբ էրզրումցին կուզենա ջրել «Հայ պարկի» էրզրումյան հատվածում գտնվող ծառերը, երբ ավստրալահայը կցանկանա հեռավոր ափերից բերած իր կարոտը տարածել «Հայ պարկի» ավստրալահայկական մասում, երբ Մալաթիայից սերված գլենդելահայը օր առաջ կուզենա բարեկարգել «Հայ պարկի» հայրենական իր հատվածը, երբ Հադրութից բերված տնկին արցախցու ձեռամբ կտնկվի «Հայ պարկի» արցախյան հատվածում, երբ Բեյրութից…, երբ Փարիզից…, երբ Ջավախքից…., երբ Մոսկվայից…

Բայց, ինչպես ասում են, քնարական զեղումներից առաջ պետք է գործ անել: «Հայ պարկի» գաղափարի մեջ նաեւ քնարականություն եւ ռոմանտիզմ կա, բայց այն նախ մեզ կոչում է ի գործ: «Հայ պարկը» համազգային գործ է, համազգային ստեղծագործություն: Որովհետեւ այն համազգայի՛ն այգի է:

Մ. ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

26.05.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031