Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինուհուն 8,5 տարվա ազատազրկման են դատապարտել Հայաստանում

Մայիս 27,2020 13:30

Իլյանայի հարազատները եւ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունն ու հյուպատոսարանը պատրաստ են փնտրել վարձով բնակարան, որտեղ Ի. Շելեւերը կգտնվի այնքան, որքան կընթանա սույն քրեական գործի դատաքննությունը:

2015թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ Ս. Ոսկանյանը որոշում էր կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քրեական գործ հարուցելու եւ այն վարույթ ընդունելու մասին՝ Իլյանա Շելեւերի կողմից 2015թ. նոյեմբերի 10-ին իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով՝ 3004,53 գրամ քաշով «Կոկաին» տեսակի թմրամիջոց ապօրինի փոխադրելու եւ ՀՀ մաքսային սահմանով մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով Հայաստան տեղափոխելու դեպքի առթիվ։ Իլյանա Շելեւերին նույն օրը ի սկզբանե մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Ի սկզբանե Ուկրաինայի քաղաքացի Իլյանա Շելեւերը չի ապահովվել թարգմանով:

Թարգմանը ներկայացել է 2015թ. նոյեմբերի 10-ի ուշ երեկոյան: Մինչդեռ, մեղադրական եզրակացության մաս կազմող ապացույցներից ակնհայտ է, որ Իլյանայի ուղեբեռի զննության արձանագրությունը սկսել է կազմվել մեկ օր առաջ` նոյեմբերի 10-ի ժամը 15:20 րոպեին: Ըստ պաշտպան Գայանե Գրիգորյանի (լուսանկարում), միայն թարգմանի ներկայությունը դեռեւս չի հաստատում, որ իր պաշտպանյալի` Իլյանայի մասնակցությամբ կատարված բոլոր քննչական գործողությունները հասանելի լեզվով թարգմանվել են վերջինիս, քանի որ ինչպես նշված էր դատարան ներկայացված իր միջնորդությունների մեջ, թվարկված արձանագրությունները գրավոր կերպով չեն թարգմանվել պաշտպանյալին, հետեւաբար, նա չէր կարող հասկանալ, թե թարգմանի կողմից ի՞նչ տեքստ է թարգմանվել: Հայտնի չէ, թե ինչպե՞ս է նախաքննական մարմինը ընդամենը 1 օր տեւած նախաքննության ընթացքում հաստատված համարել կատարվածը, երբ քննիչը հարցաքննել էր միայն Իլյանա Շելեւերին, որն ի սկզբանե հայտնել է, որ նույնիսկ չի դիպչել ուղեբեռին, մանրամասն չի իմացել, թե ի՞նչ է տեղափոխում, քանի որ իր՝ Բրազիլիա մեկնելու նպատակը տպագրական ներկի հումք եւ ռադիոմասեր տեղափոխելն է եղել, իսկ հիգիենայի պարագաներով տարաների մասին իմացել է այնքանով, երբ իրեն ասել են, որ ճամպրուկում նաեւ նվերներ են իր համար: Նա նույնիսկ մինչեւ ՀՀ իրավապահ մարմինների հրահանգը չի դիպչել ուղեբեռում առկա իրերին: Ուստի, չէր կարող իմանալ, թե ի՞նչ է իրականում այնտեղ, ուր մնաց, թե դրանք անցկացներ երեք պետությունների սահմանով, այն էլ՝ մաքսանենգ ճանապարհով:

Իլյանա Շելեւերի պաշտպան, փաստաբան Գայանե Գրիգորյանի տեղեկացմամբ, մեղադրական եզրակացության` Իլյանա Շելեւերին տրամադրված օրինակում առկա չէ ամբողջական ամսաթիվ եւ մեղադրական եզրակացությունը հաստատող պետական մարմնի ստորագրություն, նշված է, որ. «Իլյանա Շելեւերը մեղադրվում է այն բանում, որ նա, նպատակ ունենալով մաքսանենգությամբ թմրամիջոցի խմբաքանակ տեղափոխել Հայաստան եւ իրացնել, Բրազիլիայի Ֆեդերատիվ Հանրապետությունից, դեռեւս չպարզված անձից ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ 3004,53 գրամ քաշով «Կոկաին» տեսակի թմրամիջոց, որն ապօրինի պահելով իր ուղեբեռում՝ տարբեր տեսակի հիգիենայի պարագաների տարաներում նախօրոք պատրաստված թաքստոցներում, 2015թ. նոյեմբերի 10-ին ՀՀ մաքսային սահմանով՝ «Զվարթնոց» մաքսակետով, Դուբայ-Երեւան թիվ FZ 715 ավիաչվերթով, մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, ապօրինի փոխադրելով, տեղափոխել է ՀՀ, այսինքն, հանցագործություններում նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով եւ 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով»:

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2015թ. նոյեմբերի 12-ի որոշմամբ Իլյանայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվում կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով` կալանքի սկիզբը հաշվելով 2015 թվականի նոյեմբերի 11-ից։ Ապա կալանավորումը երկարացվում է մի քանի անգամ` երկու ամիսը մեկ:

Պաշտպանը տեղեկացնում է, որ 2016թ. հոկտեմբերի 20-ին քրեական գործն ուղարկվում է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որը մակագրվում է դատավոր Ռ. Պապոյանին: 2016 թվականի հոկտեմբերի 24-ին դատարանը որոշում է կայացրել քրեական գործը վարույթ ընդունելու մասին:

Ի դեպ, այս գործով անջատվում է մի մաս` առանձնապես խոշոր չափի թմրամիջոցի ապօրինի շրջանառության եւ մաքսանենգության հետ Օլգա Նեւոլինա, Պյոտր Գուս, Իգոր, Ահմեդ Յունուս, Ալեքսանդրիա տվյալներով անձանց հնարավոր առնչության վերաբերյալ քննիչի՝ 2016 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ: 2016 թվականի հոկտեմբերի 24-ին դատարանը որոշում է կայացրել քրեական գործը վարույթ ընդունելու մասին:

Դատավճիռը հրապարակվում է 2019թ. մայիսի 7-ին, դատարանը

Իլյանային մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ եւ վերջնական պատիժ է նշանակում 8 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը` առանց գույքի բռնագրավման` մաքսանենգության առարկայի` թմրամիջոցի բռնագրավմամբ։

Վերաքննիչ բողոքներ են ներկայացնում թե պաշտպանական կողմը, թե մեղադրող դատախազ Գ. Հովակիմյանը:

Այս տարվա հունվարի 29-ին քրեական վերաքննիչ դատարանը մերժեց բողոքները, եւ դատավճիռը թողեց անփոփոխ:

Գայանե Գրիգորյանն «Առավոտի» հետ երեկ հեռավար զրույցի ժամանակ ասաց. «Վիճարկվող որոշումը Իլյանա Շելեւերին չի տրամադրվել սահմանված ժամկետում եւ թարգմանված իրեն հասկանալի ռուսերեն կամ ուկրաիներեն լեզուներով, չնայած նրան, որ Ի. Շելեւերը չի տիրապետում հայերեն լեզվին եւ ներկայացել է ռուսերենից հայերեն եւ հակառակ լեզուներով թարգմանություն իրականացնող թարգմանչի միջոցով: Քանի որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված պարետի որոշմամբ ՀՀ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել` ունենալով սոցիալական պատասխանատվության զգացում սեփական եւ շրջապատի հանդեպ, ՀՀ-ում արտակարգ իրավիճակ հայտարարվելուց հետո մինչ օրս չեմ այցելել ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող սույն քրեական գործով ամբաստանյալին, այլ վերջինիս հետ հեռախոսազրույց ունենալուց հետո եմ պարզել, որ Ի. Շելեւերին որոշումը տրամադրվել է հայերեն տարբերակով, որի հետ կապված ինքը դիտողություն է ներկայացրել: Վիճարկվող որոշումն ինձ է ուղարկվել ընդամենը ապրիլի 23-ին, որը ես ստացել եմ միայն չորս օր հետո` ապրիլի 27-ին: Ես դիմել եմ Վճռաբեկ դատարան՝ վերաքննիչ դատարանի որոշման դեմ, վճռաբեկ բողոքին կից ներկայացրել եմ թիվ RR281052301AM փոստային առաքանու ծրարի պատճենը, ինչպես նաեւ «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքից արտատպված թիվ RR281052301AM փոստային առաքանու պատմությունը»:

Պաշտպանը բողոքարկում է դատավճիռը` Ի. Շելեւերին առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելու, նրա նկատմամբ պատիժ նշանակելու, խափանման միջոցի ընտրության եւ դատական ծախսերի բռնագանձման մասով պաշտպանական կողմի ներկայացված վերաքննիչ բողոքը մերժելու մասով:

Պաշտպանը դատարանի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ իր կողմից հիշատակված ՀՀ Ազգային ժողովի կողմից 16.05.2016թ.-ին ընդունված եւ 25.06.2016թ.-ին օրինական ուժի մեջ մտած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-83-Ն օրենքի 5-րդ եւ 9-րդ հոդվածների հիմնավորմամբ, համաձայն որոնց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածը ուժը կորցրած է ճանաչվել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով, 2016 թվականի օգոստոսի 10-ին մեղադրյալ Իլյանա Շելեւերին կրկին առաջադրված մեղադրանքի, այն է. ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն, մեղադրական եզրակացության մեջ պետք է նշվեր, թե նման հոդվածով մեղադրանք առաջադրելու համար 267.1 հոդվածի 1, 2-րդ, 3-րդ մասերով նախատեսված ո՞ր արարքն է, որը կատարվել է:

Ըստ նրա բողոքի էլ, մեղադրական եզրակացության մեջ պատճառաբանված չէ, այն է՝ նշված չէ, թե ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1, 2-րդ, 3-րդ մասերով նախատեսված ո՞ր արարքն է, որը կատարվել է:

«Այստեղ հատկանշական է նաեւ այն փաստը, որ մեղադրական եզրակացության անբաժանելի մաս կազմող եւ դրա հավելվածը համարվող տեղեկանքի 1-ին կետի համաձայն՝ հանցագործությունը կատարվել է 2015թ. նոյեմբերի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում: Այսինքն, մեղադրական եզրակացությամբ նշված ենթադրյալ հանցագործության նույնիսկ կատարման ժամանակահատվածը եւ ամսաթիվը հստակեցված չեն եւ հակասում են մեկը մյուսին:

Համադրելով քրեական գործով ձեռք բերված եւ դատարանում հետազոտված փաստական տվյալներն ու ապացույցները, առաջին ատյանի դատարանի համար ակնհայտ պետք է լիներ, որ Իլյանա Շելեւերին առաջադրված մեղադրանքն անհիմն է, այն քրեական գործի փաստական տվյալների, ապացույցների միակողմանի՝ մեղադրական թեքումով գնահատման արդյունք է, քանի որ քրեական գործով ձեռք բերված ապացույցներով չի հաստատվել Իլյանա Շելեւերի կողմից իրեն մեղսագրվող հանցավոր արարքը կատարելու հանգամանքը: Ավելին՝ հերքվել է»,-ասում է պաշտպանը:

Գ. Գրիգորյանն իր վճռաբեկ բողոքում ուշադրություն է հրավիրել հետեւյալի վրա էլ. «Հարկ եմ համարում նշել, որ մինչ ՀՀ մաքսակետով անցնելը Իլյանա Շելեւերն անցել է երկու այլ պետությունների՝ ԱՄԷ-ի եւ Բրազիլիայի մաքսակետերով, որոնք Իլյանա Շելեւերին եւ իր իրերը մանրակրկիտ զննել են եւ թմրամիջոց չեն հայտնաբերել: Ինչպե՞ս ստացվեց, որ երկու մաքսակետով անցնելուց հետո հենց ՀՀ սահմանում պաշտպանյալիս մոտ հայտնաբերվեց թմրամիջոց:

Բացի դրանից, քանի որ պաշտպանյալս հիշողության հետ կապված խնդիրներ ունի, յուրաքանչյուր տվյալ գրի է առել իր նոթատետրում, որը առգրավվել է վերջինիս մոտից: Դրանում առկա չէ որեւէ հայկական անուն, հասցե կամ հեռախոսահամար: Ո՞ւմ պետք է Հայաստանում թմրամիջոց իրացներ պաշտպանյալս, եթե Հայաստանում առաջին անգամ է գտնվել, որեւէ մեկին չի ճանաչում, որեւէ մեկի տվյալ չունի: Ակնհայտ է, որ նույնիսկ եթե պարզվի, որ Իլյանա Շելեւերի ուղեբեռում գտնվել է «Կոկաին» տեսակի թմրանյութ, ինչը ինքնին կասկածելի է, նույնիսկ այդ պարագայում, նախաքննության ընթացքում ձեռք բերված եւ դատարանում հետազոտված նյութերով ձեռք չի բերվել որեւէ վերաբերելի, թույլատրելի ապացույց այն մասին, որ Իլյանա Շելեւերի ուղեբեռում եղել է թմրամիջոց, այն կազմում է հենց այն քաշը, որը ներկայացված է մեղադրական եզրակացության մեջ»:

Պաշտպանը հղում է կատարել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 07.09.2016թ.-ի թիվ 10/2-3605 գրությանն` ուղղված՝ ԱԱԾ քննչական վարչության պետ, գնդապետ Մ. Համբարձումյանին, որով հայտնվել էր, որ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով հնարավոր չի եղել պարզել, թե ով պետք է հանդիպեր Իլյանա Շելեւերին եւ ստանար թմրամիջոցները: Հետեւաբար, ըստ պաշտպանի` Շելեւերի առնչությունն իրեն մեղսագրված արարքին առկա չէ, քննիչը, դադարեցնելու փոխարեն նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, գտել է, որ հավաքված ապացույցները բավարար են քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար:

Պաշտպանն ուշադրություն է հրավիրում նաեւ ուղեբեռում հայտնաբերվածին, որը զննության մասին 10.11.2015թ.-ի արձանագրությամբ` սեւ, սպիտակ գույների պլաստմասսե կտրված տարաներ են, իրենց տուփերով, որոնք նույնպես փաթեթավորվեցին ու կնիքվեցին ոստիկանության «Զվարթնոց» օ/կ-ի գծային բաժնի ծրարների համար նախատեսված կլոր կնիքով: Դրանք ստորագրված լինելու վերաբերյալ որեւէ նշում առկա չէ: Օտարերկրացու ուղեբեռի զննությունը իրականացվել է մինչեւ քրեական գործի հարուցումը, չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգը: Տեսուչի կողմից խուզարկության իրականացում նախատեսված չէ, արդյունքում` հետազոտված տարաների նկարագրությունը չի համապատասխանում ուղեբեռի զննության արձանագրության մեջ նշված նկարագրությանը, օդանավակայանում հայտնաբերված եւ փորձաքննության եզրակացության մեջ նշված փոշենման զանգվածի քաշերն անգամ տարբեր են:

 Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Հինգ տարի անազատության մեջ գնվող Իլյանայի խնամքին են գտնվում ընտանիքի անդամները, ծնողները, թոռը:

Ուկրաինայի Հանրապետության Նիժնյո-Ապշանսկա տարածքային հիվանդանոցի կողմից տրված թիվ 68 տեղեկանքի համաձայն, Իլյանան գտնվում է դիսպանսեր հաշվառման Նիժնյո-Ապշանսկա տարածքային հիվանդանոցում 2013թ.-ից մինչեւ հիմա: Ախտորոշումը՝ ստորին վերջույթների պսորիազ, պրոգրեսիվ ընթացք: Նրա մոտ առկա է արյան շրջանառության անբավարարություն II աստիճանի:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Աբովյան» ստորաբաժանումում նա հաշվառված է «արգանդի բազմահանգույց միոմա: Ադենոմիոզ: Պսորիազ: Լեղաքարային հիվանդություն: Ռեւմատոիդ պոլիարթրիտ: Պարանոցի ձախ հատվածի նորագոյացություն: Վահանաձեւ գեղձի ձախ բլթի գոյացություն (որը պահանջում է հետագա հետազոտություն՝ բարակասեղային պունկցիա ցիտոլոգիական հետազոտմամբ, էնդոկրինոլոգի կոնսուլտացիա բուժման հետագա տակտիկան պլանավորելու նպատակով)» ախտորոշմամբ:

Ունի հոգեկան խնդիրներով հիվանդ ամուսին, տունը վնասվել է հրդեհից, որդին տուժել է ավտովթարից, տառապում է մի շարք հիվանդություններով, բայց երբեք չի դիմել նույնիսկ բանկերին, քանի որ վախեցել է, որ կարող է պետության հետ խնդիր ունենալ։ Իր պետության համար նա օրինակելի քաղաքացի է:

«Առավոտ» օրաթերթ
26.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031