Ժամանակին Պարույր Սեւակն անհանգստությամբ գրել է, թե մեր օպերան ու բալետը արխայիկ շրջանից հեռու չեն անցել եւ շարունակում են խոչընդոտել նորարարությանը։ Եթե հրաշքով գրողը 2013թ. ներկա լիներ Երեւանի օպերային թատրոնում «Երազը» բալետային ներկայացմանը, նա հաստատ պիտի սրբագրեր իր խոսքը։
Ասվածը վերաբերում է Էդուարդ Համբարձումյանի երաժշտությամբ, Ժակլին Սարխոշյանի խորեոգրաֆիայով նշյալ բալետ-ֆանտազիայի բեմադրությանը, որի ձեւավորման հեղինակն է նկարիչ, ավազային անիմատոր Աննա Ամասը։
Առաջին անգամ ԽՍՀՄ-ում 1970 թվականին է «Բոլշոյ» թատրոնում վերոնշյալ անիմացիայով բալետային ներկայացում բեմադրվել, որտեղ մոսկվաբնակ մեր հայրենակից, բեմանկարիչ Արտյոմ Խաչատրյանը էկրանին ավազի մանրացրած խճանկարի եւ շղարշի միջոցով ձեւավորել է Կ. Կարաեւի «Լեգենդ սիրո մասին»-ը։ Ընդ որում, էկրանին միայն ծովի ալիքներ էին, որոնք երաժշտությանը համահունչ՝ մեկ հանդարտ էին, մեկ ալեկոծ… Այդ ժամանակ դժվար որեւէ մեկի մտքով անցներ, որ կգա մի օր, երբ նման եղանակով բեմադրության ժամանակ էկրանին, լիբրետոյից ելնելով, կպատկերվի նաեւ բեմադրության սյուժեն։
«Առավոտի» հետ զրույցում Աննա Ամասը փոքրիկ ճշտում արեց՝ նշելով, որ «Երազը» ներկայացումն առաջին անգամ ցուցադրվել է Երեւանի ռուսական թատրոնում, 2012թ.՝ մոսկվաբնակ ավազային անիմատոր Արտյոմ Ներսեսի շնորհիվ։
Կարդացեք նաև
Հարցին՝ ձեզ մեր արվեստասեր հանրությունը ճանաչում է իբրեւ նկարչի, ինչպե՞ս պատահեց, որ անցում կատարեցիք դեպի ավազային անիմացիա, Աննա Ամասը պատասխանեց. «Երբ «Երազը» ընդգրկվեց մեր օպերային թատրոնի խաղացանկում, խնդիր առաջացավ, քանի որ հնարավոր չէր ամեն անգամ Արտյոմ Ներսեսի ներկայությունը ապահովել Երեւանում՝ նրա խիտ գրաֆիկի պատճառով։ Դրանից ելնելով՝ ստեղծագործության հեղինակն ու խորեոգրաֆը ինձ խորհուրդ տվեցին վարպետության դասեր վերցնել արվեստագետից։ Ես ընդամենը մեկ դասի հաճախեցի, քանի որ «Երազը» պետք է ներկայացվեր Մոսկվայում, ապա Սանկտ Պետերբուրգում։ Նշածս քաղաքներում ներկայացումը ցուցադրվեց մոսկվաբնակ մեր հայրենակից Սոնա Հովհաննիսյանի խորեոգրաֆիայով»։
Արվեստագետը հավելեց, որ իբրեւ ավազային անիմատոր, իր ստեղծագործական կյանքում մեծ դերակատարում ունի բալետի պրիմա պարուհի, խորեոգրաֆ Ժակլին Սարխոշյանը։ «Ժակլինը ամուսնու՝ Կարեն Մակինյանի հետ, Բեյրութում աշխատելու տարիներին ինձ հրավիրեցին ներկայացում ձեւավորելու. 2016թ. ձեւավորել եմ Պրոկոֆեւի «Մոխրոտը» բալետային ներկայացումը, 3 տարի անց, Թումանյանի ծննդյան 150-ամյակի առիթով էլ՝ «Մի կաթիլ մեղրը» պարային ներկայացումը, իսկ հետո «Մաուգլին», որտեղ արդեն հանդես եկա իբրեւ լազերային անիմատոր (Հայաստանում առաջինը Աննա Ամասն է հանդես եկել լազերային անիմատորի «դերում»)»։
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Խնկո-Ապոր անվան գրադարանում արվեստագետի ավազային ներկայացումներին. թումանյանական «Ձախորդ Փանոսը», «Կիկոսի մահը», «Սուտլիկ որսկանը»՝ Սուրեն Քոչարյանի եւ Միքայել Պողոսյանի ընթերցմամբ ուղեկցվել են «ավազային» լուծումներով։ Դրանց հաջորդել են Աննա Ամասի աշխատանքը հանրահայտ «Բուրատինոյի արկածները» ֆիլմի, «Շչելկունչիկ» բալետի երաժշտությունների ներքո եւ այլն։
Հետաքրքրությանը, թե շուրջ 5 տարի առաջ իր հիմնած «Ամաս Արտ ստուդիոն» համաճարակի պատճառով հավանաբար անցել է հեռավար ուսուցման, մեր զրուցակիցը պատասխանեց, որ դասերը նման եղանակով հնարավոր չէ անցկացնել, քանի որ սաները տանը չունեն ավազային անիմատորի համար անհրաժեշտ սեղան ու էկրան։ Իսկ հիմա, երբ դեռ չի երեւում «թագավարակի» վերջը, ինչո՞վ է հագեցնում իր ստեղծագործական քաղցը, արվեստագետը պատասխանեց. «Վերադարձել եմ գեղանկարչություն։ Հուսով եմ, որ այս ամենի ավարտից հետո հանդես կգամ իմ աշխատանքներով եւ հետո ցանկություն ունեմ իբրեւ ավազային անիմատոր հանդես գալ Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Նշեմ, որ նման համագործակցություն վաղուց կա Ռուսաստանում եւ Եվրոպայում։ Մինչ համաճարակը սկսել էի աշխատանքը շոու-բիզնեսի ներկայացուցիչներ Սոնա Ռուբինյանի եւ Անդրե Սիմոնյանի դուետի տեսահոլովակի վրա…»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.05.2020