Լրահոս
Օրվա լրահոսը

Կորսված երկու տարի եւ կոլապս՝ բարձրագույն կրթության ոլորտում

Մայիս 27,2020 12:30

Հանրային կյանքի ցանկացած ոլորտից իսպառ վերացել է բովանդակությունը, որեւէ ուղղությամբ մասնագիտական քննարկում, խոսույթ չկա։ Եթե իշխանափոխության առաջին ամիսներին նախկին իներցիայով որոշակի ոլորտային քննարկումներ ծավալվում էին, ապա հիմա պարզապես բովանդակություն չկա, բայց  չէ՞ որ համակարգային խնդիրներ կան, որոնց ժամանակին չկարգավորելը լրջագույն հետեւանքներ  կարող են առաջացնել ապագայի համար։

Այդպիսի իրավիճակ է ստեղծվել ինձ համար հարազատ կրթության ոլորտում, ուր կուտակված խնդիրները,  եթե անդառնալի հետեւանքներ չառաջացնեն, ապա հաստատ վերականգնելը շատ դժվար կլինի։ Աշխատանքի բերումով մի քանի անգամ, տարիների ընդմիջումով աշխատել եմ կրթության եւ գիտության կառավարման ոլորտում, հնարավորություն եմ ունեցել համակարգը՝ իր մարտահրավերներով ու խնդիրներով ուսումնասիրել թե ներսից, թե դրսից։

Իրավիճակը փորձեմ քննարկել ընդհանուր գծերով՝ առավել կոնկրետ խնդիրների վերհանումը թողնելով հաջորդ վերլուծություններին: Նախ՝ կրթության հետ քիչ թե շատ առնչություն ունեցող ցանկացած մասնագետ կվկայի, որ կրթությունը շարունակական գործընթաց է, այն ցնցումներ չի հանդուրժում։ Շտապողականությունը, հեղափոխական գործելաոճը կրթության համակարգի համար կործանարար է։ Աշխարհի լավագույն փորձը ցույց է տալիս, որ շահել են այն երկրների կրթական համակարգերը, որոնք ընտրել են էվոլյուցիոն ճանապարհը։ Ահա, սա է պատճառը, որ նախորդ բոլոր կառավարությունների ժամանակ կրթության ոլորտի կառավարիչներն անցած 27 տարիների ընթացքում նախընտրել են էվոլյուցիոն ճանապարհը։ Անշուշտ, համակարգում  եղել են կոնկրետ բարեփոխումների ներդրման շտապողականության դեպքեր, որոնք էլ անհետեւանք չեն անցել։ Շտապողականության ցայտուն օրինակներ են «բակալավրիատ-մագիստրատուրա» եւ «ավագ դպրոց» համակարգերի արագ  ներդրման գործընթացները, որոնց պատճառով  բովանդակության եւ որակի խնդիրներ  են առաջացել։ Ընդգծեմ, որ երկու համակարգերի ներդրման գործընթացը եթե համեմատելու լինենք քաղաքական զարգացումների  հետ՝ այն գրեթե հավասարազոր է սոցիալիստական քաղաքական կացութաձեւից  անցում դեպի ազատական քաղաքականության: Այսինքն, դրանք իսկապես լրջագույն, արմատական բարեփոխումներ են  հանրակրթության եւ բարձրագույն կրթության ոլորտներում, որոնց շնորհիվ ամբողջությամբ ձեւավորվել են նոր համակարգերի կառուցվածքները՝ միաժամանակ,  շտապողականության պատճառով՝ առաջացրել բովանդակային խնդիրներ: Անշուշտ, լավագույն տարբերակ կլիներ, եթե նոր համակարգերի ներդրման ժամանակ կառուցվածքի եւ բովանդակության փոփոխությունները սինխրոնիզացված արվեին, որպեսզի  նախկին իշխանությունները կառուցվածքի ձեւավորումից հետո չսկսեին բովանդակության բարեփոխումները: Սակայն ունենք այն, ինչ ունենք եւ այսօր, չնայած առկա որոշակի որակական բացթողումների,  ընդհանուր առմամբ, էվոլյուցիոն ճանապարհով հանրակրթության եւ բարձրագույն կրթության համակարգերն ամբողջությամբ ինտեգրվել են եվրոպական միասնական կրթական համակարգին (Բոլոնյան գործընթացի ինտեգրում, ավագ դպրոցի ներդրում):

Դեռեւս հիմնարար խնդիր է գիտության կարգավորումը, որը  բնորոշ է նախկին խորհրդային հզոր ֆինանսական միջոցներից սնուցվող հանրապետությունների գիտության կառավարմանը։ Ի դեպ, դեռեւս հետխորհրդային որեւէ պետության  չի հաջողվել ամբողջությամբ լուծել այս խնդիրը։  Ավելին՝ գիտության ոլորտում հեղափոխական արմատական ճանապարհով գնացած  Վրաստանն ու Ղազախստանը  նոր` առավել խորքային հիմնախնդիրներ են առաջացրել:

Հեղափոխական ճանապարհ են ընտրել նաեւ Հայաստանի գործող իշխանությունները, որոնք էլ դեռեւս 2018 թվականի մայիսին հայտարարել էին, թե հիմնովին փոփոխության են ենթարկելու այդ պահին Ազգային ժողովում գտնվող «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծը։ Քիչ չէին հայտարարություններն այն մասին, թե  իբր շատ կարճ ժամանակահատվածում հեղափոխական օրենք կունենանք։ Իմիջիայլոց, մասնագիտները կհավաստեն, որ ցանկացած օրենքի մշակում «կարճ ժամանակահատվածի»  աշխատանք չէ։ Այսօր արդեն փաստ է, որ 2 տարվա ընթացքում կրթության պետական կառավարիչները դոփում են տեղում ու օրենքի նախագիծը նույնիսկ կառավարության հավանությանը չի արժանացել։

Հիշեցնեմ, որ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախկին նախագծի մշակման գործընթացը սկսվել էր դեռեւս ԿԳ նախորդ երկու նախարարների պաշտոնավարությունների ժամանակ: Նախագիծը լուրջ փորձաքննությունների էր ենթարկվել միջազգային  լավագույն փորձագետների կողմից, որոնց հավաստմամբ՝ ընդունվելու դեպքում օրենքը որակական նոր հնարավորություններ էր բացելու բարձրագույն կրթության կառավարման եւ բովանդակության զարգացման համար։ Բոլոր ընթացակարգերով անցած եւ Ազգային ժողովի լիագումար նիստ հասած «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը իշխանափոխությունից հետո ետ էր կանչվել արդեն «հեղափոխական» իշխանությունների կողմից։

Մի կողմ թողնելով ընթացակարգային գործընթացները՝ նշեմ, որ բարձրագույն կրթության ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի նախագծի այս իշխանությունների կողմից արված «ամենահեղափոխական» փոփոխությունը տեխնիկական է՝ արհեստականորեն միավորել են «Բարձրագույն կրթության մասին» եւ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքների նախագծերը։ Կարգավորման գործիքակազմով արմատապես տարբեր բարձրագույն կրթությունն ու գիտությունը ներկայացվել է  մեկ՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով։ Որքանով էր այս երկու հզոր ոլորտների միավորումն արդյունավետ՝ մասնագիտական եւ հանրային շրջանակներում հնչած կարծիքների գերակշիռ մասն ակնհայտ միավորման կողմը չէ: Ավելին, շարունակաբար ձգձգվող այս գործընթացը կամ ավելի ճիշտ՝ գործընթացի բացակայությունը  նոր խնդիրներ է առաջացրել եւ անիմաստ կորցրած  երկու տարում բարձրագույն կրթության ոլորտը կանգնեցրել  կոլապսի առաջ։

Արդյոք հնարավո՞ր էր այս 2 տարվա ընթացքում բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտները կարգավորող օրենքների նախագծերը միավորել այնպես, որպեսզի նոր՝ գուցե ավելի լուրջ խնդիրներ չառաջանան։ Կասկածում եմ,  քանի որ  այս երկու ոլորտների  խնդիրները կարգավորելու համար  ընտրված առանձին օրենքների մշակման տարբերակը պատահական չէր։ Վերեւում արդեն ներկայացրեցի, որ բարձրագույն կրթության ոլորտը թեպետ բացթողումներով, սակայն այս տարիների ընթացքում ինտեգրվել է եվրոպական կրթական համակարգին, իսկ գիտության ոլորտը դեռեւս մնացել է վաղուց արդեն չգործարկվող խորհրդային մոդելի տակ։ Հետեւաբար, բարձրագույն կրթության եւ գիտության միավորումը մեկ օրենքի շրջանակում արհեստական է, արդյունքն էլ՝ ճահճացումը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Կրթության փորձագետ

«Առավոտ» օրաթերթ
26.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031