Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Փառնակ Շիշիկյանը մի հերոս զեյթունցի է, որը Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրավոր հայ որբեր վերադարձրեց սիրիական անապատի արաբական ընտանիքներից։ Նրա անունը հայտնի չէ հայերի մեծ մասին, ուստի արժե ուշադրությունը սևեռել նրա կյանքի ու բարի գործերի վրա։ Նա թաղված է Երևանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հովտաշատ գյուղում։
Կարդացեք նաև
Անցյալ ամիս Զարմիկ Սարգսյանը Երևանից իր ֆեյբուքյան էջում շատ հուզիչ հարգանքի տուրք էր մատուցել Փառնակ Շիշիկյանի հիշատակին՝ նրա շիրիմին այցելելուց հետո։ Նրա բացառիկ վաստակի մասին միակ հիշատակումը մի փոքրիկ գրքույկ է, որը 30 տարի առաջ հրատարակել է իր իսկ փրկած գերդաստանի շառավիղ Հակոբ Ճղլյանը։ Գիրքը դիպուկ վերնագրված էր՝ «Ստվերում մնացած կյանք»: Սարգսյանը փորձել է ստվերից դուրս բերել Շիշիկյանի կյանքը և նրան ներկայացնել լայն հասարակությանը։
1915-ի ապրիլի 10-ից մինչև մայիսի 18-ը Կիլիկիայի հերոսական քաղաք Զեյթունը դատարկվել էր։ Տղամարդկանց ստիպել էին միանալ օսմանյան թուրքական տխրահռչակ «բանվորական ջոկատներին»։ 14-ամյա Փառնակը Սիրիայի Դեյր Զորի ճամփին, անտեսելով օձերն ու կարիճներն իր շուրջը, օրեր անցկացրեց թուրք ասկյարի թրից ընկած մոր դիակին փարված։ Նրան փրկեց շամմառ ցեղի մի քոչվոր արաբ, որը դաշույնով փոս փորելուց և Փառնակի մոր մարմինը ավազին հանձնելուց հետո, տղային նստեցրեց ձիուն և տարավ իր տուն։
Երիտասարդ Փառնակը, որն արդեն գիտեր հայերեն, գերմաներեն և թուրքերեն, շուտով սովորեց նաև արաբերեն։ Գառներ և ուղտեր արածացնելուց բացի, Փառնակը, որին վերանվանեցին Էհմեդ էլ Ճեզզա, ցեղակիցներին սովորեցնում էր արաբերեն գրել։ Նա դարձավ բոլորի սիրելին շրջանում՝ իր աշխատասիրության, համեստության և լրջմտության շնորհիվ ։
Շուտով, ոչխարներն արածացնելիս, Փառնակն անապատում հանդիպեց տեղի արաբների կողմից որդեգրված բազմաթիվ հայ երեխաների։ Նա հիշեցրեց նրանց իրենց հայկական ծագման մասին և սկսեց գրառել նրանց անուններն ու բնակության վայրերը տետրում ։
1924 թվին 23-ամյա «Էհմեդին»՝ որպես վստահելի և գրագետ երիտասարդի, հանձնարարեցին Հալեպ հասցնել հարուստ արաբների գնած ոչխարի հոտը։ Հայտնվելով Հալեպում՝ նա զարմանքից քարացավ, երբ տեսավ խանութների հայկական ցուցանակներն ու հայերեն խոսող մարդկանց։ Տեղի հայերը նրան աշխատանք և մնալու տեղ առաջարկեցին, սակայն նա մերժեց՝ ասելով, որ շատ հարազատներ ունի անապատում և չի կարող լքել նրանց։ Այնուհետև հայ կոշկակարին ցույց տվեց իր տետրը, որտեղ այն բոլոր հայ մանուկների անուններն էին, որոնք անապատում ապրում էին արաբների ընտանիքներում։ Նա ինքն իրեն խոստացել էր հավաքել այդ հայ երեխաներին, օգնել ամուսնանալ իրար հետ և գտնել նրանց հարազատներին, եթե ողջ են։ Դա շատ բարդ խնդիր էր։ Երեխաների մեծ մասը, որոնք մի քանի տարի ապրել էին արաբների ընտանիքներում, չէին հիշում իրենց ծագման մասին և չգիտեին, որ դեռ գոյություն ունեին այլ հայեր։ Բայց Փառնակը հաստատկամ էր՝ չնայած խոչընդոտներին։
Կոշկակար Փանոսը, որն արաբների ու քրդերի մոտ ապաստանած հայ որբերին որոնող հանձնաժողովի նախագահն էր, ուղղակի ապշել էր։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում հանձնաժողովին դժվարությամբ հաջողվել էր գտնել ընդամենը մեկ-երկու հայ մանուկների, իսկ հիմա Փանոսի առջև դրված էր հայկական անուններով մի ամբողջ տետր։
Իր ցեղի մոտ վերադառնալուց հետո Փառնակը շարունակում էր հայ երեխաների ցուցակները իրար հետևից ուղարկել Հալեպ։ Որոնող հանձնաժողովը հետո գնալու էր անապատը, վճարելու էր հայ մանուկների համար և նրանց բերելու էր Հալեպ կամ Բեյրութ։
Ի վերջո, Սիրիայի կառավարությունը երկու գյուղ հատկացրեց հայերին անապատում ։ Փառնակն ամուսնացավ Վաթհա անունով մի հայ կնոջ հետ, որը հետո փոխեց իր անունը ու դարձավ Սիրանուշ։ Ի հարգանս իրենց արաբ ծնողների՝ նրանք համաձայնեցին, որ ամուսնության արարողությունը կատարվի մահմեդական շեյխի կողմից: Զույգը ծրագրեց հետագայում հայկական հարսանիք անել հայկական եկեղեցում։ Փառնակի չորս արաբ «եղբայրները» տխրեցին, որ նա թողնելու է իրենց և բնակվելու է հայկական նորաստեղծ Թել էլ Պրաք գյուղում։ Նրանք ընտանիքի ունեցվածքը բաժանեցին հինգ մասի։ Փառնակն իր հետ տարավ հարյուր ոչխար, հինգ ուղտ, մի հրացան և տան պիտույքներ։
Փառնակը հարյուրավոր արաբացած հայերի բերեց իրենց գյուղը, նրանց հայկական անուններ տվեց, կազմակերպեց նրանց ամուսնությունները։ Նա երիտասարդների հետ կազմակերպեց հայերի ոսկորների հավաքումը Դեյր Զորից, Ռաքքայից, Եփրատ ու Խաբուր գետերի շրջակայքից և Շեդդեդիեի եղերական քարանձավից, որտեղ ողջակիզել էին հայերին։ Փառնակը հիշատակի արարողություն կազմակերպեց ննջեցյալների հոգիների համար․․․
Անապատի երկու հայկական գյուղերը շուտով բարգավաճեցին: Նրանք ստեղծեցին մարզական միություն և փողային նվագախումբ: 1947-ին, երբ Փառնակը տեղեկացավ Խորհրդային Հայաստան վերադառնալու զանգվածային գաղթի մասին, ինքն էլ որոշեց վերադառնալ հայրենիք․․․ Նա թողեց իր ամբողջ ունեցվածքը, բացառությամբ մի բանի՝ իր արաբական ազնվացեղ ձիու, որն էլ Հայաստան ժամանելուն պես նվիրաբերեց ձիաբուծարանին։
Փառնակի ընտանիքը բնակություն հաստատեց Էջմիածնի մերձակայքում գտնվող Հովտաշատ գյուղում, որտեղ աշխատեց որպես հողագործ։ Նրա կինը՝ Սիրանուշը, ևս հինգ երեխա ունեցավ Հայաստանում։ Թեև Փառնակը հարյուրավոր հայ երեխաների էր վերադարձրել, նա միշտ տանջվում էր հարյուրավոր այլ երեխաների համար, որոնց չհաջողվեց գտնել, այդ թվում նաև իր կնոջ՝ Սիրանուշի քրոջը։
Հովտաշատի գերեզմանոցում կանգնած է Փառնակի մահարձանը՝ արաբական տարազով։ Այդ գյուղում 1956-ին Փառնակի կառուցած տունն այժմ թանգարանի է նման, որտեղ ցուցադրվում են նրա հագուստներն ու լուսանկարները: Զարմիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ հիշում է Փառնակի ծոռանը՝ Հակոբին, որը 1997-ի ապրիլի 17-ին ամուսնացել էր Լոս Անջելեսում՝ իր յոթ քույրերի ու եղբայրների ներկայությամբ։ Զարմանալի է՝ ժառանգներն այն մարդու, որն այդքան զոհաբերել էր հայերին փրկելու և հայրենիք տեղափոխելու համար, այժմ ապրում են Հայաստանից շատ հեռու՝ Լոս Անջելեսում․․․
Հայերը, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, պետք է այցելեն Հովտաշատ գյուղը և Փառնակի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելու այն մարդուն, որը հարյուրավոր հայ որբերի է փրկել ու վերադարձրել իրենց արմատներին․․․
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի