Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, Երեւանի ավագանու նիստից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց ավագանու անդամների հարցերին: Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանն ասաց, որ նամակ-դիմում է ստացել փաստաբանների պալատի անդամ Հովհաննես Վարդանյանից, որը վերաբերում է գիշերային ակումբներին: «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով նման օբյեկտները պետք է քաղաքային բնակավայրերից հեռու տեղակայվեն, քաղաքապետարանն էլ սահմանել է 100 մետր հեռավորության չափը: Բայց այնպես է ստացվել, որ տնտեսվարողները նման օբյեկտ են ստեղծում ամայի տարածքում, հետո այդ տարածքում շենքեր են կառուցվում, շինթույլտվություն են տալիս ու ստացվում է, որ բիզնեսին վնասում են, էլ չեն թողնում գիշերային ակումբն աշխատի:
Մանրիկյանն ասաց, որ իրեն նաեւ տնտեսվարող սուբյեկտներ են դիմել, որ պատրաստվում են գիշերային ակումբ կառուցել, բայց ոչ մի երաշխիք չկա, որ հետո չեն խոչընդոտի. «Օրինակ, կա կոնկրետ ներդրող, որը մոտ 3 մլն դոլարի ներդրում է անելու՝ Իսակովի պողոտայում գիշերային ակումբ կառուցելու համար, բայց մարդը մտավախություն ունի,ասում է՝ ռիսկը մեծ է, այնպես չլինի, որ հետո խնդիրների առաջ կանգնեմ: Ի՞նչ անենք, միգուցե կարգավորումներ բերենք»:
Փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն ասաց, որ խնդիրը միայն հեստապարերով զբաղվող ակումբներին չի վերաբերվում, սգո սրահներն էլ ունեն նույն խնդիրը. «Եթե զրոյից ամայի տարածքում նման բան են ստեղծում, պետք է ռիսկը հաշվի առնեն: Հենց հիմա մի հատ դեպք ունենք, որտեղ կա ռեստորան, 100 մետր այնկողմ կա սգո սրահ, հիմա առճակատման խնդիր է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ