Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն այսօր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին հարցրեց Օղակաձեւ այգու բարեկարգման մասին. «Խայտառակ վիճակ է այնտեղ, կիսակառույց: Անօթեւան մարդիկ են արդեն այնտեղ ապրում:
Էլ չեմ ասում, որ մեր լուսահոգի Ավետիք Իսահակյանն ավելի է գլուխը կախել ամոթից, որովհետեւ Կոմիտասի անվան երաժշտության տան հետեւում ինչ-որ կայանատեղիներ են ձեւավորվել, արտոնյալ մարդիկ են գալիս կանգնում այնտեղ՝ ՍԱՍ սուպերմարկետի հետեւի մասում: Դա պետք է կարգավորվի, այգին չպետք է դառնա կայանատեղի: Նաեւ ուզում եմ նշել խայտառակ սրճարանի մասին, որը գտնվում է պատկերասրահին կից՝ ցայտաղբյուրների կողքը: Շատ լավ գիտեմ դա ում է պատկանում: Նա խոսք էր տվել սեպտեմբերին վերացնել դա՝ պատկերասրահի մուտքի մոտ է»:
Մարությանը զարմացավ՝ սրճարա՞ն է, թե՞ ինչ-որ տաղավար: Խոսքը Պատմության թանգարանի մուտքի մոտ տեղակայված օբյեկտի մասին է: Իսպիրյանը արձագանքեց. «Ինչ որ է՝ կամարների տակ է հենց, շատ տգեղ է»: Մարությանը պատասխանեց. «Դա այն հայտնի տաղավարն է, ինչ քաղաքապետ եմ դարձել՝ այդ տաղավարի դեմ ենք պայքարում բոլորս: Ոնց որ հանգուցալուծման ենք մոտենում: Թունելում լույս է երեւում»:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանն ասաց, որ պատկերասրահի տարածքում մի քանի օբյեկտներ կան, պատկերասրահի հետ պայմանագիր են կնքել, հիմա իրավական գործընթացներ են տարվում, որ լուծումներ գտնեն:
Կարդացեք նաև
Իսպիրյանը նաեւ առաջարկեց, որ կառավարության հյուրատան այգին, որը գտնվում է Մաշտոցի պողոտայում՝ պոնչիկանոցի հարեւանությամբ, հանրության համար բացեն. «Մի պատ է, պատը քանդվի, 6000 քմ տարածք է, հրաշալի այգի, մաքուր օդ, կարելի է անունը դնել գրականության, գրքի այգի: Դա շատ մեծ նվեր կլինի մեր հանրությանը»: Մարությանն ասաց, որ եթե խոսքը Պետգույքի տիրույթում գտնվող տարածքի մասին է, իրենք պետք է այդ հարցին պատասխանեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ