Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գյումրու պատմական հատվածում՝ Շիրազի անվան փողոցում գտնվող «Ֆլորենս» ռեստորանի մոտ․ երիտասարդ մի վարորդ, որ եղել է «Porsche Cayenne» մակնիշի մեքենայի ղեկին՝ ջարդուփշուր անելով իր դիմաց գտնվող երեք մեքենաների, բարձրացել էր ռեստորանի աստիճաններով՝ հասնելով գլխավոր մուտքի մոտ ու գրեթե ներս խուժելով։ Ըստ ականատեսների, վնասվել էր նաև «Յանդեքս» տաքսու վարորդի գլուխը, որին շտապօգնության մեքենայով տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն։
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին փոխանցեց, որ իրենց մոտ քիչ առաջ երկու տղամարդու են տեղափոխել, հետազոտման փուլում պարզվել է, որ մեկի մոտ առկա է եղել ուսահոդի շրջանի սալջարդ, մյուսի մոտ՝ կրծքավանդակի աջ կեսի բութ վնասվածք, քերծվածքներ։ Նրանք հետազոտվել են, ստացել են ամբուլատոր բուժօգնություն և գնացել են տուն։
Նշենք, որ Գյումրու Շիրազի անվան փողոցը, որը վերանորոգվեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական կենտրոնը զբոսաշրջության գոտու վերածելու ծրագրի շրջանակներում, պաշտոնապես բացվեց անցած տարի։ Փողոցը, թեև ծառայեց իր նպատակին՝ դառնալով մեծ թվով զբոսաշրջիկների սիրելի վայրը, սակայն որևէ ծախս չարվեց այնտեղ լուսացույց տեղադրելու ու այդ նույն զբոսաշրջիկների ու անցորդների անվտանգությունն ապահովելու համար։
Կարդացեք նաև
Արդեն որերոդ դեպքն է՝ խոշոր ավտովթարներ են տեղի ունենում «Ֆլորենս» ռեստորանի դիմաց, մեքենաները գրեթե ռեստորան են ներխուժում ու թեև մարդկային զոհեր դեռ չկան, սակայն այն իրոք վտանգավոր է դառնում անցորդների համար։
Ոստիկանները, քննիչներն ու ԱԻՆ աշխատակիցները շրջափակել են այդ տարածքը։
Ըստ որոշ տեղեկությունների, «Porsche Cayenne» մակնիշի մեքենայի վարորդը, որը ջարդուփշուր էր արել իր դիմաց գտնվող մեքենաներին, Կոտայքի մարզից է։
Նունե ԱՐԵւՇԱՏՅԱՆ