ՀՀ արդարադատության նախարարությունն այսօր հանրային քննարկման է դրել «Հայաստանի հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի եւ հարակից օրենքների նախագիծը: Այս հանձնաժողովի մասին կառավարությունում սկսեցին խոսել մի քանի ամիս առաջ`դատաիրավական բարեփոխումների նախագծի քննարկումների ժամանակ:
Փորձագետները դեռ այն ժամանակ հանձնաժողովն անվանեցին արդարության կամ ճշմարտության հանձնաժողով: Դեռ այն ժամանակ արդեն հայտնի էր, որ հանձնաժողովը բավականին լայն լիազորություններով է օժտված լինելու: Հիմա սույն նախագծով հստակեցվում են թե հանձնաժողովի լիազորությունները, թե ձեւավորման եւ գործունեության կարգը, թե անդամների գործունեության շրջանակն ու լիազորությունները: Հանձնաժողովն ուսումնասիրելու է 1991-2018 թվականների ընթացքում ՀՀ-ում տեղի ունեցած՝ սույն օրենքի սահմաններում մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերը և դրանց պատճառները, դրանց վերաբերյալ տեղեկություններ է հավաքագրելու և դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով է հանդես գալու:
Ինչպես նաեւ նպաստելու-աջակցելու է «հասարակության սոցիալական վերափոխմանն ու սոցիալական արդարության վերականգնմանն ու հաշտեցմանը», նպաստելու է «խախտումներից և իրադարձություններից տուժած կամ դրանց բացասական հետևանքները այլ կերպ կրած (կրող) անձանց իրավունքների ճանաչմանը, վերականգնմանը և պաշտպանությանը»: Մասնավորաբար, ուսումնասիրվելու են նշված ժամանակահատվածում համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպումը և անցկացումը, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումները, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը, վերոնշյալ դեպքերի և իրադարձությունների հետ համակարգային առումով փոխկապակցված այլ դեպքեր և իրադարձություններ, որոնց Հանձնաժողովը անհրաժեշտ և հիմնավոր կհամարի անդրադառնալ:
Ուսումնասիրություններն իրականացվելու են մինչեւ 2018-ի ապրիլ ամիսը, այսինքն, մինչեւ թավշյա կոչվող հեղափոխությունը: Փաստահավաք հանձնաժողովն ինքնավար մարմին է, գործելու է Երեւանում: Ֆինանսավորվելու է պետբյուջեից: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել Հանձնաժողովի կամ նրա անդամի անկախությունը: Հանձնաժողովի կամ նրա անդամի՝ սույն օրենքից բխող գործունեությանը խոչընդոտելը կամ դրան որևէ միջամտությունը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Կարդացեք նաև
Նախագծով սահմանված հանձնաժողովի գործունեության կարգն այսպիսին է. «Հանձնաժողովը գործում է անձանց իրավունքների և արժանապատվության հարգման և պաշտպանության, անկախության, օբյեկտիվության և անկողմնակալության, քաղաքական չեզոքության, կոլեգիալության, ֆինանսական ինքնուրույնության, հանրային հաշվետվողականության և թափանցիկության, համագործակցության սկզբունքների հիման վրա»:
Հանձնաժողովը պարտավորություններ էլ է ունենալու` պարտավոր է հարգել անձանց իրավունքներն ու արժանապատվությունը եւ ենթադրյալ խախտումներ կատարած, իրադարձություններում որևէ կերպ ներգրավված, տուժած, վկայություն տվող, ինչպես նաև այլ անձինք չեն կարող ենթարկվել պատասխանատվության Հանձնաժողովին հայտնած տեղեկությունների համար, եթե նրանց արարքում առկա չեն վարչական իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ:
Նախագծով սահմանված Հանձնաժողովի գործունեությունն այսպիսինն է. «Իր գործունեության ընթացքում բոլոր ուսումնասիրությունները պետք է իրականացնի և դրա շրջանակում բոլոր փաստաթղթերը, նյութերը, տվյալները, վկայությունները և դրանցով հաստատվող կամ հերքվող փաստական հանգամանքները պետք է քննի, ուսումնասիրի, հետազոտի օբյեկտիվորեն և անկողմնակալ ձևով՝ առանց որևէ փաստի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի»: Ի դեպ, Հանձնաժողովին հայտնի դարձած որևէ փաստ նախապես հաստատված փաստի ուժ չունի:
Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս պահպանում է քաղաքական չեզոքություն, իսկ որոշումներն ընդունվում են կոլեգիալ կարգով:
Հանձնաժողովի ուսումնասիրության վերջնական արդյունքները տեղադրվելու են պաշտոնական կայքէջում, զեկույցները ներկայացվելու են կառավարությանն ու խորհրդարանին:
Հանձնաժողովը կազմված է լինելու 9 անդամից: Հանձնաժողովի անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Ազգային ժողովը՝ հանձնաժողովի գործունեության ժամկետով: Հանձնաժողովն իր կազմից Հանձնաժողովի գործունեության ժամկետով ընտրում է Հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովի անդամների ընտրության համար կառավարության, բարձրագույն դատական խորհրդի և մարդու իրավունքների պաշտպանի կողմից Հանձնաժողովի անդամի մեկական թեկնածու է ներկայացվում Ազգային ժողովին։ Հանձնաժողովի մնացած 6 անդամներին առաջադրում են Ազգային ժողովի խմբակցությունները՝ յուրաքանչյուր խմբակցություն՝ 2-ական թեկնածու: Խմբակցության առաջադրած թեկնածուներից մեկը պետք է լինի այն հասարակական կազմակերպությունների առաջադրած թեկնածուների ցանկից, որոնց կանոնադրական նպատակներից է մարդու իրավունքների պաշտպանությունը, Հանձնաժողովի իրավասության ոլորտներում գործունեությունը և որոնք վերջին հինգ տարիներին իրականացնում են նման գործունեություն։ Խմբակցության առաջադրած թեկնածուներից մեկը պետք է լինի արական, մյուսը՝ իգական սեռի: Հանձնաժողովի կազմավորման նման կարգի ընտրությունն, ի դեպ, քննադատության էր ենթարկվել Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի կողմից:
Հանձնաժողովի կազմավորումը եւ գործունեությունը նախատեսված է 2021-ի սկզբից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ