Լրահոս
Օրվա լրահոսը

Մարությանը՝ Օպերայի հարակից տարածքները, զավթած այգիները վերցնելու, Ազատության հրապարակի բատուտներն ու հեծանիվները հանելու մասին

Մայիս 26,2020 21:30

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու նիստում պատասխանում է Երեւանի ավագանու անդամների հարցերին:

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արման Անտոնյանը առաջարկեց շաբաթ-կիրակիները հետիոտներին տրամադրել այս կամ այն փողոցը. «Այդ փողոցը կարող է լինել Աբովյանը, այդ մշակույթը կիրառելով՝ մեր քաղաքացիների մոտ սեր կառաջացնենք դեպի իրենց մայրաքաղաքը: Փողոցն իրենց նվիրելով՝ իրենց կտանք նաեւ որոշ չափով ազատություն»:

Նա նաեւ հարցրեց հանրային այգիների մասին, ըստ նրա, հանրային տարածքները ապօրինաբար զավթել են ու պետք է այդ տարածքները նորից վերադարձնեն բնակիչներին, Նոր նորքում, Արաբկիրում այդ գործընթացը սկսվել է. «Ազատության հրապարակին հարակից այգու եւ առհասարակ հրապարակի տեսքի մասին եմ ուզում հարցնել: Անցյալ տարի ազատագրեցինք այգու առաջին հատվածը, ե՞րբ է նախատեսվում ամբողջական՝ Օպերայի հրապարակից ամբողջական ազատագրումը եւ Ազատության հրապարակի էսթետիկ տեսքի վերադարձը: Վերջերս ավելացել են, ի հայտ են եկել փչովի բատուտները, վարձակալությամբ տրվող հեծանիվները, մեքենաները: Նա ասաց, որ Ազատության հրապարակը հեծանիվ վարելու համար վտանգավոր է ու շատ բողոքներ է ստանում՝ տարբեր վթարների, վնասվածքներ ստանալու դեպքերի հետ կապված»:

Հայկ Մարությանը պատասխանեց, որ հանձնարարականներ է տվել գլխավոր ճարտարապետին: Ազատության հրապարակի բարեկարգման նախագծով հարակից մայթերը՝ Մաշտոցի եւ Սայաթ-Նովայի համար առանձին մրցույթ են հայտարարել՝ ճաղավանդակների վերանորոգում, եզրաքարեր եւ այլն, էսքիզային տարբերակը համաձայնեցված է, իսկ բուն Կարապի լճի, Օպերայի տարածքի համար խրախուսանք էր հայտարարված լավ նախագծողի համար, բայց այդպես էլ մասնակից չեն ունեցել, քանի որ 3 մլն են առաջարկել, ինչը քիչ է: Մարությանն ասաց. «Մարդ չգիտի ինչ անի, ես մտածում էի՝ անգամ անվճար մարդիկ կուզենային անել, որովհետեւ սա պատմական հնարավորություն է՝ հետք թողնել քաղաքի սրտում, քո դիզայնով, քո մոտեցմամբ ինչ-որ բան ունենալ»:

Մարությանին ասացին, որ ճարտարապետները քաղաքապետարանի առաջարկած 3 մլն-ը համեմատել են «Այո»-ի քարոզարշավի լոգոյի հետ, հա՛մ մի հատ լոգո ստեղծելու համար էին 3 մլն տալիս, հա՛մ այս մեծ ծավալի աշխատանքի համար: Մարությանը կատակեց. «Է թող էնտեղ մասնակցեին: Այնտեղինն էլ պրծավ, չկա, է միշտ չի լինելու»:

Ինչ վերաբերում է Ազատության հրապարակը բատուտներից ու վարձակալած տարբեր խառնիճաղանջ «կետերից» ազատելուն՝ քաղաքապետն ասաց. «Այդտեղ ԾԻԳ-ի հետ համատեղ պետք է ինձ տեղեկանք տան, որից հետո մենք գործողություն կսկսենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031