Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրու պատմական հատվածում գտնվող «Ֆլորենս» ռեստորանի մոտ․ «Porsche Cayenne» մակնիշի մեքենան, որի ղեկին, ըստ ականատեսների, երիտասարդ տղա է եղել՝ ջարդուփշուր անելով իր դիմաց գտնվող երեք մեքենաների, որի պատճառով վնասվել է նաև «Յանդեքս» տաքսու վարորդի գլուխը, բարձրացել է ռեստորանի աստիճաններով՝ հասնելով մուտքի մոտ ու գրեթե ներս խուժելով։ Շիրազի անվան փողոցի հենց այդ հատվածում է ռեստորանի գլխավոր մուտքը։
Բարեբախտաբար, մարդկային զոհեր չկան, այդ պահին ռեստորանի մուտքի մոտ մարդ կանգնած չի եղել, սակայն նշենք, որ քաղաքի այդ կարևոր հատվածում հաճախակի են նման ավտովթարները, պատճառն այն է, որ չկա լուսացույց։
Ռեստորանն արդեն գործում է մեկ տարի, սակայն արդեն որերորդ դեպքն է՝ մեքենաները հասնում են ռեստորանի մուտքի մոտ՝ ջարդուփշուր անելով գույքը, անցորդների համար էլ մեծ սպառնալիք դառնալով։ Հիշեցնենք՝ քաղաքի այս հատվածը զբոսաշրջության գոտի է, գոնե այս փաստը պիտի հարկադրեր ոստիկանությանը պատամական փողոցում լուսացույց տեղադրել։
Կարդացեք նաև
Այս պահին ոստիկանները ու ԱԻՆ աշխատակիցները շրջափակել են տարածքը, «Յանդեքս» տաքսու վարորդին, որի գլխից արյուն է հոսել, տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։ Ըստ ականատեսների, նա կորցրել էր հիշողությունը, շտապօգնության աշխատակիցների հարցերին չէր կարողանում պատասխանել, նույնիսկ չէր հիշում՝ մեքենան իր սեփականն է, թե ոչ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ