Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու նիստում պատասխանում է Երեւանի ավագանու անդամների հարցերին:
«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Աննա Ջավախյանը հարցրեց՝ այս տարվանից ունեինք մանկապարտեզներ, որոնք վերանորոգման են կանգնում, ամբողջությամբ փակվում են: Այս պահին թիվ 21-ը համավարակից հետո ծնողներին տեղյակ է պահել, որ ձեր մանկապարտեզն այլեւս չի աշխատելու, չգիտենք ինչքան կտեւի վերանորոգումը: Այդ մարդիկ կանգնել են փաստի առջեւ, որովհետեւ աշխատող ծնողներին որեւէ լուծում չի առաջարկվել: Ուզում եմ հասկանալ՝ ինչ մեթոդաբանություն է մշակվել, գնալով շատանալու են մանկապարտեզները, որոնք վերանորոգման առջեւ են, որտե՞ղ են տեղավորվելու երեխաները, ո՞ւր պետք է դիմեն, ինչ պետք է անեն, շիլաշփոթ չլինի:
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը պատասխանեց, որ կա երկու ճանապարհ՝ կա՛մ վերանորոգել մանկապարտեզները, կա՛մ չվերանորոգել: Մարությանը հարցրեց՝ հիմա մենք ո՞ր մեկն ենք ընտրել՝ նա պատասխանեց, որ ընտրել են վերանորոգման տարբերակը, բայց այսօր կա 6-7 հազար սպասող երեխա ու բնականաբար մանկապարտեզներում տեղ չկա, որ հազար երեխայի տեղավորեն: Եթե պիտի երեխաներին տեղավորեն, ուրեմն պիտի վերանորոգում չանեն. «Բնականաբար, այդ երեխաները մանկապարտեզ հաճախելու հնարավորություն պետք է չունենան, եթե վերանորոգում անենք: Դուք բնականաբար չեք համաձայնի, եթե մի խմբում 30-ից ավելի երեխաներ լինեն, իրավազորության հարցը հետագայում քննարկելի է: Այս հարցը փակուղում է, այո, եթե վերանորոգում ենք անում, եթե ուզում են իրենց փոքրիկ եղբայրները, քույրերը ավելի լավ մանկապարտեզ գնան, պետք է իրենք չգնան: Հակառակ դեպքում Երեւանում որեւէ մանկապարտեզ չենք կարող վերանորոգել, նույնիսկ ՄԱԿ-ի ծրագրով»: Ջավախյանը պատասխանեց, որ լինելով օրենքի մարդ՝ չի կարող համաձայնել, որ որեւէ օրենք խախտվի՝ մանավանդ, որ այդ օրենքը չի բխում երեխայի շահերից: Եթե ցանկացած մանկավարժի հարցնեն՝ պատրա՞ստ ես եւս 10 երեխայի բերեն ձեր խումբ, անհնար է համաձայնի, դա կնշանակի, որ երեխաների մի մասը կմատնվի անուշադրության:
Նա ասաց, որ Երեւանի քաղաքապետարանն ունի տարածքներ, որտեղ կարելի էր տեղափոխել այդ երեխաներին, Մարությանը չհամաձայնեց՝ ասելով, որ նախ այդ տարածքները պետք է նորից նորոգեին, հարմարեցնեին: Ջավախյանն ասաց, որ կենտրոն վարչական տարածքում է միայն, որ երեխաների խմբասենյակն ու քնելու սենյակը նույնն է, կենտրոնից դուրս տարբեր սենյակներ ունի խումբը ու ժամանակավորապես քնասենյակն ու խաղասենյակը կարող է նույնը դառնալ, դա եւս խախտում է, բայց երեխայի կյանքի համար վտանգ չի առաջացնի:
Կարդացեք նաև
Փոխքաղաքապետն էլ հավելեց, որ տարիներով չարած հիմնանորոգումը բերել է մի խնդրի առաջ, որ բազմաթիվ մանկապարտեզների արդեն հիմնանորոգումն էլ չի փրկի. «Մանկապարտեզները քանդման եւ նոր մանկապարտեզներ սարքելու առջեւ են: Եթե մենք Շենգավիթում վերանորոգման աշխատանքներ անենք, Դավիթաշենում կամ Էրեբունիում նույնիսկ, եթե ազատ տեղ ունենանք, ոչինչ չի փոխելու»:
Ջավախյանը հետաքրքրվեց՝ Պետգույքը տարածքներ չունի՞: Վիրաբյանը պատասխանեց, որ ցանկացած տիպային տարածք այնպես չի, որ հարմարեցված է՝ որպես մանկապարտեզ, սանհանգույց է, խոհանոց է, պետք ու հազար ու մի պայման: Իսկ Հայկ Մարությանն ասաց. «Պետգույքը ինչքան լավ շենք կա՝ հանել է վաճառքի, ասեմ՝ իմանաք, մեզ ոչ մեկը դա չի տալու մանկապարտեզի համար»: Ըստ Հայկ Մարությանի, ընտանիքում էլ է այդպես, եթե վերանորոգում է, ծնողները, երեխաները մի ձեւ մի սենյակում ապրում են, իրենց նեղություն են տալիս, մինչեւ հարցը լուծվի: Եթե տեսչական մարմինները չեն պատրաստվում խախտումների վրա աչք փակել, ուրեմն պետք է մանկապարտեզները փակել, վերանորոգել, նորից բացել: Քաղաքապետի խոսքով՝ իրենք պատրաստ են երկու տարբերակին էլ. «Համաձայն չենք չվերանորոգելուն, դա աբսուրդ է, այդ շենքերը կքանդվեն: Համաձայն ենք, որ մարդկանց ասենք՝ գիտեք ինչ կա, մի բերեք երեխաներին մի որոշ ժամանակ, ե՛ւ համաձայն ենք մյուս տարբերակին, որ նեղության մեջ մի կերպ յոլա գնանք, դիմանանք, մինչեւ հետ գանք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ